A+ A A-

Ջեք ճնճղուկ,Սուիննի Թոդդ... Ջոննի Դեպ

Ջոննի ԴեպԵս ոչինչ չգիտեմ կյանքի մասին,
սակայն մահու չափ ցանկանում եմ ապրել.
Ջոննի Դեպ
 
Ջեք ճնճղուկ, Էդվարդ մկրատե ձեռքեր, Սուիննի Թոդդ... Էլ ինչքա՞ն բնավորություններ են թաքնված մի մարդու մեջ: Ջոննի Դեպը մեր ժամանակների ամենավառ և արտառոց դերասաններից է:
Նրա մասնակցությամբ ֆիլմերը չեն մոռացվում և եթե անգամ պաշտամունքային չեն դառնում, ապա անպայման ռեկորդներ են սահմանում: Թվում է , թե նրա խաղն իր վիճակի է անգամ ամենաձանձրալի ֆիլմը դարձնել հիշվող ու տարբերվող:
Ջոննի Դեպի հերոսները մռայլ ու մոլորված հոգիներ են, ինքնամփոփ միայնակներ, ազատության մարտիկներ, խելագարներ, որ չեն վախենում բարձրաձայնել ճշմարտությունը: Եվ որքան էլ Ջոննին հերքի, սակայն իր խաղացած դերերը բնորոշ են նաև իրեն` ուժեղ բնավորությամբ ու վառ անհատականությամբ ապստամբի:
Իր արտասովոր արտաքինի համար Ջոննի Դեպը պարտական է մոր հնդկացիական արմատներին: Մայրը մատուցողուհի էր, հայրը` շինարար: Աղքատ ընտանիքն անընդհատ տեղից տեղ էր գնում` մի կերպ ծայրը ծայրին հասցնելով: Մշտական տեղափոխություններն ու ընտրության բացակայությունը շատ ազդեցին տպավորվող տղայի վրա:Ջոննի Դեպ
«Մենք մոտ 30 անգամ տեղափոխվել ենք: Այդ պատճառով է երևի, որ մինչև հիմա ես մտքում ճանապարհորդում եմ, անընդհատ զգում եմ, որ ուրիշ տեղ եմ: Թվում է, թե ես ամբողջությամբ չեմ այստեղ և հիմա»,- խոստովանում է Ջոննի Դեպը:
Տարօրինակ երեխայից Ջոննի Դեպը մեծացավ բարդ դեռահասի: Առաջին ծխախոտը 12 տարեկանում, առաջին սեքսը 13 տարեկանում: Ոգելից խմիչք, թմրանյութեր, վանդալիզմ, գողություններ... Եվ իհարկե ռոք-ն-ռոլլ: «Անցումային տարիքս աղոտ եմ հիշում. փակվում էի սենյակումս և կիթառ նվագում»,- պատմում է դերասանը:
Ջոնին 15 տարեկան էր, երբ ծնողներն ամուսնալուծվում են: 16 տարեկանում նրան վռնդում են դպրոցից: Ջոննին The Kids անունով մի խումբ է հավաքում: Երաժշտությունը միակ բանն էր, որով նա ցանկանում էր, նշանակում է` կարողանում էր զբաղվել: Ջոննի Դեպը երբեք չի արել այն, ինչ իրեն դուր չէր գալիս:
«Երաժշտությունն իմ առաջին սերն է եղել: Այն զգացումներն արտահայտելու ամենաարագ միջոցն է: Այն քոնն է, անկեղծ: Կինոյում բոլոր զգացումները բնական են թվում, բայց դրանք արհեստական են: Կինոյում դու խաբում ես»:
Ի դեպ` The Kids խումբը բավականին հայտնի էր: Փառքի հասնելու համար նրանք տեղափոխվում են Լոս Անջելես` հույս ունենալով պայմանագիր կնքել ձայնագրման ստուդիաների հետ: Հետագայում, կորցնելով պայծառ ապագայի հույսերը, խումբը լուծարվում է, և Ջոննին զբաղվում է դերասանական գործով:
Որքան էլ տարօրինակ է հնչում, դերասանական արվեստի հանդեպ հետաքրքրությունը ծնվում է Ջոննի Դեպի մոտ հարսանիքից հետո: 20 տարեկանում նա ամուսնանում է The Kids խմբի դիմահարդարի հետ, ով ծանոթացնում է նրան Նիկոլաս Քեյջի հետ:
Վերջինս համոզում է Դեպին հանդիպել իր գործակալի հետ: Սկսվում են կաստինգներ, ինչի արդյունքում Դեպը ստանում է իր առաջին դերը:
Կինոյում Ջոննի Դեպի հաջողության պատճառը տաղանդն էր. ոչ կապեր, ոչ ծանոթություններ, ոչ իմիջմեյքերներ, ոճաբաններ: Նա չէր վազում փառքի և հոնորարների հետևից, ընտրում էր հոգեհարազատ դերեր:
Դերասանը մի անգամ ասել է. «Փառասիրությունն ինձ համար հայհոյանք է: Ես նախընտրում եմ սովը: Սոված լինելը զիլ է: Երազանքներ ու հույսեր ունենալը զիլ է: Սակայն հավակնություննե՞ր: Դա նշանակում է, որ ցանկանում ես հայտնի դառնալ: Ինչի՞ համար»:
Կինոյում նա անճանաչելիության աստիճանի փոխվում է, նրա աշխատանքներում չկա կեղծիք, դերասանական խաղ, միայն վառ ու խենթ դեր: Եթե նա չի ցանկանում խաղալ այս կամ այն դերը, նա հրաժարվում է, սակայն եթե նա հավանում է սցենարն ու դերակատարումը, հոգին ու սիրտն է ներդնում նկարահանման հրապարակում:Ջոննի Դեպ
2003 թվականին սկսվում է Ջեք ճնճղուկի պատմությունը: Միլիոնավոր երկրպագուներ, որոնց մեջ նաև հենց ինքը` Ջոննի Դեպը: Միայն նա կարող էր այդքան լավ կյանքի կոչել ապստամբ ու խենթ, սակայն այդքան գրավիչ ծովահենի կերպարը:
«Ես իմ մի մասնիկն եմ նվիրել Ջեքին: Չգիտեմ, բարեբախտաբար, թե դժբախտաբար, բայց իմ մեջ էլ նրա մասնիկը կա: Եվ նա ինձ հանգիստ չի տալիս: Եվ նա հայտնվում է ամենաանհարմար պահին: Այսօր օրինակ նա հայտնվեց այն ժամանակ, երբ երեխաներին դպրոց էի տանում: Բայց, կարծում եմ, կարողացա նրա վախեցնել ու հեռու քշել»:
Բացի գերազանց դերասան լինելուց, Ջոննի Դեպը մեր ժամանակների սեքս-խորհրդանիշներից է: Միլիարդավոր կանայք տեսնում են նրան իրենց երազներում և երազում, որ իրենց կողակիցը գոնե մի քիչ նման լինի Ջոննի Դեպին:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries