A+ A A-

McDonald's-ի գաղտնիքները

McDonald'sMcDonald's-ը ֆենոմեն է: Արագ սննդի ցանց, ողջ ֆաստ-ֆուդի նախահայրը: Միլիոնավոր մարդիկ քննադատում են McDonald's երևույթը, միլիոնավոր մարդիկ սնվում են McDonald's-ում:
Աշխարհում գրեթե ամեն օր բացվում է նոր McDonald's, և այնտեղ երիտասարդ աղջիկ կամ տղա հաստատ կգտնի մարդկանց ում կասի` «Լսում եմ ձեր պատվերը»:
McDonald's-ի հաջողության գրավականը թերևս այն խիստ կանոններն էին, որ պահպանվում են ամեն նոր կետում: Չենք մոռանում նաև մարկետինգային գաղտնիքների մասին: McDonald's-ի հիմնադիր Ռեյ Կրոկը սիրում էր կրկնել, որ նա աշխատում է ոչ թե սննդի արդյունաբերությունում, այլ շոուբիզնեսում: Եվ նա շատ ճիշտ էր:
Այսօր ձեզ կպատմեմ McDonald's-ի խորամանկությունների մասին, որոնք գրավում են մարդկանց, ստիպում այցելել այնտեղ, արագ սնվել ու հեռանալ, սակայն պարտադիր վերադառնալ:
Դեռ 1958 թվականին McDonald's-ում հայտնվեց ռեստորանների աշխատակիցների առաջին կանոնադրությունը, որտեղ մանրամասն նկարագրվում էր նրանց ցանկացած գործողությունը` սկսած կարտոֆիլի պատրաստման ժամանակից ու կրակի ջերմաստիճանից մինչև հաճախորդների հետ շփվելու կանոններից: Այն ժամանակ «McDonald's-ի աստվածաշունչը» կազմված էր 75 էջից, այսօր արդեն 750: Եվ այնտեղ նկարագրվում է ինչպես աշխատակիցների, այնպես էլ այցելուների ամեն քայլը:

Ցանկանալ գալ

Հիմնականում խնդիրը McDonald's-ների տեղակայության մեջ է: Ընկերության կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ McDonald's  մտնելու ցանկությունը պլանավորված չի լինում, այսինքն այն ինքնաբերաբար է ծագում, ուստի McDonald's-ները բացում են այնպիսի վայրերում, որտեղ նման որոշում ընդունելու հավանականությունն ամենամեծն է` այսինքն խոշոր փողոցների խաչմերուկներին, համալսարանների մոտ, սուպերմարկետների կողքին:
Մինչև 70-ականները McDonald's-ում աշխատում էին միայն տղամարդիկ, սակայն ֆեմինիստուհիների ջանքերի շնորհիվ կանայք նույնպես աշխատանք գտան այնտեղ: Թեև ղեկավարությունը մտավախություն ուներ, որ աղջիկները կշեղեն տղաներին: Ստիպված որոշում ընդունվեց գեղեցիկ կանանց աշխատանքի չվերցնել, իսկ մյուսներին ստիպել հանգել տղամարդկանց հագուստ, որը ոչ միայն չէր ընդգծում մարմինը, այլև տգեղացնում էր այն: Զարդեղենն ու դիմահարդարումը նույնպես արգելվեց: Որոշ ժամանակ անց, երբ այցելուները սովորեցին կին աշխատողներին, ղեկավարությունը սկսեց նկատել, որ այցելուների մեջ շատացել են ընտանիքները, իսկ կանայք գոհ էին, որովհետև տղամարդիկ չէին նայում մատուցողուհիներին, ինչպես դա պատահում էր այլ վայրերում:
Կին աշխատողների հետ կապված ավանդույթը պահպանվել է մինչ օրս. նրանց թույլ չեն տալիս շպարվել, երկար եղունգներ ունենալ, ներկել դրանք:
McDonald's-ում վաղուց հասկացել են, որ մեծերն այստեղ են բերում իրենց երեխաներին, իսկ երեխաները`McDonald's իրենց ծնողներին: Երեխային դժվար է մերժել, հատկապես երբ հիմա ծնողները շատ զբաղված են և տանջվում են իրենց երեխայի «լքված» կարգավիճակից: McDonald's-ում երեխաներին գրավելու համակարգը մանրամասն մշակված է. խաղահրապարակներ, ծննդյան տոների կազմակերպման ծառայություն, փոքրիկ բոնուսների շնորհում մանուկներին, ուշադրություն և հանդուրժողականություն աշխատակազմի կողմից: Վերոնշյալ ամեն ինչ ուղղված է դեպի երեխան և նրա մայրը: Այստեղ լավ գիտեն հետևյալ կանոնը. «Եթե ցանկանում ես, որ կինը սիրի քեզ, սիրիր նրա երեխային»: Հմայքի գլխավոր գրավականը հայտնի Happy Meal-ն է, որի մեջ մտնում են ոչ միայն համեղ ուտեստներ, այլև փոքրիկ խաղալիք: Եվ այս ամենը փաթեթավորվում է գունագեղ տուփի մեջ:

Շատ գնել

Ընկերության ստանդարտների մեջ հստակ նշված է, որ եթե հաճախորդը չի նշել կարտոֆիլի, պաղպաղակի կամ այլնի չափաբաժինը, ապա մատուցվում է ամենամեծը: Նախ դա արվել է ժամանակի խնայողության համար, որովհետև պատվերն ընդունելու համար տրվում է 60 վայրկյան, իսկ գանձապահը ժամանակ չունի ճշտել, թե կոնկրետ որ չափսը, իսկ հետո McDonald's-ն այդպես ավելի շատ է վաստակում:

Շուտ հեռանալ

Եթե այցելուները երկար ժամանակ մնան McDonald's-ում, ապա տեղ չի լինի նորերի համար: Ուստի McDonald's-ը մեծ ջանքեր է թափում, որպեսզի այցելուները շուտ ուտեն ու հեռանան`  ազատելով սեղանները: ԱՄՆ-ի ամենահայտնի McDonald's-ներում անգամ ցուցանակներ կան, որ այցելուներին տրվում է 30 րոպե ուտելու համար, որից հետո անվտանգության աշխատակիցը կարող է մոտենալ և խնդրել հեռանալ:
Անվճար Wi-Fi-ը նույնպես խնդրի առջև կանգնեցրեց ղեկավարությանը: Մարդիկ կարող էին գալ, մի երկու համբուրգեր պատվիրել ու մի հինգ ժամ նստել: Խնդիրը լուծվեց այն ժամանակ, երբ էլեկտրականության կցորդիչները պարզապես հանվեցին: Մարտկոցը նստե՞ց` գնա տուն:
Չոր աթոռներն ու անհարմար բազմոցները նույնպես նույն նպատակին են ծառայում: Արագ երաժշտությունը հնչում է ոչ թե որպեսզի այցելուների տրամադրությունը բարձրանա, այլ որպեսզի նրանք հարմարվեն եղած ռիթմին և արագ-արագ ծամեն:
McDonald'sՍեղանների միջև նեղ անցումները ստեղծված են ոչ միայն տարածքի խնայողության համար, այլ որպեսզի անընդհատ անցնող այցելուները խանգարեն միմյանց, անհարմարություն ստեղծեն, և մարդիկ ցանկություն ունենան շուտափույթ ազատվելու այդ անհարմարությունից:

Անպայման վերադառնալ

McDonald's-ի սկզբունքներից մեկը ՔՈՄՀ-ն է` քաղաքավարություն, որակ, մաքրություն, հասանելիություն: Հենց դրանում էլ կայանում է McDonald's-ի գրավչությունը: Հաճախորդներին միշտ ժպտում են, ոչ մեկին չեն կոպտում և ասում են թեև շաբլոն, սակայն հաճելի բաներ:
Մարդիկ փոփոխություններ չեն սիրում, ուստի McDonald's-ի ցանկացած այցելու գիտի, որ այսօր, վաղը և տաս տարի անց Բիգ Մակի համը նույնն է լինելու: Սակայն մարդիկ սիրում են նաև նորը, ուստի McDonald's-ի ճաշացանկում ժամանակ առ ժամանակ նոր ուտեստներ են հայտնվում:
Կա վարկած, որ McDonald's-ի սենդվիչների բաղադրության մեջ հատուկ քիմիական նյութ կա, որը կախվածություն է առաջացնում: Հետաքրքիր է, սակայն դեռևս ոչ մի հստակ ապացույց չկա:
Ամեն դեպքում որքան էլ փնովենք McDonald's-ի ուտելիքների վնասակարությունը, մարդիկ շարունակում են և շարունակելու են այնտեղ այցելել: {jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries