A+ A A-

Սուրբ քույր Թերեզան

Սուրբ քույր Թերեզան
«Որքան շատ սեր, իմաստություն ու բարություն հայտնաբերեք ձեր մեջ, այնքան ավելի
շատ դրանք կնկատեք ձեզ շրջապատող աշխարհում»: Մայր Թերեզա
Նա կարող էր վեց հազար հոգու համար ընթրիք պատրաստել, մի քանի օր շարունակ չքնել, անձնուրաց խնամել բորոտավոր հիվանդներին և... ժպտալ: Մայր Թերեզան բացել և կազմակերպել է ավելի քան 60 դպրոցների, որբանոցների և աղքատանոցների աշխատանքը: 
Մակեդոնական Սկոպյե քաղաքում ծնված աղջիկը 21 տարի շարունակ Ագնես անունն էր կրում: Իր կամքով նա ուխտ ընդունեց և վերցրեց միանձնուհի Թերեզայի անունը: Շուտով քույր Թերեզան դարձավ XX դարի ողորմածության խորհրդանիշ: Նրանով հիանում էին, դեռ կենդանության օրոք նրան սուրբ էին համարում: Նրան հանդիպած ամեն ոք մինչև կյանքի վերջ հիշում էր նրան, որովհետև այս փխրուն կինը լույս ու հույս էր ճառագում: «Ամեն մարդու մեջ ես Քրիստոսին եմ տեսնում: Իսկ քանի որ Քրիստոսը միշտ մեկն է, ինձ համար տվյալ պահին նա այն մարդն է, ով իմ դիմաց է»,- ասում էր մայր Թերեզան:

Մանկությունը

Խարտյաշ մազերով Ագնեսը` բարի ու հնազանդ մի աղջիկ, ապրում էր մակեդոնական փոքրիկ Սկոպյե քաղաքում: Դա մի հետաքրքիր քաղաք էր թուրքական բոլոր հատկանիշներով` աղմկոտ շուկաներ, մինարեթներ, մեծամասամբ թուրք բնակչությամբ: Ագնեսի ընտանիքը բարեկեցիկ էր` հայրը զբաղվում էր դեղորայքի և իտալական ապրանքների ներմուծմամբ ու առևտրով: Ագնեսը տան փոքրն էր. ծնվել է 1910 թվականին օգոստոսի 26-ին: Մանկուց նա առանձնանում էր ռոմանտիկությամբ ու բարեպաշտությամբ, երգում էր եկեղեցական երգչախմբում, օգնում էր մայրիկին տան գործերում: Շատ երազանքներ ուներ` ցանկանում էր դառնալ գրող, հետո երաժիշտ, իսկ հետո` միսիոներ Աֆրիկայում: Վերջին երազանքն իրականացավ, միայն թե «սև» մայրցամաքի փոխարեն Ագնեսը հայտնվեց Հնդկաստանում:

Մենաստան

Ագնեսը 14 տարեկան էր, երբ հայրը մահացավ: Այս դեպքը ցնցեց ընտանիքը` հետին պլան Մայր Թերեզամղելով առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններն ու Ալբանիայի անկախության հռչակումը: Ընտանիքի մայրը հավաքեց ուժերն ու սկսեց աշխատել, որպեսզի պահի ընտանիքը: Կրտսեր դուստրը խնդրեց մոր օրհնությունը միանձնուհի դառնալու համար: Մայրը ցնցվել էր աղջկա պլաններից: Նա չէր կարող պատկերացնել, որ իր համեստ ու խելամիտ աղջիկը երբևէ կցանկանա միանձնուհի դառնալ: Մի քանի օր մտորելուց հետո նա, ամեն դեպքում, տվեց իր օրհնությունը: Ավագ եղբայրը, որ սովորում էր Ավստրիայի ռազմական ակադեմիայում, իմանալով քրոջ որոշման մասին, նրան նամակ գրեց, որտեղ քրոջ որոշումը քմահաճույք կոչեց: Ագնեսը վրդովվեց. «Դու քեզ կարևոր ես զգում, որովհետև ծառայելու ես երկու միլիոն հպատակ ունեցող թագավորի՞: Ես ծառայելու եմ ողջ աշխարհի թագավորին»:
Մենաստանում ծառայելու ժամանակ քույր Թերեզան գաղտնի նամակագրական կապ էր պահպանում Հռոմի հետ` նպատակ ունենալով ստանալ ազատ միանձնուհու կարգավիճակ: Նա ապրում էր այն զգացումով, որ Աստված իր համար ուրիշ ճակատագիր էր նախատեսել` օգնել դժբախտ և լքված մարդկանց: 1946 թվականին մայր Թերեզան վերջապես ստանում է այդ թույլտվությունը: 

Լքյալների մեջ

Հրաժեշտ տալով մենաստանին, որտեղ շատ քույրեր սիրում և գնահատում էին նրան, 38-ամյա Թերեզան տեղափոխվում է քաղաքի ծայրամասեր: Միանձնուհու հագին էժանագին սարի էր, իսկ գրպանում նրա ողջ ունեցվածքն էր` 5 ռուպի: Առաջին օրից նա ծառայեց իր նպատակին` օգնել բոլոր մերժված մարդկանց անկախ տարիքից ու դավանանքից: Մի անգամ մայր Թերեզան տեսավ, թե ինչպես մի տղա սայլակի վրա իր հիվանդ մորը բերեց ու թողեց հիվանդանոցի դռների մոտ: Կինը պատված էր քոսով, կենդանի-կենդանի փթում էր: Թերեզան փորձեց համոզել բժիշկներին վերցնել կնոջը, սակայն նրանք չհամաձայնեցին: Ինքը նույնպես անկարող էր օգնել կնոջը: «Ես չէի կարողանում մնալ նրա կողքին, դիպչել նրան, տանել նրա հոտը: Հեռու վազեցի ու սկսեցի աղոթել սուրբ Մարիամին ինձ ուժ տալու, որ կարողանամ սիրել Քրիստոսին այս կործանված մարմնում: Վերադարձա նրա մոտ, լողացրեցի նրան, օգնեցի: Նա մահացավ` ժպիտը դեմքին: Դա նշան էր, որ ես հասկանայի, որ Քրիստոսի սերն ու իմ սերը դեպի Քրիստոսն ավելի ուժեղ են, քան իմ թուլությունը»:
1950 թվականին Հռոմի եկեղեցին ընդունում է մայր Թերեզայի գործունեությունը: Շուտով քաղաքում տարածվում է սուրբ միանձնուհու մասին լուրը, ում անվանում էին «ծայրամասերի սուրբ»: Նրա մասին իմանում է քաղաքի ղեկավարությունը: Մայր Թերեզան իր շուրջ է հավաքում իրեն օգնել ցանկացող քույրերին: 

Գթասրտության հերոսական արարքը

Մայր ԹերեզաՔույրերն ապրում էին այնպես, ինչպես նրանք, ում մասին իրենք հոգ էին տանում: Նրանց կյանքը դժվար էր, աշխատանքը` հոգնեցնող. մաքրել, լվանալ, համբերել, չզզվել հիվանդների սարսափելի վերքերից: Մայր Թերեզան իր օրինակով բոլորին ցույց էր տալիս, թե ինչպիսին պետք է իսկապես գթասիրտ մարդը լինի: Մայր Թերեզան կասկածների դեմ միակ արժանի միջոց էր համարում Աստծուն դիմելը: Նա օգնության էր գնում բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեին: Նա բացեց ավելի քան 60 դպրոց, որբանոց և աղքատանոց, որոնք գոյություն ունեին բարեգործների օգնության շնորհիվ:
Մայր Թերեզան ցույց տվեց հնդիկներին, որ բորոտը ոչ թե Աստծո անեծք է, այլ հիվանդություն, որի դեմն առնել հնարավոր է: Հատուկ բնակավայր կառուցվեց, որտեղ բոլորտավոր հիվանդներն ապրում էին մինչև ամբողջությամբ կբուժվեին: Այստեղ երեխաներ էին ծնվում, որոնք, ի դեպ, լիովին առողջ էին: Մայր Թերեզան խոսում էր արքաների և աղքատների հետ, ելույթ էր ունենում լիքը դահլիճներում: 
Մայր Թերեզան մահացավ 87 տարեկան հասակում` իր հետևից թողնելով հավատն այն բանի, որ գթասրտությունը կփրկի աշխարհը:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries