Հարցազրույց դիզայներ Մանչի հետ
- Մանրամասն

Ե՞րբ է Մանչը հասկացել, որ ցանկանում է դիզայներ դառնալ:
(Ժպտում է): Շատ բարդ հարց է: Որքան հիշում եմ ինձ, նկարել եմ: Երբ առաջին անգամ CNN հեռուստաալիքով վաղ առավոտյան դիտեցի Օսկար մրցանակաբաշխության կարմիր գորգը, միանշանակ հասկացա, որ պետք է ստեղծեմ հագուստ: Ավելի լուրջ այս գործով սկսել եմ զբաղվել 2009 թվականից:
Արդյոք երիտասարդ հայ դիզայներին դժվար չէ՞ բախվել հայկական կարծրատիպերին:
Իրոք շատ դժվար է հայ դիզայներին արտահայտել իրեն որպես կերպար: Վստահեցնում եմ, որ շատ եմ կոտրվել, հիասթափվել, բայց երբ տեսնում եմ, թե ինչպես են հաճախորդուհիները ժպտալով բարևում ինձ ու հիացմունքով կրում իմ իսկ ձեռքերով պատրաստած հագուստը, հավատացեք` դա անբացատրելի զգացում է:

Ո՞վ է ոգեշնչում Մանչ դիզայներին:
Ոգեշնչվելն ամենահիասքանչ զգացումներից է, երբ շունչդ կտրելով բարձր երաժշտության ներքո փորձում եմ միտքս թղթին հանձնել: Երբ նկարում եմ, հավատացեք, ինձ այլևս բան պետք չէ, պարզապես թուղթ ու գրիչ:


Արդյո՞ք ամեն ոք կարող է քեզ մոտ հագուստ պատվիրել:
Միանշանակ կարող է: Ես համագործակցում եմ բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց հետ` անկախ սեռից և կողմնորոշումից, բայց ցավոք ժամանակս սուղ է, պատվերները 2-3 շաբաթ առաջ պետք է անել, քանի որ իրոք ֆիզիկապես չեմ կարողանում հասցնել, չնայած աշխատում եմ օգնականների հետ:

Ովքե՞ ր են նորաձևության աշխարհում իդեալ հանդիսանում քեզ համար:
Իդեալներ, հավատացեք, չունեմ, բայց կան մարդիկ, ում աշխատանքն ինձ պարզապես ցնցում է: Օրինակ թե ինչպես է իտալացի մի կին կառավարում եղբոր ստեղծած նորաձևության կայսրությունը կամ Աննա Վինտուրի հեղափոխությունը ամսագրերի ոլորտում:
Ո՞րն է քո ամենասիրած բրենդը:
Սիրված բրենդ գրեթե չունեմ, բայց արտասահմանում լինելիս չեմ կարող անտարբեր անցնել John Galliano-ի և Tom Ford-ի կողքով:
Ու՞մ համար կուզեիր հագուստ մոդելավորել:
Եթե այս հարցն ինձ տված լիենիր վաղ անցյալում, ես կնշեի Դեմի Մուր, Շեր, Դիտա ֆոն Տիզ և այլն, բայց հիմա շատ կցանկանամ, որ իմ մայրը կրի իմ հագուստը, քանի որ ինչպես իմ, այնպես էլ բոլոր տղամարդկանց համար մայրը կնոջ իդեալն է:

Ու՞մ կդասեիր հայկական իրականության մեջ ամենանորաձևների շարքում:
Հայ աստղերը մի փոքր առանձնանում են իրենց կերպարներով մյուս երկրների շոուբիզնեսի ներկայացուցիչներից, բայց կարծում եմ, որ շատ գեղեցիկ են հագնվում IQ ամսագրի գլխավոր խմբագիր Լյուսի Ավագյանը, Հ1-ի հաղորդավարուհի Կարինա Դանիելյանը և այլոք:
Հույս կա՞, որ Երևանը երբևէ կվերածվի նորաձևության քաղաքի: Ի՞նչ կարծիքի ես երևանյան փողոցային նորաձևության մասին:
Մեր փողոցներում ամեն ինչ միատեսակ արագ լցվում և վերջանում է, կարծում եմ պատճառը ֆինանսական խնդիրն է, բայց կան շատ-շատերը, ովքեր իդեալական համադրում են հագուստը:

Ի՞նչ կդառնար Մանչը, եթե չընտրեր դիզայների մասնագիտությունը:
Եթե չլինեի դիզայներ, վստահաբար կլինեի make-up artist, քանի որ շատ եմ սիրում և նաև սիրողական զբաղվում եմ այդ գործով:
Ի՞նչ պլաններ ունես ապագայի համար:
Պլաններ շատ ունեմ և ակտիվորեն զբաղվում եմ դրանց իրագործմամբ: Նպատակ ունեմ MANCH ապրանքանիշն արտահանել արտասահման:
Ինչո՞վ է հպարտ Մանչը:
Հպարտ եմ, որ ունեմ հայ ընտանիք, շատ լավ ընկերներ և սիրված աշխատանք: