A+ A A-

Սուրբ Հարությունը հոգու ծաղկունք է…

Սուրբ Հարությունը հոգու ծաղկունք է… Ինչպես արդեն նշել էինք մեր նախկին նյութի մեջ Սուրբ Զատկից սկսած ավելի քան 50 օրեր մեր Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշազարդ Սուրբ Հարության տոնը: Այս պատճառով էլ այդ 50 օրերը կոչվում են Հինանց շրջան կամ Հինունք` առաջացած հիսուն բառից:

Սուրբ Զատիկին հաջորդող կիրակին անվանվում է «Նոր կիրակի», իսկ ահա սրան հաջորդող կիրակին կոչվում է «Կանաչ կիրակի»: Այ այսպիսի անուններով են մեզ ներկայանում Սուրբ Զատիկին հաջորդող կիրակիները` խորհրդանշելով այն, որ Տիրոջ հաղթական Հարության շնորհիվ այլևս նոր կյանք ու նոր արարչագործություն է սկսվել` Այ այսպիսի, ինչու չէ նաև արտաքնապես բնավորության ու խառնվածքի դրսևորման տեսակետից:

Երբևէ մտածել ենք, թե ինչի համար են տոները ամեն տարի կրկնվում: Մեր Տերը միայն մեկ անգամ հարություն առավ, սակայն արդեն մոտավորապես 2000 անգամ մարդկությունը մեծ շուքով ու ցնծությամբ հարություն է տոնել` ինչու:

Այս հարցականների պատասխանը մեկն է` Եթե չկա հարություն, ուրեմն չկա և ԱՊԱԳԱ ու ԻՄԱՍՏ այս կյանքում: Եթե չի լինելու հարություն, ում հոգն է բարիք անել կամ  ինչ որ բան զոհել, տեղի տալ: Ինչու տանջվել ու բարիանալու ջանքեր ներդնել. չկա հարություն, հետևաբար չկա և դատաստան և արդարացում, պարգևների բաշխում, երանական կյանք ու հավիտենականություն Աստծու հովանու ներքո:

Տիրոջ հարությունը մարդկությանը տվեց երեք կարևորագույն առաքինություներ` ՀԱՎԱՏՔ, ՀՈՒՅՍ և ՍԵՐ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ը ասում էր, որ այս երեք առաքինություններից հավատքը նման է մեր կյանքի ճանապարհորդության նավի տախտակամածին, հույսը` առագաստներն է նավի, իսկ սերը` նավի ղեկն է: Իսկապես Վեհափառի այս բնորոշումը կարող է ուղենիշ լինել երիտասարդական անփորձ ու դեռևս դժվարությունների բովում չթրծված մեր կյանքի համար. երեք առաքինությունները գարնանային այս գեղեցիկ կիրակիի խորհրդով կարող են նաև ծաղկեցնել մեր հոգին և հրավիրել մեզ ծաղկելու ու զորանալու «իրենցով»` հիմնված հավատքի վրա, հույսի առագաստներով առաջ ընթացող և սիրո օրենքով ճիշտ կողմնորոշվող:

Հարությունը գարուն է բերում… այն ծաղիկ է տալիս մեզ, օդ, թարմություն, գեղեցկություն, սիրո տոներ, ուրախություն, ներշնչանք, և ամենակարևորը` ՍԵՐ: Սա այն սերը չէ,  որ ենթակա է փոփոխման կամ ավելի ահավոր` վերացման, սա անմնացորդ ու անդավաճան սեր է: Սա ապրեցնող ու կենսատու է, Այն մեզ Ստեղծողի վերաբերմունքն է մեր հանդեպ: Իր Միածնի հանդեպ մեր անարդարության անոխ կեցվածքն ու արտահայտությունն է…սովորենք, թե որն է ԻՐԱԿԱՆ ՍԵՐԸ:

Սուրբ Հարությունը առանձնակի կերպով է տոնախմբում հատկապես մեր ժողովուրդը: Սուրբ Հարությունը արտահայտվում է մեր ժողովրդի ստեղծագործական կյանքի բոլոր ոլորտներում` հիշենք հատկապես մեր «Ծաղկյալ խաչքարերը»: Մեր սրբավայրերում և մեր «Թանգարանային երկրում» ամենուր բազմիցս տեսել ենք թևավոր խաչեր` հարությամբ գոտիավորված ու ծլարձակած խաչեր` մեր հոգու անսահման բերկրանքի կերտումները:

Սիրելիներ, ինչքան լավ է, երբ կա հարություն. Էլ երբ պիտի խոսեինք բարության ու արդարության մասին, ինչ տոներ պիտի ստիպեին մեզ սիրելու ինքներս մեզ և իրար…

Մեր ունեցած տոների մեծ մասը մեր հեղինակածներն են, մենք ենք հորինել. Բայց այս մեկը վստահաբար մերը չէ` սա Երկնային տոն է, սա գերբնական ու վերբանական տոն է` մեզ սքանչելիքներով զարդարող և դեպի վերարթնացում տանող:

Մեր լեզվամտածողությամբ ասած` Սուրբ Հարությունը մեր «շանսն է » փրկության. Սերնդե սերունդ անցնելով տարբեր դարերի շրջադարձների միջով` Այն ծաղկեցնում ու պայծառացնում է մեր հոգիները, մեր սրտերն ու մեր մտքերը` մինչև կգա Նա` այս տոնական գարունքի Տերն ու Տնօրենը` ՀԱՐՈՒՑՅԱԼԸ… {jacomment on}

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries