A+ A A-

48 տարի միասին. Ադրիանո Չելենտանո և Կլաուդիա Մորի

Ադրիանո Չելենտանոն Ադրիանո Չելենտանոն ծնվել է Միլանի ամենասովորական ընտանիքներից մեկում: 12 տարեկանից նա ստիպված էր համատեղել աշխատանքն ու ուսումը: Իսկ երեկոյան, ինչպես այդ ժամանակի իր շատ հասակակիցներ, ինքնամոռաց կիթառ էր նվագում` նմանակելով Էլվիս Փրեսլիին: Ադրիանոյի մոտ դա զարմանալիորեն լավ էր ստացվում, հատկապես պլաստիկայի պահերը: Հետագայում նրան անվանում էին «մոլոջիատո», ինչը նշանակում է «մարդ-զսպանակ»: Երաժշտությունը դառնում է նրա իսկական կիրքը: 21 տարեկանում երիտասարդ իտալացին առաջին անգամ հայտնվում է կինոյում: Նրան կինո հրավիրեց ոչ ավել, ոչ պակաս Ֆրեդերիկո Ֆելլինին: Հետաքրքիր է, որ իր առաջին` «Քաղցր կյանք» ֆիլմում նա նույնպես երգում էր: Այդտեղ էլ սկսվում է փառքի ճանապարհը ոչ միայն դեպի երգարվեստ, այլ նաև դեպի կինոյի աշխարհ:
Նրա հմայքն այնքան մեծ էր, նա այնքան մեծ քանակությամբ էներգիա ու լավատեսություն էր տալիս, որ անհնար էր դիմադրել: Բավական է հիշել «Բլեֆ», «Սերաֆինո» և «Կամակոր տղամարդու սանձահարումը» ֆիլմերում իր դերակատարումները: 
Ցանկացած իտալացու համար կանայք օդի պես անհրաժեշտ են, առանց որի նրանց կյանքն անհնար է դառնում: Այս իմաստով Ադրիանոն իսկական իտալացի էր: Իր կարիերայի ողջ ընթացքում նրա սիրավեպերի մասին լեգենդներ են հյուսվել: Դրանցից ամենաթեժը, թերևս, Օռնելլա Մուտիի հետ սիրավեպն էր: Դրա պատճառով Մուտին անգամ ամուսնալուծվեց, սակայն սիրավեպը շարունակություն չունեցավ. Ադրիանոն հավատարիմ (եթե այս դեպքում կարող ենք օգտագործել այդ բառը) մնաց իր կնոջը` Կլաուդիա Մորիին: 
Ադրիանո Չելենտանոն  Նրանք ծանոթացել են «Ինչ-որ տարօրինակ տիպ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այն, որ իրենց անցողիկ կիրքը կարող է այդպիսի լուրջ շարունակություն ունենալ, ոչ ոք չէր ակնկալում: Այդ ժամանակ Չելենտանոն արդեն համընդանուր կուռք էր, իսկ Կլաուդիան անհայտ դերասանուհի էր: Սակայն հենց նրա հետ Չելենտանոն որոշեց օրինակելի ընտանիք կազմել: Մեկ տարի անց նրանք ամուսնացան: Պսակադրությունը տեղի ունեցավ լուսաբացին, որպեսզի ոչ մի պապարացի չլինի: Ապա սկսեց ամուսնական կյանքն իր վերելքներով և վայրէջքներով: Ինչպես իսկական իտալուհի` Կլաուդիան հասկանում էր, որ եթե ցանկանում է պահպանել ամուսնությունը, պետք է անտեսի մի շարք բաներ: «Մի շարք» արտահայտությունը նուրբ է ասված այս դեպքում: Եթե անտեսվեին հազարավոր երկրպագուհիները, ապա կմնային կինոյի և երաժշտության աստղերը, ովքեր պտտվում էին նրա ամուսնու շուրջ: Չելենտանոն շատ բռնկուն բնավորություն ունի: Ինչը, թերևս, նրան հմայչություն է տալիս: Ամուսնությունից հետո Կլաուդիան հասկանում է, որ պետք է ամեն կերպ իր կողքին պահի ամուսնուն: Նա միանգամից անցնում է ամուսնու ոճի ձևավորման գործին և պարզապես անփոխարինելի է դառնում: Նա է կազմակերպում ամուսնու առաջին սկանդալային գովազդային արշավները: Օրինակ մի անգամ ազգային առաջին հեռուստաալիքով մի տարօրինակ նորություն հնչեց. մեկը Հռոմի ուղիղ մեջտեղում վալս է պարում: Պարզվում է, որ դա Չելենտանոն է, ով պարզապես ֆիլմի մի կադր էր փորձում: Արժե՞ ասել, թե ինչպիսի հաջողություն է ունենում ֆիլմը: 
Ադրիանո Չելենտանո 
Ամեն ինչ չէր այսքան հարթ: 80-ականների սկզբին զույգը բաժանման եզրին էր: Թերթերն ու ամսագրերը բացականչում էին. «Մոլոջիատոն բաժանվում է. նա կրկին ազատ է լինելու»: Որոշ ժամանակով զույգն անգամ տարբեր տներ տեղախոխվեց: Սակայն փոթորիկն անցավ: 
Զույգը երեք երեխա ունի` Ռոզիտա, Ջակոմո և Սամուելե, մի հսկայական առանձնատուն և երկար տարիների համատեղ կյանքով ամրապնդված ընտանեկան երջանկություն: Կլաուդիան ամեն ինչ է ամուսնու համար` իմպրեսարիա, փաստաբան, պրոդյուսեր, քարտուղարուհի և անձնական խոհարար: Եվ, ինչպես հավաստում են ընտանիքի մոտ ընկերները, նա ամեն ինչ կատարյալ է անում: Զույգը չի սիրում աղմկոտ խնջույքներ և հավաքույթներ: Նրանք ավելի հանգիստ կյանք են վարում:
«Ընտանիքին և սիրելի ամուսնուն նվիրված կյանքն այն է, ինչի մասին երազում է ցանկացած իտալուհի, որքան էլ ազատագրված լինի մեր հասարակությունը: Ես չեմ կարող ճանակատագրիցս բողոքել: Նա բարեգութ էր իմ նկատմամբ»,- ասել է Կլաուդիա Մորին 65-րդ Միջազգային կինոփառատոնին:
Դժվար է հավատալ, սակայն աստղային զույգի ամուսնությունն արդեն մոտ կեսդարյա պատմություն ունի: 
«Եվ դեռ այսօր մենք սիրում ենք իրար»,- ասում է զույգը:
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries