A+ A A-

Գլաձորի համալսարան. հայ միջնադարյան մտքի կենտրոն

Գլաձորի համալսարանԱյսօր երթուղայինում զրուցում էին երկու երիտասարդ աղջիկներ, որոնք, համաձայն խոսակցության, սովորում էին Երևանի կենտրոնում գտնվող Գլաձորի համալսարանում, սակայն, ցավոք սրտի, շուրջ կես ժամ զուր փորձում էին հասկանալ, թե ինչու է իրենց համալսարանի անունը Գլաձոր: Հուսով եմ, որ նրանք սոցիալական կայքերում գոնե աչքի կանցկացնեն այս հոդվածը…
Խաղբակյան կամ Պռոշյան իշխանների տիրույթների սահմաններում գտնվող Գլաձորի համալսարանը կամ մենաստանը, որն անվանել են նաև Գայլիձոր, Գալիձոր, Գլուձոր, միջնադարյան հայ դպրության և մշակույթի ակնառու կենտրոններից է, ինչն էլ փաստարկված է բազմաթիվ ձեռագրերի հիշատակարաններում և մատենագիրների մոտ (Գլաձորն անվանում են «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք ամենայն իմաստից»):
Վանքի պատմությունը, ըստ էության, առեղծվածային է, քանզի այն անհայտությունից երևան է գալիս 13-րդ դարի 80-ական թվականների սկզբում՝ կարճ ժամանակահատվածում դառնալով Արևելյան Հայաստանի հոգևոր-մշակութային կենտրոն, ապա անսպասելիորեն չքանում ասպարեզից 14-րդ դարի կեսերին: Գլաձորի տեղադրության խնդիրը մինչ օրս լուծված չէ, կարիք ունի հանգամանալից գիտական ուսումնասիրության: Գիտնականների մի մասը հակված է Գլաձորը ներկայիս Թանահատ վանքի հետ նույնացնելու տեսակետին, մյուս մասը գտնում է, որ այն իրականում Աղբերց վանքն է, որը փոքր-ինչ հեռու էր Թանահատից:
Ուսումնական կենտրոնի հիմնադիրն ու առաջին ուսուցչապետն էր Ներսես Մշեցին, նրան փոխարինել է իր աշակերտ Եսայի Նչեցին, որի օրոք էլ Գլաձորի դպրոցը ծաղկում է ապրել, բարձր մակարդակի է հասել գրչության ու մանրանկարչության արվեստը, երկրի տարբեր կողմերից՝ անգամ Կիլիկիայից, գալիս էին Գլաձոր՝ ուսանելու նպատակով: Գլաձորի, ապա նաև Տաթևի համալսարանի գիտնականները նշանակալից պայքար են ծավալել երկիրը թուլացնելու նպատակով քարոզչություն անող ֆրանցիսկյան ու դոմինիկյան միաբանների դեմ՝ այդ պայքարում օգտվելով ժամանակի եվրոպական գիտության առաջավոր նվաճումներից և ուսումնասիրելով միջնադարյան եվրոպական փիլիսոփայությունն ու աստվածաբանությունը: Գլաձորի համալսրարանի քննական ծրագրերի հիմքը կազմում էին  «յոթ ազատ արվեստները», քերականությունը, հռետորական արվեստը, դիալեկտիկան և մյուս առարկաները դասավանդվում էին հույն, լատին և հայ լավագույն հեղինակների գրվածքներով: Գլաձորի և խոշորագույն եվրոպական համալսարանների ծրագրերի միջև բազում նմանություններ են առկա: Մասնագիտացված երգարվեստի և տաղասացության զարգացումը կենտրոնական Հայաստանում կապված է հենց Գլաձորի հետ: Գլաձորը պատմության էջերում իր արժանի տեղը գրավեց նաև այստեղ հիմնված մանրանկարչական դպրոցի շնորհիվ, որտեղ դասավանդել ու ստեղծագործել են Հովհաննեսը, Մատթեոսը, ճանաչված Մոմիկը, Պողոսը, տաղանդաշատ Թորոս Տարոնացին և Ավագը:
Գլաձոր էին գալիս սովորելու հեռավոր Կիլիկիայից, Շիրակից, Ղրիմից, Թիֆլիսից, Թավրիզից, Երզնկայից, Արցախից և այլ վայրերից: Ուսումնական կենտրոնն իր անգնահատելի ներդրումն ունի հայ ժողովրդի ինքնության, կրոնական անկախության պահպանման, հայ մշակույթի զարգացման գործում, քանի որ շարունակելով Անիի, Հաղբատի, Սանահինի, Գոշավանքի, Հոռոմոսի և Այրիվանքի դպրոցների լավագույն ավանդները՝ Գլաձորի կենտրոնում մշակված մանկավարժական, կրոնական, հասարակական-քաղաքական հայացքները հիմք հանդիսացան հռչակավոր Տաթևի համալսարանի կայացման և աճի համար:{jacomment on}

Տարածաշրջան - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries