Ռոբերտ Վուդ. «Ուսումնասիրել անփոփոխ օրենքները»
- Մանրամասն

Նա երկար ու զարմանալի երջանիկ կյանքով է ապրել : Միշտ զբաղվել է այն բանով, ինչ սիրտն ուզել է: Ունեցել է հրաշալի կին, լավ երեխաներ, տաղանդավոր աշակերտներ: Երբեք չի բողոքել առողջությունից, ֆինանսական դժվարություններ չի կրել: Սակայն ամբողջ կյանքում նրան տանջել է մի բան` անհագուրդ հետաքրքրությունը: Տանջել է, բայց և պարգևել այն ամենամեծ շնորհը, որ տրվում է մարդուն` հայտնագործել անհայտը:
Նա չէր կարող և չէր ուզում իր գիտությունը առանձնացնել իրեն շրջապատող կյանքի բազմազանությունից: Երբեմն թվում է, թե նա թեթևամտությամբ է վարում իր հետազոտությունները: Կենսուրախ, վիթխարի ու անսպառ էներգիայով ու հումորով այս մարդը խաղ էր անում լաբարատորիաներում:
Շատերն են սիրում ձուկ բռնել: Վուդին հետաքրքրում է, թե ձուկը ինչ է տեսնում ջրի տակ և ինչպես է տեսնում, ու նա հնարում է «Ձկան աչք» ֆոտոխցիկը:
Ի՞նչ է անում սովորական մարդը, եթե իրենից մի քանի քայլ հեռավորության վրա կայծակը խփում է գետնին: Իհարկե` թաքնվելու
տեղ է փնտրում: Վուդը վազում է լաբարատորիա, հալում է ութ ֆունտ անագ և լցնում է այն ճեղքը, որ գոյացել էր գետնի մեջ ամեհի էլեկտրական լիցքի հարվածից: Հետո նա հողից հանում է սառած մետաղը և ստանում է կայծակի «ինքնագիրը»:

Անսպառ է նրա կենսախինդ հետաքրքրասիրությունը: Նա հաճույք է ստանում զբոսանավակից և դահուկից, լուսանկարելուց և տախտակով ալիքների վրա սահելուց: Նա այդ տարիներին գրում է «Ինչպես թռչուններին տարբերել ծաղիկներից» զվարճալի գիրքը, որը ունենում է 20-ից ավելի հրատարակություն և թարգմանվում է այլ լեզուներով: 50-ամյա գիտնականը միշտ երիտասարդների միջավայրում է ու միշտ ամենահնարամիտ ու ամենազվարճալի խաղեր հնարողը:
Գրող Վիլյամ Սիբրուկը գրել է Ռոբերտ Վուդի հրաշալի կենսագրությունը: Սիբրուկը գրում է. «Ռոբերտ Վիլյամս Վուդը գերշնորհալի ամերիկացի մի տղա է, որն իր ողջ կյանքում երբեք չմեծացավ»:
Այս բնորոշումը շատ ճիշտ է թվում: Եվ այս դեպքում նա միակ փոքրիկ տղան է, որի անունը հավերժորեն գրվել է գիտության պատմության մեջ: