A+ A A-

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Բրյուսելում է

Սերժ Սարգսյան և Քեթրին ԷշթոնԵվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին մասնակցելու նպատակով երեկ Բրյուսել է ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցի շրջանակներում նա չորեքշաբթի օրը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ: զրուցակիցները քննարկել են Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների օրակարգը: Կարեւորվել է Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը:

Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման Հայաստան - Եվրամիություն բանակցություններին, մարդկանց տեղաշարժի դյուրացման, ինչպես նաեւ Հայաստանի բարեփոխումներին աջակցելու ձեւաչափի շուրջ ԵՄ-ի հետ ծավալված երկխոսությանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը, վերահաստատելով Եվրոպական միության հետ Հայաստանի սերտ համագործակցության պատրաստակամությունը, ընդգծել է, որ անկախացումից ի վեր ԵՄ-ի հետ մերձեցումը եւ եվրաինտեգրման քաղաքականությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկը: Հանդիպմանը երկուստեք կարեւորվել են Հայաստան - ԵՄ բարձր մակարդակի փոխայցելությունները: Անդրադարձ է եղել մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին: Քեթրին Էշթոնը նշել է, որ կարեւոր է շարունակել Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումները, թեեւ կայացած խորհրդարանական ընտրությունները, նրա խոսքով, լավագույնն էին Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում, ասված է նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրությունում։ Ավելի ուշ Սարգսյանը Բրյուսել կատարած այցի շրջանակներում ելույթ է ունեցել Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի ընթացքում և ասել, որ Ադրբեջանի սադրանքները սպառնում են ողջ տարածաշրջանի անվտանգությանը և կասկածի տակ դնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ինչը, ըստ Սարգսյանի, մտահոգիչ է: Սերժ Սարգսյանն անդրադարձել նաև է ԼՂ հակամարտության շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների Լոս Կաբոսում արված համատեղ հայտարարությանը՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է առաջնորդվել ընդունված սկզբունքներով: Ըստ նրա, նախագահների համատեղ հայտարարությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն ապագա չունի: Հայաստանի նախագահը նաև անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների տարբեր ոլորտներին, մասնավորապես Եվրոպական առևտրատնտեսական և ֆինանսական ինտեգրման գործընթացներին: Նա ընդգծել է, որ եվրոյի ձախողումն անկանխատեսելի սպառնալիք է ոչ միայն Եվրոպայի ապագայի, կամ հարևանների ինտեգրացիոն գործընթացների, այլև ողջ համաշխարհային տնտեսության համար: Բացի այդ, Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, իսկ ավելի ուշ նա կուսակցության գրասենյակում հանդիպում է ունեցել կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Նա նաեւ աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքի եւ Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ Իոաննիս Կասուլիդեսի հետ: Ի դեպ, նշեմ, որ ԵԱՀԿ-ի առաքելությունն այսօր հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկում է իրականացրել հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հյուսիսային հատվածում` Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվական գործակալությունները, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, դիտարկումը անցել է առանց միջադեպերի։ Երկու շաբաթ առաջ շփման գծի տվյալ հատվածում սկսվեցին արյունալի բախումները հայ եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ, որոնց հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, 9 մարդ է զոհվել։ Հատկանշական է, որ այս անգամ Ադրբեջանը չդիմեց իր որդեգրած քաղաքականությանն ու սադրանքների չդիմեց: Հայտնի է, որ ադրբեջանական կողմի համար կարծես ավանդույթ է դարձել տարբեր միջազգային հանդիպումների ժամանակ դիմել սադրիչ գործողությունների, իսկ միջազգային հանրությանը փորձել համոզել, թե ամենի մեղավորը հայկական կողմն է:Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել ավարտվեց այսօր:

Տարածաշրջան - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries