A+ A A-

Rock, rock, rock everybody! կամ չորսը տակ ծալված նամակը

Rock

Intro...

Լինում են այնպիսի օրեր, որոնց վերջում այսինքն երբ գիշերվա 2-ի կամ 3-ի կողմերը չուզելով պոկվում ես երկրորդ տուն դարձած համակարգչից և նետում հոգնած ու ճառագայթված մարմինդ մահճակալին և տրվում Օրփեոսին, ընդամենը մի վայրկյանով անցնում է աշխարհի ամենադաժան միտքը` « օրը անցավ անիմաստ »: Դա նշանակում է, որ մոտավորապես 15 ժամերդ սպանել ես, որոնք ոչ մի կարևոր հետք չեն թողել քո` առանց այն էլ արագ հոսող կյանքում, գումարած 8-9 ժամ, որոնք էլ իրենց հերթին հատկացրել ես գիշերային քնին:

Այս միտքը այցելեց ինձ, այն օրը,երբ  երեկոյան ես երկար ընդմիջումից հետո որոշեցի գնալ ռոք-համերգի` երևանյան ակումբներից մեկում: Թե՞ ինչու ես այդպես որոշեցի…

Մեր Ռաֆի մասին...

Արդեն 8:20 է: Ընկերներիս հետ պայմանավորվել էի 8-ին ակումբի մուտքի մոտ: Քանի որ ավելի շուտ քան ևս 15 րոպեից ես չէի հասնի տեղ, զանգահարեցի  և ասացի, որ ինձ չսպասեն,  ես ուշ  կմտնեմ: Գոռը մի երկու «էկզոտիկ» հայհոյանք մռնչաց, իսկ հետո ավելացրեց, որ իրենք արդեն ներսում են:

- Աչքս լույս, - մռթմրթացի ես և անջատեցի հեռախոսը:

Երթուղայինում իմ լսողական օրգանները խոշտանգումների էին ենթարկվում` աշխարհում հնարավոր ամենառաբիզ երաժշտության կողմից: Չեմ կարող չնշել, որ «հոտած» ռաֆի անթրաշ վարորդը կայֆ էր բռնում, եթե չեմ սխալվում Արմանչիկ կամ Գուրգենչիկ վերնագրով մի հանրահայտ երգչի հիթերի ներքո: Իսկ ես ինձ հանգստացնում էի այն մտքով, որ շատ շուտով կընկղմվեմ իսկական ռոքի դրայվի մեջ:

Իմ Մ.Դ.-ն...

Երթուղայինից դուրս գալու ժամանակ, երբ հանեցի դրամապանակս, որպեսզի գումար հանեմ, որ վճարեմ վարորդին, գրպանիս մեջ զգացի ծալված թղթի մի կտոր: Հանեցի և սկսեցի մտածել,թե ի՞նչ կարող է լինել, չէ, ես իհարկե կարող էի ուղղակի բացել և պարզել դա, պարզապես ուզում էի պատրաստվել: Հիշեցի, որ այսօր մաթանալիզի դասախոսության ժամանակ հնարավորություն ունենայի ինկվիզիցիայի կենթարկեի այդ առարկան, տետրի բացակայության պայմաններում գրում էի թղթի վրա: Բայց այդ թուղթը ես թողեցի լսարանում, քանի որ հետագայում դժվար թե այն ինձ պետք գար: Ուրեմն… Ինչպե՞ս կարող էի մոռանալ. ամենայն հավանականությամբ Մ.-ի նամակն էր: Մի փոքր բացեցի չորսը տակ ծալված թուղթը և ներքևի անկյունում իսկապես տեսա Քո Մ.Դ.:

Նայեցի ժամացույցին. դեռ կհասցնեմ կարդալ, նամակը այդքան էլ ծավալուն չէ, բայց… Իմ ու Մ.-ի հարաբերությունները բավական բարդ էին, և ես չէի զարմանա, եթե նա այս նամակում, թեև շատ պոետիկ և վեհ բառերով. վստահ եմ եթե Երևանում բացվեր Պարույր Սևակի  «fan-club», Մ.-ն կլիներ դրա ամենաակտիվ անդամներից: Օրինակ` «…իմ ու քո նման մարդիկ ստեղված են, որպեսզի հանդիպեն, բայց երբեք միասին չլինեն…» :Որոշեցի առայժմ նամակը չկարդալ` երեկոյան ինձ հնարավոր վատ տրամադրությունից ապահովագրելու համար:

Վերադարձնելով թուղթը գրպանիս խոռոչը ես մոտեցա Stripe Club-ի մուտքին. չեմ հասկանում ինչո՞ ւ են մեզ մոտ ամեն ինչին տալիս անգլերեն անվանումներ` ակումբներից սկսած, ռոք-խմբերով վերջացրած:

Չե Գևարան...

Դռների մոտ կանգնած էին մի քանի երիտասարդ տղաներ և աղջիկներ մեր ռոք-հասարակության վառ ներկայացուցիչներից: Հավանաբար չէին ուզում մտնել, քանի դեռ համերգը չէր սկսվել: Աչքի էին ընկնում երևանյան հասարակության այս դեսիդենտները նրանով, որ բոլորի վերնաշապիկներին պատկերված էին տարբեր ժամանակների և մակարդակի ռոք-կուռքեր կարելի է մտածել` դա ռոքը սիրելու կարևորագույն նախապայմանն է: Դրանցից ես ճանաչեցի Ջիմ Մորիսոնին, Վիկտոր Ցոյին, Rammstein խմբին և Քըրթ Քոբեյնին, ինչից հետո հաճույքով ինձ համար նշեցի, որ բացի ինձանից մեծ հեղափոխական Կոմանդանտե Չե Գևարայի խարիզմատիկ դեմքը իր շապիկին ոչ ոք չի կրում:

Այս փաստից հպարտանալով ես մտա ներս: Անկյունում սեղաններից մեկի մոտ նկատեցի ընկերներիս, որոնք արդեն հասցրել էին իրենց շուրջը ստեղծել անկրկնելի աուրա` բաղկացած ծխախոտի ու գարեջրի բուրմունքներից:

Նույն քաղաքի մասին...

Համերգի սկսվելուն դեռ կար մոտ կես ժամ և Ծոն, Գոռը, Ալիկը ու Վահեն ինչ-որ խնդիր էին քննարկում, ընդ որում` շատ ոգևորված: Վեճը այնքան թեժ էր, որ սկսզբում ես կարծեցի մեր սեղանի օրակարգում այսօր քննարկվում են Նաիրի Հունանյանի ճակատագիրը, Տրոյան համակարգչային վիրուսի դեմ պայքարը և Ռուանդայում Թութսի ցեղախմբի բնաջնջման փաստը: Այն էլ` այդ ամենը միաժամանակ: Դեռ չհասած տղաներին  ինձ հասան մոտավորապես այսպիսի ռեպլիկներ.

- Արի գռազ,- մռնչում էր Ալիկը,- քո գործը բուրդն ա:

- Դե չփխի ու գնա ,- ասաց Գոռը և սկսեց ծիծաղել,

- …բայց ոնց որ ճիշտ է ասում,- զգուշորեն միջամտեց Վահեն:

Իսկ Ծոն պարզապես գարեջուր էր խմում:

Բանավեճի թեման ինձ պարզ դարձավ, երբ սկսեցի ողջունել ընկերներիս:

- Արտ´, - ասաց Գոռը,- սեղմելով` ձեռքս, - «Նույն քաղաքը»   ո՞ւմ երգն է:

- Մեսչյանի, - պատասխանեցի ես, - էն իմ սիրած ալբոմի առաջին երգն է:

- Տեսա´ր, - երջանկացած բացականչեց Գոռը դիմելով Ալիկին, - որ ասում էի:

- Բա ես խի գիտեի, թե Հախվերդյանն է երգում, - զարմացավ Ալիկը:

- Դե, էդ արդեն զուտ քո անձնական խնդիրն է, - ասացի ես` նստելով Վահեի կողքին:

- Ծո´, դու ասա ճիշտ չեմ, - հուսահատվեց Ալիկը:

- Ալիկ ջան, չեմ գիդե´ր, - իրեն մեղավոր զգալով` պատասխանեց Ծոն, իրականում նա Վահագ է, բայց հասարակության համար դա գախտնիք է, - ես մենագ Օզզի գլսեմ:

Տարբեր մարդկանց մասին...

Համերգը սկսվեց, երբ մենք արդեն հասել էինք հայրենական արտադրության գարեջրի 3-րդ շշին` դեռ Հերոդոտն իր

«Անաբազիսում»  հիշատակում էր հայկական տներում օգտագործվող չքնաղ ըմպելիքը, որի մեջ լողում էին ցորենի հատիկներ: Սկիզբը հուսադրող էր. բեմ դուրս եկավ երիտասարդ կիթառահար Արթուրը և սկսեց անել գործիքի հետ այն, ինչ հնարավոր էր և այդքան էլ հնարավոր չէր: Վերջապես մեր ռոք-երաժիշտների մեջ հայտնվեց մեկը, որ ի տարբերություն մյուս դիլետանտների իսկապես նվագում էր , իհարկե Արթուրը Սանտանան կամ Հենդրիքսը չէ, բայց նրա տեխնիկան ուղղակի ապշեցնում էր:

Սակայն երջանիկ պահերը երկար չտևեցին: Շուտով Արթուրի սոլոն ավարտվեց և ելույթին միջամտեց մենակատար Հովիկը: Բացի նրանից, որ նրա ձայնը գրեթե չէր լսվում, ավելի ու ավելի էին ոգևորվում հանդիսատեսները բնականաբար, ոչ առանց ալկոհոլի ազդեցության, որոնց աղաղակների տակից հազիվ նշմարվում էին հարվածային գործիքները:

Գինովցած ռոքասեր հանդիսատեսների մեջ ես ու Գոռը նշմարեցինք մի քանի ականավոր դեմքերի` ի տարբերություն մյուսների, մենք ձանձրանում էինք: Առաջինը աչքի ընկավ Meditation խմբի ֆրոնթ-մեն Էդգարը, որը շարունակ փորձում էր աղջիկ կպցնել, բայց ինչպես երևում էր նրա դեմքի արտահայտությունից ապարդյուն էր,  Էդգարի ձեռքում մշտապես կար գարեջրի շիշ և վառված սիգարետ:

Իսկ մի քանի տարի առաջ ոսկե մեդալով դպրոցն ավարտած Չոռտը (նա իսկապես ինչ-որ նմանություն ուներ Սատանայի հետ)  խելագառի պես րոպեն մեկ բարձրանում էր բեմ և թափահարում երկար, սև, գանգուր մազերի տակ կորած գլուխը, կարծես` հենց նոր հոսանքի ուժեղ հարված է ստացել և դրանից շատ գոհ է:

Կինարմատներից հնարավոր չէր չնկատել Ինցեստ կանացի ռոք-խմբին, (կանացի ռոք-խումբ արդեն կասկածելի է թվում)  , չէ անդամներից մեկին: Նրան նկարագրել պարզապես հնարավոր չէ, բայց առաջին հայացքից թվում էր, թե նա ունի ոչ ավանդական սեռական նախասիրություններ: Հետաքրքիր է, ինչո՞ ւ են խմբի անունը դրել Ինցեստ: Չգիտեմ, բայց ես մի անգամ պատահաբար ներկա գտնվեցի նրանց համերգին և խմբի երաժշտությունը ինձ մոտ ավելի շուտ ասոցացվեց (ցիստիտի) հետ…

Մի խոսքով, իրավիճակը մտահոգիչ էր:

Ալիկի բենեֆիսը...

Երկար ես ու Գոռը չդիմացանք: Մեր համբերության բաժակը լցվեց, երբ ծխի խտությունը դահլիճումRock հասավ այն մակարդակի, երբ բեմը երևում է շատ-շատ աղոտ, իսկ շնչելու օդը պետք էր պայքարով վաստակել: Կենդանի մնալու համար մենք որոշեցինք դուրս գալ մի քանի րոպեով: Այդ ժամանակ Ծոն ու Վահեն արդեն անջատվել էին, իսկ Ալիկը դեռ ընդունակ էր խոսելու: Թեև դրանից օգուտը քիչ էր:

- Վա˜յ, - թոքերի մեջ մաքուր օդ քաշելով` հառաչեց Գոռը, - հայկական ռոքի վիճակը տխուր է:

- Իսկ ես դեռ հույս ունեի, - հիասթափված արձագանքեցի ես:

Քիչ հետո ժամը արդեն մոտենում էր կեսգիշերին, երբ ես ու Գոռը վերադարձգանք, ներսում լսվում էր Ոստան Հայոցի երգերից մեկը:

- Էս երգը ինչի են բռնաբարում, - ասաց Գոռը, - էսպիսի անտաղանդ կատարում ես դեռ չէի լսել:

Մոտենալով սեղանին մենք զարմանքով հայտնաբերեցինք, որ Վահեն ու Ծոն արդեն ուշքի են եկել և նայելով բեմին` հռհռում են: Լարելով տեսողությունս, ծուխը էլ ավելի էր շատացել, ես սարսափով արձանագրեցի, որ բեմից իրեն ճղում է… Ալիկը: Պետք է նշեմ, որ նա առանձնանում է լսողության հետքերի անգամ իսպառ բացակայությամբ և սովորաբար երգերի բառերից հիշում է միայն մի քանիսը: Այնպես որ նրա բեմում, այն էլ միկրոֆոնի մոտ հայտնվելը ուղղակի գլոբալ մասշտաբների կատակլիզմ էր: Բարեբախտաբար երաժիշտներին արդեն մեկ էր, իսկ նիրվանայի մեջ գտնվող հանդիսատեսները հավանաբար Ալիկի փոխարեն պատկերացնում էին երջանկահիշատակ ռոք-կուռք Քըրթ Քոբեյնին:

- Էս ոնց հաջողացրիք, - ես զարմացած հարցրեցի Վահեին ու Ծոյին:

- Եսիմ, - դեռ ծիծաղելով պատասխանեց Վահեն, - սկսեցին էս երգը նվագել, Ալիկն էլ վեր թռավ, գոռաց Այո! I love this place! ու վազեց դեպի բեմը…

Ռուբենի հետ...

…Չեմ էլ հիշում, թե ինչպես հասա տուն: Հիշում եմ, որ մի կերպ համոզեցինք Ալիկին լքել բեմը և այլևս երբեկ, ոչ մի դեպքում նույնիսկ, եթե միակ այլընտրանքը լինի անգիր սովորել բազմապատկման աղյուսակը և Նյուտոնի բոլոր հնարավոր օրենքները չերգել մարդկանց ներկայությամբ: Միայն եթե սենյակում մարդ չկա, և այդ սենյակը գտնվում է ձայնամեկուսիչ լուսամուտներ ունեցող շենքի նկուղում, իսկ շենքի ցանկալի աշխարհագրական վայրը Գոբի անապատն է…

…Պառկած էի մահճակալին, գլուխս ուղղակի տրաքում էր: Լավ էր գոնե տուն մտնելուն պես լոգանք ընդունեցի ու  մարմինս մի քիչ ուշքի եկավ, իսկ շորերիցս դեռ մի քանի օր ծխի, գարեջրի ու քրտնած ռոքերների հոտ կգա: Սկզբում որոշեցի քնել, բայց` չստացվեց: Ականջներիս մեջ մինչև հիմա լսվում էին կիթառի ու հարվածայինների ձայները: Խելքս տեղը բերելու համար պետք էր նոռմալ հանգիստ երաժշտություն լսել. Ռուբեն Հախվերդյանը հենց այն մարդն է, ով կարող է ինձ հիմա փրկել, մտածեցի ես և միացրեցի համակարգիչը: Մի քիչ քրքրվելով My Music թղթապանակի մեջ գտա ամենայն հայոց հեղինակային երգչի mp3 ֆորմատի ֆայլերը և միացրեցի:

Հիմա կարելի է մի քիչ հանգստանալ…

Հանկարծ հիշեցի Մ.Դ.-ի մասին:

Նամակը...

Երևի հիմա արդեն հանգիստ կարելի է կարդալ. միևնույնն է, ինչ էլ լինի գրված, օրս արդեն տապալվել է և ավելի վատ լինել չի կարող:

Գտա սենյակի անկյունում ընկած ջինսս, գրպանից հանեցի չորսը տակ ծալված թուղթը, հարմարվեցի մահճակալին: Ռուբենը այդ ժամանակ երգում էր .« Երջանկություն, անցիր կողքովս, դու հարատև չես…»  շատ դիպուկ էր, քանի որ ես միշտ կարծում էի, որ Մ.-ը հենց այն երջանկությունն է իմ կյանքում, որ հանկարծ հայտնվեց արևի շողքի պես ամպամած երկնքում, բայց ամեն պահին կարող է ինձանից փախչել: Թեև, երբ մենք վիճում ենք, իմ պատկերացումներում այդ շոսքոը վերածվում է մուտացիաներ առաջացնող միջուկային ճառագայթի: Բայց, երբ մենք միասին ենք...

Պատրաստ լինելով ամենավատին` բացեցի մաթեմատիկայի համար նախատեսված քառակուսի վանդակներով թուղթը, հավանաբար էջը պոկել էր այն տետրերից մեկի միջից, որոնց վրա սովորոբար գրված է լինում Okul Defteri…:

…Նամակը կարդալուց հետո հասկացա, որ բոլոր կասկածներս ու վախերս ավելի քան ավելնորդ էին… Այս նամակում Մ.-ը ինձ սիրում էր այնպես, ինչպես դեռ չի սիրել ոչ մի աղջկա Արեգակնային համակարգում… Նա ընդհանրապես նամակ գրելու մեծ վարպետ է:

Մի խոսքով, աշխարհի բոլոր դրական լիցքերը առանց բացառության եկան այցելության իմ մարմնին ու հոգուն: Ալիկը ինձ համար դարձավ 5-րդ բիթլզ, իսկ Stripe Club-ը` առնվազն Լա Սկալա... մի խոսքով` անցած օրը միանգամից իմաստավորվեց: Չգիտեմ` ինչ կլինի վաղը: Միգուցե մենք կրկին վիճենք, և ես նյարդայնացած գնամ ընկերներիս հետ խմելու:

Hidden track...

Ես այդպես էլ քնեցի` ժպիտը դեմքիս, նամակը` ձեռքիս:

Արթնացա, երբ դրսում դեռ խորը գիշեր էր: Այդպես էլ չանջատված համակարգչից լսվում էր Հախվերդյանի ձայնը. «…գիշերները մենք գտնում ենք մեր դեմքերը իսկական…» :

Մի անգամ էլ նայեցի նամակին. երազ չէր, այնտեղ գրված բոլոր բառերը իրական էին: Վերցրեցի բջջայինս, հեռախոսահամարների մեծ ցանկում գտա M.D.-ն, մի պահ հապաղեցի, իսկ հետո հիշեցի, որ նա սովորաբար գիշերը սուրճ է խմում և դաս է անում, երբեմն` մտածում է իմ մասին: Ինչպես հիմա ես` իր մասին ու  սեղմեցի զանգի կոճակը…{jacomment on}

 

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries