A+ A A-

Վլադիմիր Վիսոցկի

Վլադիմիր ՎիսոցկիՎլադիմիր Վիսոցկին ծնվել է 1938 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում: Վիսոցկին միանգամից չէր կողմնորոշվել, որ ցանկանում է դերասան դառնալ: Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է ճարտարապետա-շինարարական ինստիտուտ, սակայն կես տարի սովորելուց հետո թողնում է ուսումը: Այդ որոշումը նա կայացրել է 1995 թվականի դեկտեմբերի 31-ին: Վիսոցկին իր դասընկեր Իգոր Կոխանովսկու հետ որոշել էր ամանորի գիշերը շատ յուրօրինակ անցկացնել: Նրանք ստիպված էին քննության համար գծագրեր նկարել: Զանգերի ղողանջներից հետո ընկերներն անցնում են աշխատանքի: Ժամը երկուսին դրանք պատրաստ էին: Սակայն հանկարծ Վիսոցկին վերցնում է ներկերի տուփն ու այն թափում գծագրերի վրա: «Վերջ: Դեռ կես տարի ժամանակ ունեմ, որպեսզի թատերական ընդունվեմ: Իսկ սա իմը չէ»: 
Բազմաթիվ բարդերի կողքին Վլադիմիր Վիսոցկին դեռևս անմար աստղ է: Հեղինակային երգի հանդեպ Վիսոցկու հետաքրքրությունը ծագել է Բուլատ Օկուջավայի արվեստին ծանոթանալուց հետո: Վիսոցկին Օկուջավային իր ուսուցիչն էր համարում: 
Իր առաջին երգերը Վիսոցկին սկսել է գրել 60-ականների սկզբին: Այդ երգերը «բակային ռոմանտիկայի» ոճում էին և լուրջ չէին ընկալվում ոչ Վիսոցկու, ոչ էլ իր առաջին ունկնդիրների կողմից: Մի քանի տարի անց` 1965 թվականին, նա գրում է հայտնի "Подводная лодка" երգը, որի մասին Իգոր Կոխանովսկին հետագայում կգրի. «"Подводная лодка"-ն արդեն լուրջ էր: Եվ կարծում եմ, որ այդ երգը հայտարարեց, որ նրա պատանեկան արվեստի ժամանակի վերջն է եկել»:Վլադիմիր Վիսոցկի
Մոտավորապես այդ ժամանակ Վլադիմիր Վիսոցկին գալիս է Տագանկայի թատրոն, որը, իր խոսքերով, դառնում է «իր թատրոնը»: «Թատրոն եկավ մի երիտասարդ: Հարցրեցի նրան, թե ինչ է ուզում անել, նա էլ ասաց, թե մի քանի երգ է գրել, խնդրեց լսեմ: Համաձայնեցի: Մեր հանդիպումը պետք է որ հինգ րոպեից ավել չտևեր, բայց ես մեկուկես ժամ լսում էի նրան»,- հիշում է Յուրի Լյուբիմովը: Այսպես սկսվեց Վիսոցկու ուղին Տագանկայի թատրոնում: Սակայն այնտեղ ամեն ինչ չէր, որ հարթ էր անցնում: Յուրի Լյուբիմովի հայրական վերաբերմունքը Վիսոցկու հանդեպ առաջացնում էր կոլեգաների նախանձը:
Թատրոնի հետ միաժամանակ Վիսոցկին նկարահանվում էր կինոյում: Նրա ամենահայտնի և ամենասիրած կինոդերը "Место встречи изменить нельзя" հեռուստասերիալում Ժեգլովի դերն էր, որը շատ ռեալիստական էր ստացվել: Բազմաթիվ հեռուստադիտողներ համոզված էին, որ Գլեբ Ժեգլովը հորինովի կերպար չէր:Վլադիմիր Վիսոցկի
Իսկ հետո եկավ Սերը… Մարինա Վլադին նրա կյանք մտավ 1967 թվականին: Վիսոցկին սիրահարվեց նրան "Колдунья" ֆիլմից հետո: Նա օրը մի քանի անգամ դիտում էր այդ ֆիլմը, տարիներ շարունակ երազում հանդիպման մասին: Եվ վերջապես այն կայացավ: Ծանոթությունը կայացավ ВТО ռեստորանում: «Աչքիս ծայրով նկատում եմ, որ մեզ է մոտենում ոչ բարձրահասակ, վատ հագնված մի երիտասարդ: Ես նայում եմ նրան, և նրա բաց-շագանակագույն աչքերը մի պահ գրավում են ուշադրությունս: Նա մոտենում է, լուռ բռնում ձեռքս, համբուրում այն, նստում կողքիս: Նրա լռությունը չի մտահոգում ինձ, մենք միմյանց այնպես ենք նայում, կարծես երկար տարիներ ճանաչում ենք իրար»,- նկարագրում է Մարինա Վլադին իրենց առաջին հանդիպումը:
«Աշխատել է պետք»,- Վիսոցկու սիրած արտահայտությունն էր: Եթե նա կարողանար, 24 ժամ կաշխատեր: 3-4 ժամ քուն, մնացածը` աշխատանք: Իր երգերը նա հիմնականում գիշերն էր գրում: Տուն էր գալիս ներկայացումից հետո ու անցնում աշխատանքի: Մարինան նրան տաք թեյ էր տալիս ու լուռ նստում անկյունում: Երբեմն նա քնում էր, իսկ Վիսոցկին առավոտյան արթնացնում էր նրան, որպեսզի կարդա գիշերը գրած բանաստեղծությունները: 
Վիսոցկին հեղինակային երգի մասին ասում էր. «Հավաստիացնում եմ, որ հեղինակային երգը շատ մեծ աշխատանք է պահանջում: Այդ երաժշտությունն ապրում է ինձ հետ, քուն ու դադար չի տալիս»:
1980-ի հուլիսի 25… Ողջ Մոսկվան էր կարծես Վիսոցկուն հողին հանձնում, թեև մահվան պաշտոնական լուրը չէր տրվել. այդ պահին Մոսկվայում Օլիմպիական խաղեր էին ընթանում: Միայն թատրոնի դրամարկղի ապակուն մի համեստ գրություն էր փակցված. «Մահացել է դերասան Վլադիմիր Վիսոցկին»: Ոչ ոք չվերադարձրեց իր տոմսը…

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries