A+ A A-

84-րդ Օսկարն ու իր մրցանակակիրները

ՕսկարԱհա և ավարտվեց Օսկարի 84-րդ ամենամյա արարողությունը: Ողջ գիշեր մենք հետևում էինք կարմիր գորգին և աստղային անվանակարգերին, իսկ հիմա եկավ արդյունքներն ամփոփելու ժամանակը:
Այս տարվա արարողությունը ոչնչով չէր զիջում նախորդ տարիների մրցանակաբաշխություններին: Միայն հյուրերի թիվը գերազանցում էր 3000-ը: Համաշխարհային աստղեր` դերասաններ, ռեժիսորներ, պրոդյուսերներ: Նրանք հավաքվել էին Kodak-ում, քայլում էին կարմիր գորգով, ստորագրություններ էին բաժանում և հարցազրույցներ տալիս: Լրագրողների թիվը, ի դեպ, գրեթե գերազանցում էր հյուրերի թիվը: Միայն ABC հեռուստաալիքը տեղադրել էր մոտ քսան խցիկներ, որպեսզի տարբեր կետերից կարողանա ցուցադրել ողջ շոուն: Օսկարը ցուցադրվեց մոտ 225 երկրում: Այս ողջ խառնաշփոթը հասկանալի է. մրցանակներից բացի արարողությունը հայտնի է նաև իր գրավիչ և գունեղ շոուով: Այս տարի երեկոյի մեխը հատուկ ներկայացումն էր, որ պատրաստվել էր Օսկարի համար: Հաճելի անակնկալ էր նաև ջազային կատարող Թոնի Բենեթի ներկայությունը, ում ամեն օր չէ, որ կարելի է տեսնել բեմին: Իսկ մրցանակաբաշխությունը վարում էր Ամերիկայի սիրելի կատակերգու Բիլլի Կրիստալը, ում համար այս արարողությունն արդեն իններորդն էր: Հյուրերին զվարճացնելու գործում նրան օգնում էին իր գործընկերները: Հյուրերից շատերը, թերևս, այդքան էլ չէին զվարճանում կատակներից: Դե իհարկե, երբ մի քանի րոպեից կարող ես դառնալ հերթական Օսկարի արժանի կամ գուցե անարժան հաղթող, կատակ անելու ցանկություն չի լինում:
Օսկար 
Հուզմունքն ավելորդ էր այնպիսի աստղերի համար, ինչպիսիք են Օկտավիա Սպենսերը, Կրիստոֆեր Պլամերը, «Ժամանակի պահապանը» և «Արտիստը» ֆիլմերի ստեղծագործական թիմերը և այլոք: Հերթական Օսկարի արժանացավ Մերիլ Ստրիպը, ինչը ոչ մեկի համար անակնկալ չէր բացի դերասանուհուց: «Երբ անունս տվեցին, ես կարծես լսեցի, որ կես Ամերիկան հոգոց հանեց` օ ոչ, կրկին նա: Միայն ոչ դա: Երբեք չէի մտածի, որ կրկին այստեղ կլինեմ»: Եվ իրոք, վերջին 30 տարիների ընթացքում Մերիլ Ստրիպն առաջադրվել է 17 անգամ: Իսկ ահա Ժան Դյուժարդենն ու Միշել Խազանավիչն այդքան էլ չէին զարմացել իրենց հաղթանակից. նրանց սև-սպիտակ համր կինոն գրեթե բոլոր մրցանակները հաղթեց: Ամեն դեպքում մրցանակներ ստանալիս երկուսն էլ զարմանք էին արտահայում: Դյուժարդենը սահմանփակվեց «Ես սիրում եմ ձեր երկիրը» արտահայտությամբ և էմոցիոնալ բացականչություններով, իսկ Խազանավիչը դիմեց ֆիլմում նկարահանված և ստեղծագործական թիմի լիիրավ անդամ շանը:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուգգիին, շնիկին: Չեմ կարծում, թե սա նրա համար նշանակություն ունի, նա երևի չի հասկանում, թե ինչ է կատարվում: Նա այդքան էլ խելացի շուն չի, սակայն ամեն դեպքում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան»:
Գրեթե չորս ժամ տևած արարողության ավարտից հետո հյուրերն ուղևորվեցին աֆթերփարթիի` նշելու հաղթանակը կամ էլ դարդերը շամպայնին տալու: 
Ահա Օսկարի բոլոր հաղթողների անունները.
Օսկար Լավագույն ֆիլմ «Արտիստը»
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանով, «Արտիստը»
Լավագույն դերասան Ժան Դյուժարդեն, «Արտիստը»
Լավագույն դերասանուհի Մերիլ Ստրիպ, «Երկաթյա լեդի»
Երկրորդ պլանի լավագույն դերասան Կրիստոֆեր Պլամեր, «Սկսնակները»
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օկտավիա Սպենսեր, «Սպասուհին»
Օտարալեզու լավագույն ֆիլմ «Նադերի բաժանվելը Սիմինից» , Իրան, ռեժիսոր` Ասգար Ֆարդախի
Լավագույն անիմասցիոն ֆիլմ «Ռանգո»
Լավագույն ադապտացված սցենար «Հետնորդներ» Ալեքսանդր Պեյն, Նետ Ֆեկսոն, Ջիմ Ռեշ
Լավագույն օրիգինալ սցենար Վուդի Ալեն «Կեսգիշերը Փարիզում» 
Լավագույն օպերատորական աշխատանք Ռոբերտ Ռիչարդսոն «Ժամանակի պահապանը» 
Լավագույն մոնտաժ Էնգուս Ուոլլ, Կիրկ Բակստեր, «Վիշապի դաջվածքով աղջիկը»
Լավագույն ձայն «Ժամանակի պահապանը»
Լավագույն հատուկ էֆֆեկտներ «Ժամանակի պահապանը»
Լավագույն երաժշտություն Լյուդովիկ Բուրսե «Արտիստ»
Լավագույն երգ Man or Muppet
Լավագույն զգեստի ձևավորում Մարկ Բրիջես «Արտիստ»
Լավագույն դիմահարդարում «Երկաթյա լեդի»
Լավագույն վավերագրական ֆիլմ «Անհաղթները»
Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ «Փրկելով դեմքերը»
Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ «Ափ»:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries