A+ A A-

Խաչքար. բառի ծագումն ու պատմությունը

ԽաչքարՏարբեր ազգեր մարդկությանը նվիրել են բառեր, որոնք չեն թարգմանվում, քանի որ հասկանալի են ինքնին, ներկայացնում են իրենց տեր ազգերի կենսագրության այս կամ այն դրվագը, ստեղծած նյութական կամ հոգևոր մշակույթի անկրկնելի որևէ արժեքը: Հայ ժողովրդի կողմից քաղաքակիրթ աշխարհին անցած այդօրինակ բառերից է «խաչքարը»` քարի մշակման արվեստի մի զարմանահրաշ բնագավառ, որը հին ու միջնադարյան իրականության մեջ տարածված է եղել բացառապես պատմական Հայաստանի տարածքում և բոլոր այն վայրերում, ուր ոտք է դրել ու իր օջախի ծուխն է երկինք հանել հայ մարդը:
Դեռևս Վանի կամ Արարատյան թագավորության ժամանակներում (մ.թ.ա. 9-7 –րդ դդ.) հայ վարպետներն ստեղծել էին քարակոթողի մի կատարյալ տիպ, որը բաղկացած էր երկու մասից` քարե մի խերանարդ պատվանդան հիմք, որը հարմարեցվում էր գետնի վրա, և տախտակաձև մշակված սալիկ, որը, պոչուկով ամրացված խորանարդի վերին երեսի փոսի մեջ` դառնում էր կոթողի հիմնական-կիրառական մասը:
Սալիկի վրա փորագրվում էին արքայական հիշատակարաններ` շինարարական, ռազմական, տնտեսական ու այլազան բովանդակությամբ:  Հաճախ այս վիմական սեպագրերին ուղեկցում էին ժամանակաշրջանի գեղարվեստական պատկերացումների համապատասխան զարդանախշեր ու պատկերաքանդակներ , որոնք հետագայում , հատկապես վաղ միջնադադարից սկսած, հարստացան, դարձան ավելի բազմազան ու բազմակերպար: Այսպես հնավանդ քարակոթողն ապրեց իր կյանքը մինչև մեր պատմության նոր շրջանը, ապրեց անընդմեջ և արտաքին կերպարով ու կիրառության ասպարեզներով  համարյա անփոփոխ: Փոխվում , ավելի ճիշտ` հարստանում ու բազմազան էր դառնում հարդարանքը, և եթե դարաշրջանն իր դրոշմը պիտի դներ քարակոթողի վրա, ապա դա լինում էր հարդարանքի մանրամասների մեջ: Այս կերպ էր, որ խաչը ելավ հնավանդ քարակոթողի վրա և աստիճանաբար նվաճեց նրա կենտրոնական մասը, դարձավ նրա էական հատկանիշը, հին կոթողին տվեց իր անունը խաչի նշան, սուրբ նշան, առհասարակ նշան, խաչքար:
Խաչքարի ծագումն ու պատմությունը քիչ է ուսումնասիրված:
Սակայն հնագիտական ու մատենագրական նյութերի, պահպանված խաչքանդակների հիման վրա կարելի է ներկայացնել ստույգ ուրվագիծը զարգացման այն վերընթացի , որ ապրել է խաչքար-կոթողի արվեստը:
Խաչը, որպես զարդանախշ, ավանդված է դեռևս հին աշխարհի տարբեր ժողովուրդների հուշարձաններում: Իհարկե, նախնական ձևը հավասարաթև խաչի պատկերն է եղել: Այն տիրական էր հեթանոսական  մշակույթային զանազան  բնագավառներում  իբրև զարդանախշ, որն անպայման խորհրդանիշն էր աշխարհի նյութականությունը կազմող չորս տարրերի` օդի, ջրի, հողի ու հրի : Հնագույն խաչանաշխը մեզ է հասել և’ մեկուսի պատկերով (խսչ, որ չորս հավասար թևեր ունի), և’ կլոր մի շրջանակի մեջ, որը, հավանաբար, հենց երկրագնդի պատկերն է հանդիսանում: Այսպիսի խաչանաշխեր են գտնվել տարբեր երկրների հեթանոսական տաճարների ու զանազան շենքերի քարերի, հատկապես խոյակների վրա:
Խաչի քանդակը , որ սկզբնապես լինում էր և’ հավասարաթև (հարթ մակերեսի վրա , կլոր շրջանակի մեջ քանդակված խաչ), և’ թևավոր (փայտե խաչի պատկերի նմանակը), տասնամյակներ, նույնիսկ դարեր շարունակ (4-6-րդ դդ.) տիրապետող զարդամոտիվ էր Հայաստանում:խաչքարներ
Չի կարելի ասել, թե հետագայում, երբ արդեն ամենուրեք տիրապետող էր խաչքարի մեզ հայտնի ձևը, ասպարեզից հեռացան  կամ այլևս չէին կանգեցվում հավասարաթև ու թևավոր խաչեր: Խաչքարերը կանգնեցվում էին հիմնականում սրբավայրերում, գերեզմանատներում, մեծ ու փոքր ճանապարհների եզրերին, հատկապես ճամփաբաժանների, երբեմն բլուրների ու ժայռերի վրա, բացի այն դեպքերից , երբ խաչքարն ինքն էր զարդարում-նշանավորում իր տեղը:
Հասկանալի է , որ բնության ավերիչ ուժերի դեմ կանգնած խաչքարի վրա ամենից շատ քայքայման վտանգի ենթակա է եղել հիշատակարան-վիմագրությունը: Նրանք ենթարկվում էին քայքայման : Չէ՞ որ այն հիմնականում փորագրվում էր պատվանդանի հարթ երեսին, իսկ սա քամուց ու անձրևից , ցրտից ու արևից հողմնահարվում էր առավել վաղ , քան բուն խաչքարի երեսը, որ համեմատաբար պաշտպանված վիճակում էր քիվի ներքո:
 Երևանի Քարի ու սիլիկատների ինստիտուտի  գիտնականները հայտարեցին, որ իրենք ստեղծել են քիմիական բարդ միացություն-հեղուկ, որը կարելի է փչել քարի մակերեսին և, արտաքին վնաս չպատճառելով հանդերձ, նրան տալ այնպիսի ամրություն, որ այլևս ոչ մի վտանգ չներկայացնեն ո'չ բնական պատահարները, ո'չ էլ ավերիչ դարերը:
Կգա ժամանակ,  երբ մեր խաչքարերը , այս եղանակով ամրացած ու ապահով, կշրջեն երկնեերկիր, ինչպես Դրեզդենի պատկերասրահի հրաշալիքները կամ Լուվրի կախարդական Ջոկոնդան, և հանուր մարդկությանը կծանոթացնեն իրենց կերտող ժողովրդի հանճարի հետ:
Չի կարելի չհավատալ այս ապագային:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries