A+ A A-

Միայնակ փողոցային լապտերը

Միայնակ փողոցային լապտերըԼսե՞լ եք պատմությունը հին
փողոցային լապտերի մասին: 
Չէի՞ ասի, որ այն շատ հետաքրքիր է,
բայց մի անգամ լսելը չի խանգարի: 

Հանս Քրիստիան Անդերսեն

Հին Լապտերը ուշադիր նայում էր դիմացի շենքի առաջին հարկի լուսամուտներից մեկին: Մի ծերունի արդեն մի քանի ժամ խորացած ինչ-որ բան էր գրում տետրի մեջ` առանց գլուխը բարձրացնելու ու շեղվելու: Ընդ որում` այս նույն տեսարանը Լապտերը տեսնում էր վերջին մի քանի ամիսների ընթացքում: Հետաքրքիր կլինի իմանալ` ինչ է գրում, մտածեց նա: Պետք է որ շատ հետաքրքիր լինի, եթե այսքան ժամանակ միայն սրանով է զբաղված:

Մթնեց: Լապտերը միացավ. ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ,  ինչ-որ կոճակ սեղմեց. նա միացավ` քաղաքի հազարավոր այլ լապտերների հետ միաժամանակ: Հին Լապտերը հառաչեց, հիշեց (թե՞ հիշողությունն արդեն այն չէր)` ինչպես շատ տարիներ առաջ, երբ մթնում էր, մի մարդ էր գալիս ու ձեռքով միացնում բոլոր լապտերներին: Այդ ժամանակ Լապտերն իրեն մարդ էր զգում, որից շատ հպարտ էր:Բայց դրանից հետո շատ բան էր փոխվել: Հիմա նա ընդամենը էլեկտրական լապտեր էր, որին ոչ ոք քնքշությամբ ու հոգատարությամբ լույս չի պարգևի, որ նա էլ,  այդ լույսը վերադարձնի անցորդներին: Նախկին տաք ու կենդանի կրակի փոխարեն Լապտերի մեջ էլեկտրական լամպ էր դրած: Փողոցն էլ այն չէր` կեղտոտ ու ամայի: Բացի այդ, բոլոր հին ծանոթ ու բարեկամ լապտերների փոխարեն նրան շրջապատում էին ինչ-որ ինքնասեր մոդայիկ լապտերներ, որոնց հետ նա ոչ էլ շփվում էր: Մնում էր միայն նայել մարդկանց:

 

 

Եկավ գիշերը: Գրող պապիկը լուսամուտի մեջ արդեն չէր երևում: Անցավ երիտասարդների խումբ, նրանցից հետո մի անտուն թափառական ճոճվելով ընկավ Լապտերի կողքը` սկսեց խռմփացնել: Նրանից ահավոր սպիրտի հոտ էր գալիս: Այսքան տարիների ընթացքում Լապտերը այդպես էլ չհասկացավ ինչու են մարդիկ այդքան շատ խմում: Մարդկանց ընդհանրապես դժվար է հասկանալ:

Նայեց շենքին: Վերևի հարկերից մեկում երկու հոգի` կին ու տղամարդ, (հավանաբար ամուսիններՄիայնակ փողոցային լապտերը էին) վիճում էին: Լսվում էին տղամարդու հայհոյանքները: Մի քանի րոպե հետո կինը լաց լինելով հեռացավ և  տղամարդը մնաց մենակ: «Նրանք անուղղելի ենե, - մտածեց Լապտերը, որը արդեն որերորդ անգամ էր այս տեսարանի վկան լինում:

Անցավ որոշ ժամանակ, ոչ մի բան չփոխվեց. հարբած մարդիկ գալիս էին ու գնում, ծերունին գրում էր, կինն ու տղամարդը` վիճում: Եվ վերջապես եկավ այդ օրը: Լապտերը արդեն վաղուց զգում էր, որ շուտով տեղի կունենա մի իսկապես կարևոր իրադարձություն:

Արևը նոր էր կորել հորիզոնի հետևում, և Լապտերը մի քանի րոպե արդեն լուսավորում էր փողոցը: Հանկարծ ինչ-որ ծիծաղ լսվեց: Աստիճանաբար աղմուկը սկսեց մոտենալ: Շուտով Լապտերը հասկացավ, որ ինչ-որ երիտասարդ զույգ է մոտենում: Այո', այդպես էլ կար` աղջիկն ու տղան ձեռք ձեռքի բռնած ուրախ քայլում էին փողոցով: Հասնելով Լապտերին` տղան խնդրեց, որ կանգնեն: Աղջիկը ժպտալով հենվեց Լապտերի սյունին: Լապտերը մի պահ շփոթվեց, բայց որոշեց չխանգարել: Տղան փակեց աղջկա աչքերը, ապա գրպանից հանեց մատանին և քնքշությամբ դրեց այն աղջկա մատին: Երբ սիրահարվածները գրկախառնվեցին ու համբուրվեցին, Լապտերը ուզում էր ուրախությունից պոկվել տեղից ու վազել: Սա իսկապես անմոռանալի էր:

Բացի այդ, Լապտերը դարձավ նրանց խորհրդանիշը. համարյա ամեն օր գալիս էին նրանք Լապտերի մոտ: Մի օր էլ եկան երեքով` փոքրիկի հետ: Լապտերը նայում էր ու ժպտում: Այդքա՜ն երջանիկ նա դեռ չէր եղել…

Մի օր Լապտերը նայեց դիմացի լուսամուտին, բայց պապիկը այդպես էլ չերևաց: Հաջորդ օրը ալեհեր ծերունուն` անշարժ, փայտե զգեստեր հագած, դուրս հանեցին շենքից ինչ-որ մարդիկ: Լապտերը հասկացավ, որ այլևս չի տեսնի ծերուկին և այդպես էլ չի իմանա` ի՞նչ էր նա գրում այսքան ժամանակ: Այդ մտքից նա տխրեց: Բացի այդ` այդ օրը չերևաց ընտանիքը:

Գիշերը Լապտերը տխուր կանգնած նայում էր փողոցին: Հանկարծ նրան մոտեցավ մի տղամարդ: Կանգնեց նրա մոտ, նայեց վերև ու սկսեց հայհոյել ինչ-որ մեկին: Մի ձեռքում գինու շիշը պահած` տղամարդը շատ վրդովված էր երևում ու կարծես` հարբած: Բայց Լապտերին թվաց, որ նա ոչ թե գինուց էր հարբած, այլ անվերջ ատելությունից: Տղամարդը գցեց շիշը, գլուխը դրեց Լապտերին ու սկսեց լացել: Լապտերը լսեց` ինչպես տղամարդը անընդհատ կրկնում էր` Ինչո՜ւ, ինչո՜ւ…: Հանկարծ նա մի քանի քայլ հետ գնաց, սրբեց աչքերը, հետո վերցրեց ձեռքի տակ ընկած առաջին իսկ քարը ու ամբողջ ուժով հարվեց Լապտերին: Լապտերը կոտրվեց:

Երկու օրից միայնակ փողոցային լապտերը հանեցին տեղից ու նրա տեղը կանգնեց նոր ինքնասեր մոդայիկ լապտեր…

{jacomment on}

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries