A+ A A-

Դեգերող հայը. Վրթանես Փափազյան

Վրթանես ՓափազյանՎրթանես Փափազյանը ծնվել է 1864 թվականին Վան քաղաքում, ուսուցչի ընտանիքում: Սկզբնական  կրթությունը ստանալով հորից, նա այնուհետև սովորում է Ազուլիսի և Թավրիզի հայկական դպրոցներում, ապա ավարտում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1980): 80-ական թվականների գրական ու հասարակական գործունեությամբ նա գրեթե բացառապես առնչվում է պարսկահայ և արևմտահայ իրականությանը:  Ուսուցչություն է անում ամենատարբեր վայրերի ազգային դպրոցներում, ճանապարհորդում է երկրամասին նշանավոր գավառներում, որոնք հարուստ տպավորություններ և սյուժեներ են տալիս գրական որոնումներին:
1891 թվականին Փափազյանը ընդունվում է Ժնևի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը, որն ավարտում է  1894 թվականին: Այստեղ նա ուսումնասիրում է  սոցիալական ու փիլիսոփայական գիտություններ, առանձնահատուկ հետաքրքրություն  ցուցաբերում սոցիալական ուսմունքների նկատմամբ: Ճանապարհորդում է Անգլիայում, մոտիկից դիտում կապիտալիստական հասարակության  կառուցվածքը, որը նրա հայացքները ուղղում է քաղաքակիրթ աշխարհի ներքին ամենասուր հակասությունների ճանաչմանն ու դասակարգային պայքարի անխուսափելիության ըմբռմանը: 
1894 թվականին Փափազյանը վերադառնում է հայրենիք: Դեգերումների մի ամբողջ շղթա է ներկայացնում հետագա տասնամյակների նրա կյանքը: Չգտնելով կայուն հանգրվան, նա ժամանակ առ ժամանակ լինում է կովկասյան և արևմտյան հայոց գրեթե բոլոր նշանավոր կենտրոններում, ուսուցչություն անում Թիֆլիսում, Թեհրանում, Շուշիում, Վաղարշապատում, Երևանում և այլուր, հրատարակում թերթեր («Շավիղ», «Ղարաբաղ»), ծավալում է գրական հասարակական ակտիվ գործունեություն, արտակարգ արգասավորությամբ մամուլի էջերում և առանձին գրքերով հրապարակ հանում գեղարվեստական իր հղացումները ` ժանրային ամենաբազմազան ձևերով` վեպ, ուղեգրություն, նովել, պատմվածք, դրամա, ակնարկ, զրույց և այլն: 
Փափազյանը կյանքից հեռացել է 1920 թվականին Երևանում:

Ստեղծագործությունները…

Լեգենդ

«Քայլիր» խորագրով մի լեգենդ ունի Փափազյանը, որ միանգամայն խորհրադանշանակ է նրա ստեղծագորոծության փիլիսոփայական շառավիղները չափելու տեսակետից:  Մի կատարյալ քաոս է ցուցադրում բնության տարերքը և , մաքառելով այդ տարերքի դեմ, քայլում է Արևելքից եկող ուղևորը, և նրա քայլերը ձյան վրա դրոշմում են հետքեր , որ խաչի ձև ունեն` «յոթ մեծ գամերով, պարզ, որոշակի»: Այսպես  մաքառում էր նա ամայի տարածության անվերջ, մշուշում,ժ ու հանկարծ տեսիլքի պես հայտնվում է մի այլ ուղևոր, որ գալիս էր Արևմուտքից, և որի քայլերը հետքեր էին դրոշմում` «նման շղթայի , անհամար օղեր, պարզ, որոշակի»:  Ես այն եմ , ասում է Արևելքի ուղևորը, որ «հավասարության, ազատության, և ներողամտության մեծ վարդապետին` իր տանջանքի օրում` թույլ  չտվի մի րոպե հանգչելու դռանս շեմքին»:  Իսկ ես այն թշվառն եմ, ասում է Արևմուտքից եկող ուղևորը, «որ կորցրի ամեն բան և ըմբոստ ոգին, և ազատություն, և անձնասիրություն...ու պիտի քայլեմ այնքան, մինչև որ գտնեմ կորցրածներս....» : Ու մինչդեռ նրանց հայացքներում առկայծում էր իրենց որոնումների իմաստը մեկնելու ներքին բաղձանքը, հանկարծ հնչում է տիեզերական սաստող ձայնը` « Քայլիր»: Եվ ուղևորները բաժանվում են միմյանցից` «մեկը դեպի Արևմուտք` նվուն, վշտաբեկ, մյուսը դեպի Արևելք` միալար չափով հանդարտ, անվրդով...»:  Այսպես և Փափազյանը. Խորապես գիտակ միֆոլոգիական Արևելքի ու բանական Արևմուքի մտավոր հայտնություններին, նա մշտապես եղավ ճշմարտության որոնող հեղափոխական  բնավորություն և ազատության գաղափարի ջատագով:  Որպես մտածող ու գեղագետ Փափազյանն այս դիտակետից էլ հետազոտեց կյանքը, բացահայտեց ազգերի, մարդու, հասարակության սոցիալական ու բարոյական նկարագիրը:  Մի արտակարգ պատկեր է գծում նրա ստեղծագործության  տեղագրությունը` հայկական իրականության գրեթե բոլոր ոլորտներով , որոնք թեմատիկ ընդհանրությամբ ձև են տալիս ամբողջական շարքերի` «Պատկերներ թուրքահայերի կյանքից», «Տուրիստի հիշողություններ»....:

Վեպ

Կարծես ավանդավեպ լինի Փափազյանի «Չոչո քար» պատմվածքը, չորս կարին եղբայրների ողբերգական ճակատագրի մասին: Նրանք, որ գյուղի ամենապատվարժան գերդաստանին էին պատկանում, ձախորդ հանգամանքների բերումով պարտք է վերցնում Հաբեթ աղայից ` մի վատահամբավ ու տմարդի անձնավորություն, որ իր ցանցի մեջ էր առել շրջակա գյուղերի գրեթե բոլոր բնակիչներին: Անցնում են տարիները, տոկոսների հետ ավելանում էր պարտքը  և վճարելը դառնում էր անհնարին: Եվ ահա  պարտքի ու հատուցման հանգամանքներում լկտի մածահարուստը  անվանարկում է ավագ եղբորը` Սողոմոնին, և հանդուգն ու պատվախնդիր գյուղացին, ի տես հասրակության, բռունցքի հարվածով փռում է նրան գետնին: Հիշաչար ու ամբարտավան Հաբեթ աղան չէր կարող ներել այդ նվաստացումը և դավադիր բանսարկությունների շարունակական հետամտությամբ Սողոմոնի գերդաստանը հասցնում է կատարյալ քայքայման: Այլևս սահման չկար հանդուրժողության, և վրեժխնդիր եղբայրները սպանում են չարագործին, վառում բոլոր պարտաթղթերը և բարձրանում սարերը, որպես աստանդական «ավազակներ»:  Մի օր էլ ահա Չոչո քարի կիրճում պաշարվում են դարանակալ զորախմբերի կողմից և զոհվում անհավասար կռվում: Մահանում է նաև Սողոմոնը` «Անիծելով լեռն ու ձորը, կյանքն ու նրա դառնությունները, աղայի ամբողջ սերունդներն ու հայրենի հողը…անիծելով բոլոր նրանց, որոնք արտի փոխարեն քար են կրում կրծքերի մեջ»: 

Դրամաներ

Վրթանես Փափազյանի գրչին են պատկանում  նաև գրական այլ ուշագրավ էջեր: Գրել է պատմական դրամաներ («Այծեմնիկ», «Ուրացողի մայրը», «Հայրենիքի համար»), որոնց մեջ հայոց ազատագրական շարժմա դրվագներից առնված սյուժեներով վեհացնում է հայրենասիրության գաղափարը, հանդես է եկել հայոց պատմության առավել նշանակալից հանգույցները լուսաբանող քրոնիկների մի ամբողջ շարքով («Արտաշես Երկրորդ», «Սահակ և Մեսրոպ», « Գագիկ Երկրորդ» և այլն), հրատարակել է «Պատմություն հայոց գրականության» (1910) ձեռնարկը, որն ընդգրկում է գրավոր ու բանավոր բանահյուսության պատմությունը սկզբից մինչև 20-րդ դարասկիզբը, կատարել է թարգմանություններ, վերջապես քննադատական հոդվածներով արձագանքել է գրական պրոցեսի գլխավոր հարերին:
 Որպես մտածող ու գեղագետ Փափազյանը բարդ էր ու հակասական: Լինելով կրթված ու համակողմանիորեն զարգացած անձնավորություն և իր անհանգիստ խառնվածքով մշտապես հակված դեգերումների ու որոնման, նա, սակայն, չկարողացավ կառուցել հասարակական-փիլիսոփայական մի վերջավորված սիստեմ և  նախապաշարված մնաց ձախ հեղափոխության այլատարր ուսմունքներից հյուսված հումանիտար-դեմոկրատական հասարակության էկլետիկ ըմբռնումների հանդեպ:
 
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries