A+ A A-

Գարիկ Բուլդոգ Խառլամով

Գարիկ Բուլդոգ ԽառլամովՌուս հայտնի շոումեն, դերասան, հեռուստահաղորդավար, Comedy Club հեռուստանախագծի մասնակից Գարիկ Բուլդոգ Խառլամովը ծնվել է 1980 թվականի փետրվարի 29-ին Մոսկվայում: Մանկուց Գարիկը վառ արտահայտված դերասանական տաղանդ ուներ. նա սիրում էր ընտանիքի անդամների համար ներկայացումներ պատրաստել և ծիծաղեցնել բոլորին: Իմպրովիզը Գարիկի գլխավոր խաղաքարտն էր դեռ մանկուց: Նա չէր սիրում ճշգրիտ գիտությունները, սակայն մեծ սիրով ուսումնասիրում էր հումանիտար առարկաները` գրականություն, պատմություն: Երբ Գարիկը հիշում է, թե ինչպես իրեն հեռացրին դպրոցից, խոստովանում է. «Մայրիկի հարցում բախտս բերել է. նա շատ դեմոկրատ է: Երբ դպրոցից տուն եկա ու ասացի, որ ինձ հեռացրել են, նա ասաց` դե ինչ արած, հեռացրել են, թող հեռացնեն, աշխարհի վերջը չէ, ուրիշ դպրոց կգտնենք»:
Դեռահաս տարիքում` ծնողների ամուսնալուծությունից հետո, Գարիկը հոր հետ տեղափոխվում է ԱՄՆ: 16 տարեկանում Չիկագոյում Գարիկն ընդունվում է Հարենդտի դպրոց-թատրոն: Մոսկվա վերադառնալով` Գարիկն ընդունվեց և հաջողությամբ ավարտեց Կառավարման համալսարանը: Սակայն այդպես էլ չաշխատեց իր մասնագիտությամբ:
Գարիկը հիշում է. «Համալսարան ընդունվելուն պես հասկացա, որ դա իմը չէ, փոխարենը սկսեցի խաղալ համալսարանի` КВН-ի թիմում և սցենարներ գրել: КВН-ը դասերից խուսափելու հիանալի առիթ է: Նահանգներում դասերից խուսափելու համար ամերիկյան ֆուտբոլ են խաղում, իսկ մեզ մոտ` КВН: Ամեն դեպքում կրթություն էլ, դիպլոմ էլ ստացա»:
Համալսարանում Գարիկը խաղում էր «Сборная Москвы» և «Незолотая молодёжь» թիմերի կազմում: Նա յոթ տարի մնաց КВН-ում, սակայն արդյունքում փոխեց այն Քոմեդի Քլաբի հետ: Հաղորդման գաղափարը ծնվել էր «Новые армяне» թիմի տղաների մոտ դեռևս հեռավոր 2003 թվականին: Ոչ ոք վստահ չէր, որ շոուն հաջողություն կունենա ու բառիս բուն իմաստով կպայթեցնի հեռուստաեթերը: Սկզբից տղաները միայն բացասական արձագանքներ էին ստանում, սակայն աստիճանաբար շոուն ճանաչում ձեռք բերեց, իսկ Քոմեդի Քլաբի տղաները ոչ միայն փառք ձեռք բերեցին, այլև կարողացան իրագործել իրենց սեփական նախագծերը: Քոմեդի Քլաբի համաձակ ու սադրիչ հումորը դուր եկավ բոլոր նրանց, ովքեր հոգնել էին «Аншлаг»-ի հումորից:
Բուլդոգ մականունը դերասանին մնաց այն բանից հետո, երբ նա մի հեռուստահաղորդում էր վարում. ««Երեք կապիկ» անվանումով շոու էի վարում, որտեղ եթե անգամ մասնակիցները ճիշտ պատասխան էին տալիս, ես կարող էի այն հաշվի չառնել: Եվ պրոդյուսերն ասաց, որ ես Բուլդոգ կլինեմ, որպեսզի էլ ավելի վախեցնեմ մասնակիցներին: Իսկ երբ Քոմեդի Քլաբում մականուններ էինք հորինում, անունս հենց Բուլդոգ էլ մնաց»:Գարիկ Բուլդոգ Խառլամով
«Самый лучший фильм» ֆիլմի մասին Գարիկն ասում է. «Մենք չենք ասում, որ գլուխգործոց ենք նկարել: Մենք նկարել ենք այս ֆիլմը, որպեսզի ապացուցենք, որ մենք էլ կարող ենք աբսուրդային կատակերգություններ նկարել: Մեր ֆիլմը նախատեսված է 18-20 տարեկան լսարանի համար, իսկ հասուն հանդիսատեսին այն դժվար թե դուր գա»: Գարիկ Խառլամովը դժվարանում է պատասխանել, թե որն է իր համար ավելի կարևոր` կինոն, թե Քոմեդի Քլաբը: Նա միշտ հետաքրքրությամբ փորձում է իրեն նոր նախագծերում. 2009 թվականին թողարկվեց «Самый лучший фильм-2» ֆիլմի շարունակությունը, իսկ 2010 թվականին Գարիկն ունեցավ իր սեփական` «Բուլդոգ-շոուն», որը հեռարձակվում էր НТВ հեռուստաալիքով:

Գարիկ Խառլամովի անձնական կյանքը

Երկար ժամանակ Գարիկը հանդիպում էր «Фабрика звезд»-ի մասնակից Սվետլանա Սվետիկովայի հետ, սակայն 2.5 տարվա հարաբերություններից հետո նրանք բաժանվում են: Դրանից հետո Գարիկը ծանոթացավ Յուլյա անունով մի աղջկա հետ, ով աշխատում էր Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում: Գարիկը գտավ իր երազանքների աղջկան և 2010 թվականի սեպտեմբերի 4-ին ամուսնացավ: 
Իր կնոջ մասին Գարիկն ասում է. «Ինձ համար նա իդեալական կին է: Ես ամեն ինչում կայունություն եմ նախընտրում. որքան կայուն, այնքան հանգիստ: Յուլյան ակումբային մարդ չէ. նա տան տիկին է` եփում-թափում, պատրաստում: Նրա մոտ բացակայում է այն, ինչ ես ատում եմ կանանց մեջ. տղամարդ դառնալու ձգտումը: Թեև մեր հարաբերությունների սկզբում պահ կար, երբ Յուլյան իրեն ոչ հասուն էր պահում, սակայն կյանքի իմաստության չափաբաժինն իմ կողմից ստանալուց հետո դա անցավ»:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries