A+ A A-

Գրիգոր Նարեկացի. եզակի երևույթ համաշխարհային մշակույթի պատմության մեջ

Գրիգոր ՆարեկացիԿեսգիշերային այս լռության մեջ
Նշանդ օրհնյալ` ձեռքիս մատներով
Քեզ եմ կարկառում, ո՜վ ամենատես,
Որ անգիտության խավարով երբեք չես աղոտանում,
Այլ բնակվում ես ու հանգչում ես միշտ
Անմատույց լույսի ջինջ ոլորտներում:
Գոհաբանությամբ աղաչում եմ քեզ`
Ա՛ռ վշտահարիս հզոր թևերիդ պաշտպանության տակ,
Փրկի՛ր ներխուժող խուռնամբոխ պղտոր այս ցնորքներից…
Գրիգոր Նարեկացի
Հայ միջնադարյան հոգևորական, բանաստեղծ, փիլիսոփա, տաղերգու, ինչպես նաև հայ գրականության վերածնության հիմնադիր Գրիգոր Նարեկացին ծնվել է 951 թ. Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում: Համաձայն կենսագիրների` նա կյանքի մեծ մասn անց է կացրել Վանա լճի հարավային ափին գտնվող Նարեկավանքում, ուստի ստացել է Նարեկացի անվանումը։
Հայրը` Խոսրով Անձևացին, եղել է իր ժամանակի ամենակրթված ու գիտակ անձնավորություններից մեկը, որը մեծ դեր է կատարել Նարեկացու կրթության և դաստիարակության գործում:
Այնուհանդերձ, Նարեկացու մյուս և ամենանշանավոր ուսուցիչը եղել է Նարեկա վանքի վանահայր Անանիա Նարեկացին՝ Գրիգորի մորական պապի եղբայրը: Նարեկացին երախտագիտությամբ է ասել է իր մեծահամբավ ուսուցչի մասին. « վարքով սուրբ և պարկեշտ »:
Վանքում Նարեկացին ձեռնադրվել է քահանա, ձեռք բերել հարուստ գիտելիքներ` դառնալով հայ և համաշխարհային գրականության մեջ իր անխախտ տեղը զբաղեցնող բանաստեղծ:
Գրիգոր Նարեկացին նշանակալից ժառանգություն է թողել. «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», 4 ներբող, գանձեր, տաղեր` 30-ից ավելի, «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ ստեղծագործություններ։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում է 10-րդ դարի հասարակական-հոգևոր կյանքի անցուդարձերը, իսկ գեղեցկության գաղափարն ինքնին մարմնավորում է Տիրամայրը։ Համանման աշխատանքների շարքում աչքի է ընկնում «Տաղ Վարդաւառի»-ն: Նարեկացու նորարարությունը կայանում էր նաև նրանում, որ գրականության պատմության մեջ նա, թերևս, առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա)
Մատեան ողբերգութեան
ոտանավորի երաժշտության համար։
Ինչևէ, դպրոցական հասակի երեխայից սկսած` մինչև ամենատարեց հայը գիտեն «Մատեան ողբերգութեան» պոեմի մասին, որը ժողովրդի մեջ դարերով տարածված է եղել «Նարեկ» անվանումով: Այն պահել են սրբազան մասունքի նման, փոխանցել են սերնդեսերունդ, մատենագիրները վկայում են, որ անգամ հիվանդներ են բուժվել «Նարեկ»-ով: Այն թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով, լուրջ ուսումնասիրության առարկա է դարձել հայ և օտարազգի բազմաթիվ հայտնի գիտնականների համար: Պոեմում պարփակված են բանաստեղծի խոհերը, ապրումներն ու տարակույսները` արդյոք ինքը երբևէ կարող է միանալ Աստծուն, իսկ Աստծուն հասնելու համար մարդը պետք է անարատ պահի իր գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհը տարատեսակ մեղքերից։ Բանաստեղծն իրեն է վերագրում համայն մարդկության մեղքերն ու հանցանքները, դատապարտում ամեն բացասականը` ապաշխարելով ողջ մարդկության անունից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գրիգոր Նարեկացին, որը բացառիկ երևույթ էր ոչ միայն հայ, այլև համաշխարհային միջնադարյան մշակույթի և մտքի պատմության մեջ, ստեղծել է այնպիսի համամարդկային արժեք ունեցող գործեր, որոնք ներշնչանքն են հանդիսացել այլազգի բանաստեղծների ու տաղերգուների համար, յուրաքանչյուր հայ աշխարհի ամեն մի ծագում պետք է հպարտությամբ արտաբերի նրա անունը:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries