A+ A A-

«Դո՛ւք եք երկրի աղը…»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոն(Մատթ. 5:13)
«Գնացե´ք, ուրեմն, եւ բոլոր ժողովուրդներին իմ  աշակերտնե´րը դարձրեք: …Սովորեցրե´ք նրանց այն բոլոր պատվիրանները, որ տվեցի ձեզ: Եւ ահա Ես ձեզ հետ կլինեմ միշտ ` մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթ. 28: 19-20):
Հավատարիմ Տիրոջ այս պատգամին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի երիտասարդները, Կենտրոնի հոգեւոր պատասխանատու Հոգեշնորհ Հայր  Թովմա աբեղա Խաչատրյանի  գլխավորությամբ շարունակում են իրենց առաքելությունը` կրթելու, եղեղեցանվեր հոգով դաստիարակելու մատաղ սերնդին, Տիրոջ խոսքն ու պատվիրանները հասցնելու երիտասարդներին: Այս նպատակին է ուղղված  Կենտրոնի` «Քրիստոնյայի վարքը»  ծրագիրը, որ ներառում է ուսուցողական պարզ, մատչելի նյութ` եկեղեցում վայելուչ պահվածքի, ինչպես նաեւ  քրիստոնյայի համար կարեւոր շատ այլ պարագաների մասին` նախատեսված դպրոցներում, հանրակրթական այլ հաստատություններում իրականացնելու համար:
Այս կիրակի Մայր Աթոռում տեղի ունեցավ ՔԿ-ի առաջին պաշտոնական համագումարը:  Հայր Թովման, ներկայացնելով «Քրիստոնյայի վարքը», նշեց, որ յուրաքանչյուրիս համար առաջնայինը հոգեւոր արժեքներին հետամուտ լինելն է, Քրիստոսի Ավետարանի պատգամները, սիրո պատվիրանը, ներողամտությունը, ողորմածությունն ու բազում այլ պատգամներ մեր առօրյայի մեջ կյանքի կոչելը, այս ամենի շնորհիվ` մեր հոգեւոր փրկությունը: Ծրագիրը կյանքի կկոչվի   Կենտրոնի  տարբեր մասնաճյուղերում: Համագումարին ներկա էին Վաղարշապատի, Երեւանի, Աբովյանի, Չարենցավանի եւ Մարտունու Քարոզչական կենտրոնների վարչական կազմերի անդամները, ներկայացուցիչներ Հայաստանի տարբեր համայնքներում նոր կազմակերպվող կենտրոններից` Արտաշատ, Ամասիա, Հրազդան, Գորիս, Մեծամոր, ովքեր եւ ներկայացրին իրենց հետագա ծրագրերն ու անելիքները: Ընթերցվեցին բանախոսություններ մի շարք արդիական թեմաներով` «Պատասխանատվության զգացում», «Բարություն, բարեգթություն հասկացությունները մեր կյանքում», «Հուսալքվածներ և մխիթարվածներ», «Ընկերասիրություն», «Քրիստոնեական սիրո մասին», «Եկեղեցի-պետություն» եւ այլն:
Եղան առաջարկներ և քննարկումներ Քարոզչական կենտրոնի հետագա գործունեության վերաբերյալ:
ՔԿ-ի աստվածահաճո ձեռնարկներն ու ծրագրերն այսօր շարունակում են հաջողությամբ իրականացվել բոլոր մասնաճյուղերում` ներգրավելով նորանոր անդամների, կրթելով եւ դեպի եկեղեցին ու ճշմարիտ հավատքն ուղղորդելով նրանց:  Տերն ինքն է մեզ պատվիրում. «ՙԴո՛ւք եք աշխարհի լույսը:… Ոչ ոք ճրագը վառելով կաթսայի տակ չի պահում, այլ այն դնում է աշտանակի վրա, որպեսզի լույս տա տան մեջ գտնվողներին: Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջեւ, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը եւ փառաբանեն ձեր Հորը, որ երկնքում է»  (Մատթ. 5:13-16):
 
Մարիամ Ավետիսյան
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries