A+ A A-

Վախ և երկյուղ

Վախ և երկյուղՄարդը պետք է երկյուղի Աստծուց, որպեսզի բարոյական կյանքով ապրի:

Ի՞նչից է առաջանում վախը:

Կարծում եմ, վախն ամենից առաջ տգիտությունից է առաջանում, ինչպես երբ խավար սենյակ ենք մտնում, վախենում ենք, որովհետեւ չգիտենք, թե այնտեղ ինչ կա: Եվ երբ լույսը վառում ենք, պարզվում է, որ վախենալու ոչինչ չկա: Մանկության տարիների վախերն էլ են երբեմն մնում մեր մեջ. օրինակ, անտառում վախենում ենք, իբր օձ ենք տեսնում, այնինչ այն գետնին ընկած ճյուղ է:
Միևնույն է, մեր մտքում շարունակ օձից զգուշանում ենք: Վախը, կարծում եմ, ձեռքբերովի է, որը մարդ նաև բնազդով է զգում : Հավատքն օգնում է կյանքում զանազանել, թե ինչից կարելի է վախենալ, ինչից՝ ոչ, որն է զգուշանալու եւ վախի սահմանը: Ըստ այդմ, հետզհետե գիտակցությամբ ու հավատքով պետք է անտեղի չվախենանք: Վախն, ըստ Սուրբ Գրքի, ունի դրական եւ բացասական կողմեր: Օրինակ, Սողոմոն Իմաստունն ասում է. “Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է” /Առակ. 1:7/: Մարդը պետք է երկյուղի Աստծուց, որպեսզի բարոյական կյանքով ապրի: Դոստոեւսկին ասել է, որ եթե Աստված չկա, ուրեմն մարդն ամեն ինչ կկատարի` կգողանա, կսպանի, թույլ կտա ամեն տեսակ անբարո արարք, հետո կմեռնի: Բայց Աստծուց վախեցող մարդը խորհում է, հատկապես, երբ իմանում է հավիտենական կյանքի գոյության մասին և ավելի  է մոտենում Աստծուն: Հովհաննես առաքյալն իր  առաջին թղթում գրում է, “Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը” /Հովհ.Ա 4:18/: Դրա համար քրիստոնեության հիմնական առաքելությունն Աստծո վախը չէ, այլ սերն է, երբ սիրում են, լուսավորվում են: Անհրաժեշտ է զորանալ Աստծո սիրո մեջ: Մի անգամ, Անթիլիասյում սովորելու տարիներին, մտա ընկերոջս սենյակ, այնտեղ խոշոր տառերով գրված էր. “Վախը թակեց դուռը, հավատքը բացեց, եւ այնտեղ ոչ ոք չկար”: Հավատքի լույսով, Աստծո օգնությամբ, Սուրբ Գրքի ընթերցումներով կամաց-կամաց ավելի շիտակ հասկացողություն պիտի ձեռք բերենք տիեզերքի, ընկերության, Աստծո եւ հավիտենական կյանքի մասին: Պետք է զգույշ լինել, որովհետեւ տիեզերքում ամեն ինչ պատճառ եւ հետեւանք ունի: Պետք է իմանալ, որ սխալ  գործելով պատիժների կենթարկվենք:

Ի՞նչ է տալիս մարդուն աստվածավախությունը:

Ամենից առաջ մարդն իմանում է իր տեղը կյանքում: Երբ մարդն Աստծուց չի վախենում, ինքնակենտրոն է, ամեն ինչ անում է իր շահի, հաճույքի համար: Բայց երբ մեկն Աստծուց երկյուղում է, զգուշավոր է: Դրանով հավաստում է, որ Աստված է իր արարիչը եւ իրենից ինչոր պահանջում է, պիտի կատարի: Աստծուց վախեցող մարդը կարողանում է գտնել իր տեղն այս աշխարհում, իմանում իր պարտականություններն ու իրավունքները: Աստծուց երկյուղելով` կամաց-կամաց փրկվում է ադամական մեղքից:
Շատերն են Աստծուն մերձենալուց խուսափում՝ պատճառաբանելով, որ իրենքանընդհատ մեղք են գործում:
Գոյություն ունի քրիստոնեական մանկավարժություն: Եթե մեկը լավ չի հասկանում, թե մեղքն ինչ է, կարծում է, թե այն օգտակար է: Իսկ Աստծուն հավատալով, երբ իմանում է, որ պետք է հրաժարվի մեղքից, մտածում է, թե տակավին երիտասարդ է: Այս դեպքում անհրաժեշտ է խոսել ոչ թե Աստծո երկյուղից, այլ բացատրել, որ մեղքը վնասակար է եւ մարդուն դժբախտության է մատնում: Եթե այս գաղափարը չի ընդունվում, ապա իզուր է վախի մասին խոսելը, քանի որ նա արդեն սխալ է պատկերացնում հավատքը, որովհետեւ Աստված ինչ որ պահանջում է, սարսափելի դժվար է նրա համար:

Կա՞ն գործնական քայլեր այսպիսի դեպքերում:

Երբ մեկն ուրիշին է վկայում քրիստոնեության մասին եւ իր կյանքը հիմնել է Աստծո դատաստանի, երկյուղի վրա, ուրեմն այդպես էլ կվկայի դիմացինին: Իսկ եթե նրա հավատքի կյանքը հիմնված է Աստծո սիրո վրա, Քրիստոսի սիրուց պիտի խոսի և ուրախ լինի: Իսկ վախեցած քրիստոնյան միայն սարսափազդու բաներ պիտի վկայի:  Սիրո վարձքը  սերն է, եւ Աստված մեզ այդ հարաբերության մեջ է ցանկանում տեսնել: Վախն սկսնակներին է անհրաժեշտ, ինչպես աշակերտներին, որոնց շատ սիրում են, բայց նաեւ խրատում, պատժում:

Դրակա՞ն է, երբ մարդը մարդուց վախենում է:

Այո՛, կյանքն ապացուցում է, որ մարդը բոլոր գազաններից ամենագազանն է: Երբ ապրում ենք մեղքի գերի դարձած, մեղքն ու  չարությունը մարմնավորած մարդկանց կողքին, զգույշ և ուշադիր պետք է լինենք, քանի որ մենք էլ ենք չարանում: Բայց Սուրբ Գրքում հիշատակված մարդիկ չեն վախենում մարդկանցից: Հիսուսն ասում է, որ պետք չէ վախենալ թագավորներից, կուսակալներից. “Եվ ով ինձ կուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է”: /Մատթ. 10:33/: Հետեւաբար, մարդկանցից ոչ թե վախենալ, այլ զգուշանալ է պետք: {jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: