A+ A A-

Աստված հեռու պահի նոր հայ-ադրբեջանական պատերազմից. Գրիգոլ Վաշաձե

Գրիգոլ ՎաշաձեԱստված հեռու պահի նոր հայ-ադրբեջանական պատերազմից: Այն կթաղի Հարավային Կովկասի երեք պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն` ուկրաինական «Զերկալո նեդելի» պարբերականին տված հարցազրույցում: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ նախարարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը կհանգեցնեն արագ կարգավորման: «Անկեղծորեն հույս ունեմ, որ Մինսկի խումբը արագ կարգավորման կհանգեցնի: Սակայն երրորդ ուժն ակտիվորեն աշխատում է, որպեսզի Մինսկի խումբը ոչ մի առաջընթացի էլ չհասնի, իսկ լարվածությունը սահմանին շարունակվի հնարավորինս երկար»,-ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը՝ չմանրամասնելով սակայն, թե կոնկրետ ում նկատի ունի «երրորդ ուժ» ասելովբ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ու Վրաստանի հարաբերություններին, Վաշաձեն նշել է, որ որևէ խնդիր չկա: «Հարցեր կան, որոնք անընդհատ ուշադրություն ու հանգիստ, քրտնաջան աշխատանք են պահանջում: Դավիթ Գարեջի մենաստանի հարցը կա, բայց դրա լուծման համար գոյություն ունի վրաց-ադրբեջանական հանձնաժողով, որը զբաղվում է այդ հարցերով: Իսկ մինչ այդ հանձնաժողովը հանգիստ կատարում է իր աշխատանքը, պետք է զբոսաշրջիկներն ու մյուսները ամբողջական հնարավորություն ունենան այցելելու մենաստան»,- ասել է Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Նշենք, որ վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող վանական համալիրը երկար տարիներ վիճելի է համարվել երկու երկրների համար, սակայն իրավիճակն ավելի էր սրվել, երբ երկու կողմերն ավելացրել էին սահմանապահների թիվն այդ տարածքներում` թույլ չտալով հավատացյալներին այցելել վանական համալիր: Այսօր էլ Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն հայտարարել է, որ յուրաքանչյուր ցանկացող արդեն կարող է այցելել Ուդաբնոյում գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրը: Նրա փոխանցմամբ՝ այս հարցը քննարկել են նաև երկու երկրների նախագահները՝ Միխաիլ Սաակաշվիլին և Իլհամ Ալիևը՝ Չիկագոյում տեղի ունեցած առանձնազրուցի ընթացքում: Վերադառնանք Գրիգոլ Վաշաձեի տված հարցազրույցին: Նա անդրադարձել է նաեւ թուրք եւ ադրբեջանցի գործընկերների միջեւ ստորագրված Տրաբզոնի հռչակագրին: Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն, Էլմար Մամեդյարովը և Գրիգոլ Վաշաձեն հռչակագիր են ստորագրել տարածաշրջանային համագործակցության մասին, որը նախատեսում է քաղաքական ու տնտեսական համագործակցություն տարածաշրջանում: «Մենք միասին մասնակցում ենք մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի, եւ կցանկանայինք այդ համագործակցությունը տարածել նաեւ այլ ոլորտների վրա: Այդ ձեւաչափն ուղղված չէ որեւէ այլ պետության, կամ պետությունների խմբի դեմ»,- ասել է վրաց դիվանագիտության ղեկավարը: Վրաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև «Նաբուկկո» նախագծին: «Նախագիծը սկզբունքորեն շատ կարևոր է, սակայն հայտնի չէ` այն առհասարակ երբևէ կկայանա, թե ոչ, քանի որ բոլորն ասում են` այո, «Նաբուկկոն» կլինի, սակայն դրա իրագործումը ամեն տարի հետաձգվում է»,- ասել է Գրիգոլ Վաշաձեն: Նա ավելի իրատեսական է համարել AGRI նախագծի իրականացումը, քանի որ այն ավելի էժան է ու կարելի է ավելի արագ գործարկել: «Բոլոր երկրները, որոնք մանսակցում են այս նախագծին, ոչ միայն հետաքրքրված են այս նախագծով, այլև վճռական են տրամադրված: Ոչ միայն Ադրբեջանն ու Վրաստանը, այլ նախ և առաջ եվրոպական երկրները, որոնց հարկավոր է էներգակիրների այլընտրանքային աղբյուր և ստացման երթուղի: Առայժմ նախագծում ընդգրկված են Ռումինիան և Հունգարիան, բայց մենք հույս ունենք, որ դրան կմիանան նաև եվրոպական այլ պետություններ: Տեսնենք, թե ինչ կլինի AGRI-ի համաժողովին, որը նախատեսված է այս տարվա վերջ»,- եզրափակել է Վաշաձեն:

Տարածաշրջան - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries