A+ A A-

Երաժշտության հոգեբանական ազդեցությունը անձի վրա

Երաժշտության հոգեբանական ազդեցությունը«Երաժշտությունը ֆենոմենալ երևույթ է: Նրա փոխհարաբերությունները մարդու հետ զարմանալի են: Մեղեդային հնչյունները հրաշքներ են գործում: Մարդու մեջ արթնանում է հոգին, փոխվում է հոգեվիճակը, տրամադրությունը: Երաժշտությունն ազդում է մեր էմոցիաների վրա, իսկ էմոցիաները, պարզվում է, որ նույնիսկ կարող են հաղթահարել ֆիզիկական ցավը»:*
Երբ փորձում ես երաժշտության մասին որևէ տվյալներ փնտրել, միշտ և ամենուր հանդիպում ես նմանատիպ նկարագրության: Հնագույն իմաստուններն ասում էին՝ «Երաժշտության առաջին հնչյունը ծնվել է աշխարհի արարման հետ միաժամանակ»:**
Ուզբեկ գիտնական Միզակարիմ Նորբեկովն ասում է. «Առողջությունը կախված  է մարդու օրգանիզմի էմոցիոնալ կենտրոնից»: Նա ընդգծում է՝  «Քաոսն աշխարհում չէ, այն մեր ներսում է, և հենց երաժշտությունն է, որ հաղթահարում է այդ քաոսը»:
Արիստոտելը նույնպես գտնում էր, որ երաժշտության միջոցով հնարավոր է ազդել անձի ձևավորման վրա: Իսկ Պյութագորասը պրակտիկորեն էր կիրառում երաժշտության ազդեցությունը: Նա մաթեմատիկայի իր պարապմունքներն անց էր կացնում հենց երաժշտության ուղեկցությամբ, քանզի համոզված էր, որ վերջինս դրական է ազդում ինտելեկտի վրա:
Հին հույների համար ևս երաժշտությունը դաստիարակության յուրահատուկ մեթոդ էր: Այն օգնում և թեթևացնում էր կյանքը, ակտիվացնում նրանց ռազմական պարապմունքների ու մրցումների ժամանակ:
Մենք գիտենք, որ երաժշտությունը մեզ վրա ազդում է արտաքին աշխարհից, իսկ ի՞նչ կարելի է ասել մեր ներսից դուրս եկող երաժշտության մասին: Այս առումով կարևոր են 20-րդ դարասկզբի հնդիկ  երաժիշտ Հազրաթ Ինայատ Խանի ուսումնասիրությունները: Վերջինս իր  «Հնչյունների միստիկա» գրքում բացահայտում է երաժշտության՝ մարդու վրա թողած  հոգեբանական և վերականգնողական ազդեցությունը: Նա պնդում է՝  «Չկա հոգու կատարելության հասնելու ավելի լավ միջոց, քան երաժշտությունը»:  Միևնույն ժամանակ նա հայտնում է իր մտահոգությունը.  «Երբ մենք ուսումնասիրում ենք ժամանակակից կյանքը, ապա, չնայած գիտության մեջ առկա հսկայական պրոգրեսին, հայտնաբերում ենք, որ երաժշտության հոգեբանական ազդեցության ասպեկտներն այդքան էլ զարգացած չեն մեզանում, հակառակը՝ այն հետզարգացում է ապրում: Եթե փորձենք հասկանալ, թե ո՞րն է դրա պատճառը, ապա պատասխանը միանշանակ կլինի մարդկանց մեխանիկական առաջընթացը, որն էլ հենց խանգարում է անձի անհատական առաջընթացին»:
Հնդիկ երաժիշտն իր գրքում անդրադառնում է նաև երաժշտություն ստեղծողներին.  «Ներկայիս արտիստներին ավելի շատ անհանգստացնում է այն, թե ինչ է սիրում լսել աուդիտորիան: Երբ երաժշտությունը դառնում է կոմերցիոն, կորցնում է իր գեղեցկությունն ու անձի վրա ազդելու ուժն ու կարողությունը»:
Հնագույն աշխարհի գիտնականների տեսության համաձայն, երաժշտություն ունի դրսևորման երեք ձև՝
  • երգեցողություն,
  • որևէ երաժշտական գործիքի նվագակցություն,
  • պար:
Հավանաբար կհարցնեք.  «Այս երեքից ո՞րն է առավելապես ազդում մարդու հոգևոր դաստիարակության վրա»: Ինայատ Խանը տալիս է նաև սրա պատասխանը.  «Երգեցողության ուժն ավելի կախարդիչ  է , որովհետև այն կենդանի է: Երգի մեջ կա ձայն: Ձայնը ինքը կյանք է»: Նա գտնում է, որ ամեն ինչի հիմքում կյանքն է, իսկ կյանքի հիմքում ընկած է շնչառությունը: Իսկ ի՞նչ  է ձայնը, հնչյունը, եթե ոչ շնչառության արտաքին դրսևորում:
Դժվար չէ հասկանալ, որ մի ձայնը տարբերվում է մյուսից, որ ձայնն  ունի հոգեբանական արժեք, և որ ամեն ձայն ունի ազդեցության յուրահատուկ ուժ, որոնք էլ առավելապես դրսևորվում են խոսակցության ու հատկապես՝ երգերի մեջ: Երաժշտությունը, երգը կարող է ազդել ու բուժել, եթե դրա մեջ կյաքն կա:
 
*  *  *
 
Գիտնականները մի շարք ուսումնասիրություններ անելով, եկան այն համոզմանը, որ որոշ Հոգևոր երաժշտությունմեղեդիներ իրոք պարունակում են ուժեղ թերապեֆտիկ ու վերականգնողական էֆեկտներ: Հոգևոր, մասնավարապես՝ եկեղեցական երաժշտությունը, վերականգնում է հոգեկան հավասարակշվածությունը, տալիս է հանգստության զգացողություն:
Եթե երաժշտությունը համեմատենք դեղահաբերի հետ, ապա հոգևոր երաժշտությունը հավասարազոր կլինի դրանց, քանզի թեթևացնում է մարդկային ցավը:
Վաղուց արդեն ապացուցված է, որ դասական երաժշտությունը արագացնում է բույսերի աճը: Այն դրական ազդեցություն է ունենում նաև հղի կանանց մոտ՝ պտղի զարգացման շրջանում: Նույնը կարելի  է ասել նաև ազգային երաժշտության մասին, որի արմատները գնում են պատմության խորքերը:
Իսկ ինչ վերաբերում է ժամանակակից երաժշտական շատ ուղղություններին, ապա դրանց ազդեցությունը անձի հոգեկանի վրա միանգամայն բացասական է: Դրանք անհանգստության զգաղոցություն  ու լրացուցիչ ագրեսիա են առաջացնում լսողի մոտ: Այդ պատճառով շատ կարևոր  է երաժշտության ճիշտ ընտրությունն ու , այսպես ասած, ճիշտ չափաբաժինը:
 
Հեղինակ` Շուշան Շատիկյան

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries