A+ A A-

Ցանցի մարդիկ. Արթուր Պապյան

Արթուր ՊապյանՎաղուց է,  ինչ  ցանցն ու Արթուր Պապյանը գտել են իրար: Արթուրն էլ ցանցում դարձավ Դիտորդ ու սկսեց դիտել , թե ի՞նչ է կատարվում ցանցում, հաճախ մասնակցել, երբեմն էլ` փոխել այն: Ցանցում չկա մի տեղ, որտեղ չհանդիպես Արթուրին:  Ուստի իմ բլոգի «Ցանցի մարդիկ» խորագրի հյուրը չէր կարող չլիներ Արթուրը: Արթուրը վարում է բլոգ նաև Ազատություն ռադիոկայանի օնլայն տարբերակի խմբագիրն է: 
Ցանցում հյուրընկալել ենք ցանցառ Դիտորդին, նույն իրեն` Արթուր Պապյանին

Երբ հարցը գնում է ցանցառների, ցանցի մարդկանց, ինտերնետ բնակիչների մասին...բոլորը քեզ են հիշում: Որտե՞ղ է հեշտ ապրելը` ցանցում, թե՞ ցանցից դուրս:

Արթուր Պապյան. Հենց չափահաս դարձա՝ 16 տարեկան, հայտնվեցի ցանցում։ Փոխանակման ծրագրով 1 տարի ԱՄՆ-ում էի ապրում՝ Կալիֆորնիա նահանգում։ Դպրոցում IBM OS/2-ի վրա աշխատում էր Mosaic զարմանահրաշ բրաուզերը, բացում էր Yahoo!-ն, իսկ տանը՝ ֆլոպի դիսկով ու ֆաքս մոդեմով, միանում էի AOL-ին ու տանջալիորեն երկար սպասում, մինչեւ կբացվի Alta Vista որոնողական համակարգը, որ մեջը դողացող մատներով տպեմ Armenia ու շունչս պահած սպասեմ՝ տեսնես ի՞նչ կբերի։ Հետո հերթով փորձում էի՝ Gyumri, Yerevan, Mount Ararat․․․ հենց այդ հերթականությամբ։ Ցանցում ապրում եմ ու ցանցից դուրս կյանքս  չեմ պատկերացնում։ 

Երբ և ինչպես եղավ , երբ Արթուրը որոշեց լինել Դիտորդ ու հետևել, թե ի՞նչ է կատարվում ցանցում:

Արթուր Պապյան. Ցանցում տարբեր անուններ ունեմ՝ Port139, Angry Root, ObserverԱրթուր Պապյան (թարգմանաբար՝ Դիտորդ): Երկար ժամանակ այստեղ-այնտեղ էջեր էի սարքում, որոնցում գրում էի տեխնիկական նորություններ, Javascript-ով ու Perl-ով փոքրիկ ծրագրեր էի տեղադրում, FreeBSD օպերացիոն համակարգի ու Pocket PC հեռախոսային համակարգի մասին ինչ-որ բաներ էի խզբզում, ու դրանք ցույց էի տալիս ընկերներիս։ Բոլորն ասում էին՝ «յանիմ ի՞նչ, պարապ ե՞ս մնացել»․․․

Մի օր էլ՝ երեւի 2004 թիվն էր, հայտնաբերեցի Blogrel.com անգլալեզու հայկական բլոգը։ Շատ լավն էր։ Ու լիքը կարդացող ու մեկնաբանող ուներ։ Ադմիններից մեկին գրեցի, ասացի՝ «ուզում եմ գրել»։ Կարծեմ Մեթ էր անունը, անգլիացի էր, ով Հայաստանում էր ապրել ինչ-որ ժամանակ, հետո որոշել էր Հայաստանի մասին բլոգ գրել ու ստացվել էր Blogrel։ Պատասխանեց, ասաց՝ «անգլերեն կգրե՞ս»։ - «Էն էլ ոնց»՝ պատասխանեցի։ Որոշվեց, որ պիտի բլոգում գրանցվեմ։ Այդ տարիներին շուտ-շուտ Լոնդոն էի գնում ու լիքը որակյալ, «խշխշան» անգլիական թերթեր էի բերում, դրանցից մեկն էլ, որ ինձ շատ էր դուր գալիս՝ Observer-ն էր։ Այդ օրերին, ի դեպ, հայկական թերթերի մոնիթորինգով էի զբաղվում։ Ու, մի տեսակ, ամեն ինչ ընկավ իր տեղը. Ես` հայկական թերթերի դիտորդս, որոշեցի, որ բլոգային անունս պիտի լինի ` Observer։

Դու առաջիններից էիր, որ բլոգ բացեցիր ու սկսեցիր գրել: Հաճա՞խ էին քեզ դիմում, գուցե այժմ էլ քեզ դիմում են ինչպե՞ս բացել բլոգ, որտե՞ղ բացել, ի՞նչ անուն ընտրել ու ,ամենակարևորը,  ինչպե՞ս գրել բլոգում: 

Արթուր Պապյան. Անձնական բլոգս՝ ditord.com-ը, բացեցի Ինտերնյուս մամուլի աջակցության կազմակերպության «մեղքով»։ Ինտերնյուսի մի ծրագրում էի աշխատում, որի շրջանակներում պետք է լրատվամիջոցներին խրախուսեինք, որ ավելի շատ ուշադրություն դարձնեն բլոգներին։ Որոշեցի, հենց այդ նպատակով, բացել հայերեն-անգլերեն բլոգ՝ Հայկական բլոգների լրաքաղ։ Հարմար էր, երբ Ինտերնյուսի սեմինարների շրջանակներում լրագրողներին պատմում էի հայկական բլոգոսֆերայի մասին, հետո էլ ասում էի՝ կմտնեք Դիտորդ բլոգը, որտեղ առավել հետաքրքիր բլոգ-պոստերի լրաքաղ կա։ Հետո, մի տեսակ, ես Դիտորդ բլոգին սովորեցի, ինքը ինձ ու իրար հետ ապրում ենք։ 
Ինտերնյուս, հետո նաեւ IWPR կազմակերպությունների հետ աշխատելու ընթացքում, երբ տարբեր մարդկանց պատմում էի սոցիալական ցանցերում ու բլոգոսֆերայում իմ ունեցած փորձի մասին, աշխատանքը հեշտացնելու նպատակով ստեղծում էի տարբեր կրթական նյութեր՝ ինչպես բլոգ բացել, ինչպես գրել ինտերնետի համար, օնլայն լուսանկարչություն եւ պարզ վիդեոխմբագրում։ Այդպես, անկախ ինձանից, սկսեցին ինձ դիմել իբրեւ բլոգային փորձագետի։ Անկեղծ ասած՝ զզվում եմ այդ բառից, բայց թե՝ ճար չկա․ մեկին, երկուսին, երեքին բացատրում եմ, որ ես պարզապես ապրում եմ ինտերնետում ու ոչ մի փորձագետ չեմ, բայց բոլորին չես բացատրի․․․ հա, ինչ էի ասում՝ իսկ իմ ստեղծած այդ տարբեր կրթական նյութերն էլ բոլորը ազատ տեղադրված են ինտերնետում, եւ շատ ուրախանում եմ, երբ իմանում եմ, որ ինչ-որ մեկին օգտակար են եղել։
 
Արթուր Պապյանին կարող ես հետևել`
http://www.slideshare.net/angryroot- անպայման անցիր այս հղմամբ: 
Բլոգ` Դիտորդ
 
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries