A+ A A-

Վրաստանի իշխանությունները Ջավախքում ճնշումներ են բանեցնում

Բիձինա ԻվանիշվիլիԱյս տարվա հոկտեմբերին Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Դեռ մի տարի առաջ Սահակաշվիլիի ռեժիմը ոչ մի խնդիր չէր տեսնում իր իշխանության վերարտադրության համար, քանի որ ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող ու չհամախմբված ընդդիմությունը լուրջ վտանգ ներկայացնել չէր կարող: Սակայն իրավիճակը փոխվեց, երբ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կոշտ քննադատության ենթարկեց Սահակաշվիլիի վարած քաղաքականությունը ու հայտարարեց սեփական կուսակցության ստեղծմամբ սպասվող ընտրություններին մասնակցելու մասին: Ընդամենը օրեր անց նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրամանով Իվանիշվիլին զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից: Չնայած դրան` Իվանիշվիլիին հաջողվեց շատ արագ ժողովրդավարություն ձեռք բերել: Նրան հաջողվեց մի քանի ընդդիմադիր ուժեր համախմբել իր շուրջը: Մասնավորապես Իվանիշվիլիի ստեղծած կոալիցիայի անդամ են դարձել Իրակլի Ալասանիայի ղեկավարած «Մեր Վրաստան-Ազատ դեմոկրատները», «Հանրապետական», Ազգային ֆորում, «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանին», «Պահպանողական» կուսակցությունները, ինչպես նաև Իվանիշվիլիի ձևավորած «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը: Սպասվում է, որ այն ընտրությունների ժամանակ կդառնա իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր մրցակիցը: «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Իվանիշվիլին հայտարարել է, որ քաղաքական դաշտ մտնելու որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ տեսել է, որ «Սահակաշվիլիի կառավարությունն անցել է չափի բոլոր սահմանները»: Ըստ Իվանիշվիլիի`իշխանության գալու դեպքում ինքն ու իր թիմը բոլոր որոշումները կընդունեն`հաշվի առնելով վրաց ժողովրդի շահերը: «Մենք չենք կարող հրաշք խոստանալ, սակայն ես ու իմ թիմը կանենք ամեն ինչ, ինչ հնարավոր է: Մենք խոստանում ենք իրական քաղաքականություն ու քայլեր: Կարևոր որոշումները կընդունվեն ժողովրդի կարծիքը հաշվի առնելով»,- ասել է նա:
Սաակաշվիլիի կողմակիցներն արդեն սկսել են «պատրաստվել» առաջիկա ընտրություններին ու քաղաքական ճնշումներ են բանեցնում ազգային փորամասնություններով բնակեցված վայրերում, այդ թվում՝ Ջավախքում, որը մեծ մասամբ ընդդիմադիր կեցվածքով է հանդես գալիս: «Վրացական երազանքի» Ախալքալաքի գրասենյակի ղեկավար Գեորգի Ժվանիան բարձրաձայնեց ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում իշխանական ճնշումների մասին: Ժվանիան ասել է, որ տարիներ շարունակ այս տարածաշրջանները Վրաստանի իշխանության համար «ընտրական ձայների գանձարան են»:  Նա նաև ասել է, որ իշխանությունը ոչ վրացաբնակ շրջաններում սկսել է դիմել բռնի մեթոդների, և որպես օրինակ նշել է Գեորգի Մխչյանի ձերբակալության փաստը: Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունն Ախալքալաքում հունիսին ձերբակալել էր գործարար Գեորգի Մխչյանին՝ մեղադրելով նրանԳեորգի Մխչյան սեփականության իրավունքի փաստաթղթերի կեղծման մեջ: Հունիսի 3-ից էլ հետախուզման մեջ է գտնվում նաեւ Վրաստանի խորհրդարանի` Ախալքալակի շրջանից ընտրված նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանը, ով ևս «Վրացական երազանք» կուսակցության անդամ է:  Քրեական գործ հայազգի նախկին պատգամավորի դեմ հարուցել են Վրաստանի քրեական օրեսգրքի 180-րդ հոդվածով այն հիմքով` իբր վերջինս խարդախության է գնացել: Գեորգի Ժվանիայի գնահատմամբ` բոլոր այդ մեղադրանքներն առաջադրվեցին այն ժամանակ, երբ այդ մարդիկ դարձան ընդդիմադիր «Վրացական երազանքի» կողմնակիցներ:
Օրերս Ջավախքի վերջին դեպքերի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ջավախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար 10 տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանը, որում ասված է. «Խստիվ դատապարտում եմ Ջավախքում վրաց իշխանությունների կողմից սանձազերծած քաղաքական հետապնդումների նոր ալիքը, որի թիրախ են դարձել մասնավորապես Մելիք Ռայիսյանը եւ Գեորգի Մխչյանը: Սա մի քայլ է, որն ուղղված է ջավախահայության քաղաքական իրավունքների հետագա սահմանափակմանը, Ջավախքում լարվածության խորացմանը։ Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու այս գործելաոճը հատուկ է միայն իշխանությունը ամեն գնով պահպանել ձգտող ավտորիտար եւ բռնապետական ռեժիմներին։ Պահանջում եմ անհապաղ դադարեցնել ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող  ջավախահայ գործիչների նկատմամբ բոլոր ճնշումներն ու հետապնդումները, ինչպես նաև պայմաններ ապահովել Ջավախքում և ողջ Վրաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացման  համար»:
Թե որքան ժամանակ կշարունակվեն Սաակաշվիլիի ռեժիմի այս ճնշումները, հայտնի չէ, սակայն մի բան պարզ է. նման վերաբերմունքը հոկտեմբերին իր արտացոլանքը կգտնի խորհրդարանական ընտրությունների արդյուքներում:

Տարածաշրջան - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries