Կաննի փառատոնի հաղթողները
- Մանրամասն
- Հեղինակ Mari Love
Գրեթե երկու շաբաթ շարունակ ֆրանսիական ծովափնյա Կանն քաղաքը վերածվել էր աշխարհի լավագույն կինոաստղերի հավաքատեղու: Մայիսի 16-ից 27-ը Կաննի 65-րդ միջազգային փառատոնի շրջանակներում մարդիկ վայելում էին հայտնի ռեժիսորների, դերասանների և սցենարիստների աշխատանքները: Հանգստյան օրերին տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր փակումը, որի ընթացքում հեղինակավոր ժյուրին հայտնեց կինոփառատոնի հաղթողների անունները:Լավագույն սցենարի և կանացի դերակատարման (Կոսմինա Սթրատան և Քրիստինա Ֆուլութուր) համար մրցանակ ստացավ «Բլրակների հետևում» ֆիլմը: Ռեժիսոր Քրիստիան Մունջուի «Բլրակների հետևում» դրաման նկարահանվել է Ռումինիայում: Ֆիլմի սյուժեի կենտրոնական մասում երկու աղջիկների մասին պատմությունն է: Աղջիկները մեծացել են մանկատանը, որտեղ նրանք սկզբից ընկերուհիներ էին, ապա սիրուհիներ: Հետագայում նրանք ստիպված բաժանվում են, սակայն ճակատագիրը նրանց կրկին միմյանց մոտ է բերում:
Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակ ստացավ Մադս Միքքելսոնը «Որսը» ֆիլմի համար: Դանիացի դերասան Մադս Միքքելսոնը ֆիլմ էր հրավիրվել ռեժիսոր Թոմաս Վինտերբերգերի կողմից: Ֆիլմի գլխավոր հերոսը, ով դաստիարակ է աշխատում մանկապարտեզում, չիմանալով, որ հինգամյա մի աղջնակ իրեն է սիրահարված, ամենայն սիրով խնամում է նրան: Արդյունքում նրան մեղադրում են մանկապղծության մեջ, և նա ստիպված է լինում ողջ կյանքում պայքարել իր բարի անունը վերականգնելու համար:

Ժյուրիի կողմից հատուկ մրցանակ ստացավ «Հրեշտակների բաժինը» ֆիլմը: Կինոփառատոնի ժյուրին, որի կազմում այս տարի ընդգրկվել էին Ժան Պոլ Գոթյեն, Դիանա Կրյուգերը, Էմանուել Դեվոն և Էվան Մաք Գրեգորը, որոշեց հատուկ մրցանակը տալ «Հրեշտակների բաժինը» ֆիլմին:

Գրան պրին բաժին հասավ Մաթեո Գարոնեի «Իրականություն» ֆիլմին: Ռեժիսորի երգիծական կատակերգությունը պատմում է ձկան խանութի տիրոջ մասին, ով որոշում է մասնակցել ռեալիթի-շոուի նախընտրական փուլին և խելագարվում է` սպասելով պրոդյուսերների զանգին: 

Արմավենու ոսկե ճյուղը ստացավ Միխաել Հանեքեի «Սեր» ֆիլմը, որը պատմում է ամուսնական ծեր զույգի մասին, ով պատրաստ է միասին հաղթահարել բոլոր դժվարությունները: Աննան հիվանդ է, և նրա վիճակն օրեցօր վատանում է, սակայն ամուսինը` Ժորժը պատրաստ է ինքնամոռաց անել ամենը, որպեսզի չկորցնի սիրելիին:

Դե ինչ, Կաննի այս տարվա փառատոնն էլ ավարտվեց: Մեզ մնում է հիանալ աստղերի աստղաբաշխական թվեր արժեցող զգեստներով, իսկ հետո մի ափսե ադիբուդի վերցնել ու անցնել փառատոնի ֆավորիտ ֆիլմերի դիտմանը:











