A+ A A-

Սոուլի հայրը` Ռեյ Չարլզ

Ռեյ ՉարլզԱնհնար է չգնահատել Ռեյ Չարլզի ներդրումը ժամանակակից երաժշտության մեջ: Չլիներ Ռեյ Չարլզը, չէին լինի այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Սթիվի Ուանդերը, Ջո Կոկերը, Էրիկ Կլեպտոնը և այլոք, ովքեր կույր դաշնակահարին համարում են իրենց հոգևոր կնքահայր:
Ռեյն այնպիսի երաժիշտներից էր, ով երբեք չէր բավարարվում նրանով, ինչ կար, նա նորությունների և մշտական շարժման կարիք ուներ: Նա ավելի քան 70 ստուդիական և համերգային ալբոմների հեղինակ է, 50 տարվա ստեղծագործական պատմություն ունի, հմայիչ երգիչ է, հիանալի դաշնակահար, գործիքավորող և խմբավար:
Ռեյ Չարլզ Ռոբինսոնը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 23-ին Ջորջիա նահանգում աղքատ ընտանիքում: Նա չէր տեսել հորը, ապրում էր մոր և եղբոր հետ: Աղքատությանը շուտով ավելանում է անբուժելի հիվանդությունը. յոթ տարեկանում տղան կուրանում է: Դրանից առաջ փոքրիկ Ռեյը սարսափելի ցնցում է ապրում. նրա եղբայրն ընկնում է եռացող ջրի կաթսայի մեջ և մահանում նրա աչքերի առաջ: Ռեյը սովորում է գրել, կարդալ, ապա նաև նոտաներ ձայնագրել Բրայլի մեթոդով: Ռեյը 15 տարեկան էր, երբ մայրը մահանում է: Տեղափոխվելով Սիեթլում նա հաջողացնում է աշխատանք գտնել տեղական ակումբներում և սրճարաններում:Ռեյ Չարլզ
40-ականների վերջին Ռեյ Չարլզն արդեն համագործակցում էր փոքր ձայնագրման ընկերությունների հետ և ձայնագրություններ էր անում փոփ և R&B ոճերում: 1951 թվականին նրա «Baby, Let Me Hold Your Hand» երգը որոշակի հայտնություն է ստանում և տեղ է գտնում R&B հիթ-շքերթներում: Թեև Ռեյի առաջին ձայնագրությունները դժվար թե կարողանային ինչ-որ բանով գրավել, չնայած դրանցում արդեն իսկ զգացվում էր ապագա աստղը:
50-ականների սկզբին նրա երաժշտության հնչողությունը փոխվում է` կրկնօրինակումներից անցնելով ավելի ինքնուրույն արվեստի: 1952 թվականից նա համագործակցում է Atlantic Records ընկերության հետ, որտեղ էլ Ռեյը գտնում է իր իրական ձայնը: Նա ձայնագրում է հայտնի «I Got a Woman» երգը:Ռեյ Չարլզ
50-ականներին սոուլը որպես ոճ գոյություն չուներ: Ռեյ Չարլզի այդ տարիների աշխատանքն ուղղված էր նոր ոճի ստեղծման վրա: "This Little Girl of Mine", "Greenbacks", "Drown in My Own Tears", "Hallelujah I Love Her So", "Mary Ann", "Lonely Avenue" և "The Right Time" երգերն արդեն նոր ոճի մեջ էին: Երգչի երկրպագուների մեծ մասը սևամորթ մարդիկ էին, իսկ նրա կատարումների ճնշող մեծամասնությունը պատկանում էր «սև» սինգլների ցուցակին: Իսկական առաջընթաց էր 1959 թվականը, երբ երգիչը ներկայացրեց «What'd I Say» սինգլը, որտեղ հուզիչ վոկալը համադրված էր եկեղեցական մթնոլորտի հետ: «What'd I Say» երգը, որ արդեն երկար ժամանակ է դասականների շարքին է դասվում, բազմաթիվ կատարողների երգացանկում է:
Այժմ Ռեյ Չարլզն արդեն սկսակ երիտասարդ չէր, նա հայտնի երգիչ էր և հասուն հեղինակ, ովքեր ձայնագրման ստուդիային էր թելադրում իր պայմանները: 1960-63-ին ձայնագրված ութ սկավառակները բարձրանում են հիթ-շքերթների վերին հորիզանականներ, իսկ ամեն նոր երգ հիթ էր դառնում: "Georgia On My Mind", "Hit the Road Jack", "You Don't Know Me" երգերը Ռեյ Չարլզին դարձնում են համաշխարհային աստղ:
1962-ին Չարլզը տարվում է քանթրի երաժշտությամբ: Նոր երգերը չեն հիասթափեցնում արդեն միլիոնավեր երկրպագուներին: 60-ականներն ընդհանրապես Ռեյ Չարլզի կարիերայի լավագույն տարիներն էին: Busted", "You Are My Sunshine", "Take These Chains From My Heart", "Crying Time", "Love Me With All Your Heart", "Together Again" հիթերը պատկանում են այդ տարիներին: 60-ականներին նա ստանում է յոթ Գրեմմի:
Երգչի կարիերան կանգ է առնում 1965-ին, երբ նրան ձերբակալում են հերոին թաքցնելու համար: Դա կարող էր ավելի վաղ լինել, որովհետև հերոինի նրա փորձն ավելի քան 20 տարի էր: Մոտ մեկ տարի նա բանտում է անցկացնում: Դրանից հետո նա անմիջապես վերադառնում է իր գործին և սկսում ստեղծագործել ջազային և փոփ մեղեդիներ:
Ռեյ Չարլզը հասնում է այնպիսի բարձրությունների, որ մի տեսակ անհարմար էր նրան քննադատելը: Չարլզը ամերիկյան երաժշտության մարմնացում է: Նա ամերիկյան երազանքի մարմնացումն է: Սակայն փաստը մնում է փաստ. իր կարիերայի վերջին 30 տարիներին նա հպարտանալու գրեթե բան չուներ: Նրա միլիոնավոր երկրպագուները հիացմունքով ընդունեցին նրա վերադարձը դեպի սոուլ երաժշտություն: Սակայն չգիտես ինչու Ռեյն այլևս նույն կիրքը չէր զգում սոուլի հանդեպ: Նա ավելի շատ տարված էր ջազով, քանթրիով և փոփով: Նա շարունակում էր ձայնագրություններ անել, սակայն դրանք այլևս նույն ոգևորությունը չէին առաջացնում: 1975 թվականին նա Գրեմմի է ստանում R&B ոճում լավագույն վոկալի համար:Ռեյ Չարլզ
Աշխարհի տարբեր ծայրերում Չարլզը հավատարիմ երկրպագուներ ուներ, ովքեր հազարավոր դահլիճներ էին լցնում: Անգամ 60 տարեկանում Չարլզը անհավանական վոկալ ուներ: 1990-ականների հիթերն էին "I'll Be Good to You", "Song for You", "My World" երգերը:
CD սկավառակների հայտնվելուց հետո Ռեյ Չարլզի երգերը պարբերաբար վերամշակման են ենթարկվում և վերաթողարկվում են արդեն նոր ֆորմատով: 90-ականներին նա երգեր է ձայնագրում Pepsi-ի գովազդների համար: Նրա դիսկոգրաֆիան այդ տարիներին հարստանում է նոր երգերով:
2003-ի մայիսին Չարլզը Լոս Անջելեսում համերգ է տալիս 10 հազար հանդիսական ունեցող դահլիճում: 50-ամյա իր կարիերայի ընթացքում նա մոտ 200 անգամ ելույթ է ունեցել: Այդպես էլ կշարունակվեր, սակայն առողջությունը տեղի տվեց: Նա ստիպված հետաձգեց մի շարք համերգներ, սակայն չէր կարող ամբողջովին հրաժարվել աշխատանքից: 2004-ին սոուլի հայրը լքում է աշխարհը…

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries