A+ A A-

Խոսքեր

Խոսքեր Կիսատ մուլտֆիլմը
Մեր սովետական «Ռուբին» հեռուստացույցն ինչեր ասես չէր տեսել իր կյանքում: Նա բավական ծեր էր, այդ պատճառով հաճախ գույները շփոթում էր: Նրա ուշքը տեղը բերելու համար մենք գտել էինք մի լավ ձև ( կարելի է ասել հին հայկական ավանդական) պետք էր ուղղակի հավեսով հարվածել խեղճի գլխին և նա բոլոր գույները տեղն էր բերում: Դա իրականում այդքան էլ վատ չէր. մեր հարևաններից ոմանք հեռուսացույցով գույներ ընդհանրապես չէի տեսնում:
Քույրիկս հարվածեց «Ռուբին» գլխին, քանի որ մենք ուզում էինք նորմալ նայել աղջկա և պատից կախված նկարի մասին մուլտֆիլմը: Դրա համար մենք լքել էինք միակ տաքացվող փոքր սենյակը և վերմակներով ծածկված տեղավորվել էինք մեծ սենյակում` հեռուստացույցից էլ շատ տանջված բազմոցին (այդ ընթացքում մայրիկս վազվզում էր խոհանոցում` օգտվելով մեզ երբեմն - երբեմն այցելող էլեկտրականության բարիքներից):

«Մեծ աչքերով աղջիկը հասավ նկարի մեջ ապրող ծերուկին, որը լաց էր լինում»:
-    Դո՞ւ ով ես, - Ֆրունզիկի ձայնով` հարցրեց ծերուկը:
-    Ե՞ս, Աղջիկ,  - պատասխանեց աղջիկը:
Եվ այդ պահին տեղի ունեցավ ի՞նչ… այո´, էլեկտրականությունն անջատեցին: Մայրիկս խոհանոցից սկսեց հայհոյել իշխանություններին, իսկ քույրիկս գլուխը կախ դուրս եկավ սենյակից: Այդ պահին սենյակ մտավ ավագ քույրս:
-    Ի՞նչ եղավ, - հետաքրքրվեց նա:
-    Մուլտիկի կեսից էլի լույսերը տարան, - լցված աչքերով` պատասխանեց ես:
-    Դե լավ, հազար անգամ տեսել ենք, - փորձեց մխիթարել նա:
Բայց ես վազեցի փոքր սենյակ, կծկվեցի անկողնուս մեջ  և սկսեցի լաց լինել: Քանի որ ինձ դեռ ոչ մի անգամ չէր հաջողվել մինչև վերջ ուղեկցել Մեծ աչքերով աղջկան իր արկածների մեջ նկարներում:
Խոսքեր (սկիզբ)
Անջատեցի հեռախոսը: Այն աղջիկը, որին ես կարծես, թե արդեն իմ ընկերուհին էի համարում (փորձս ցույց էր տվել, որ շատ դժվար է ուղղակի տաք զգացմունքները տարբերել երեքտառանոց այն հրաշքից, որ կոչվում է սեր) ասաց ինձ, որ այդ գիշեր մեկնելու էր օվկիանոսից այն կողմ: Չգիտեմ էլ ինչպե՞ս բացատրել այն, ինչ զգացի: Համենայն դեպս լավ բան չէր: Ինձ թվաց, թե ես ինձ համար շատ կարևոր բան եմ կորցում : Եվ ես ուզեցի ուղղակի լաց լինել:
Հիշեցի այն օրը (հինգ, թե վեց տարեկան էի), երբ ինձանից խլեցին գեղեցիկ մուլտֆիլմի վերջը:  Ինչ - որ ժամանակ կանգնեցի և մտածեցի, որ ամեն ինչ լավ կլինի: Չէ՞ որ ի վերջո ես տեսա այդ մուլտֆիլմը և իմացա, թե ինչպես է ավարտվում աղջկա ճամփորդությունը: Հիմա ես նույնիսկ ունեմ այն համակարգչիս մեջ և կարող եմ նայել ամեն պահին (առանց վախի, որ կեսից լույսերը կտանեն): Բայց դե…
Տխուր նստեցի համակարգչի առջև: Ինտերնետ չունեի, խաղերի հավես չունեի, համակարգչով գիրք կարդալուց աչքերս արդեն ցավում էին: Այդ պատճառով ուղղակի ինչ - որ երաժշտություն միացրեցի և բացեցի սեղանիս դարակը, որը վաղուց պատրաստվում էի ռեանիմացիայի ենթարկել: Այսինքն` նորմալ դասավորել և վերացնել հնացած ու ոչ ակտուալ իրերը: Մի քիչ փորփրվելուց հետո ձեռքս ընկավ մի քրքրված գիրք: Կիսապոկված շապկին գրված էր` Ռուբեն Հախվերդյան.«Խոսքեր»: Բացեցի ու սկսեցի կարդալ այդքան հարազատ դարձած երգերի խոսքերը: Հանկարծ հիշեցի, որ նույն օրվա երեկոյան պետք է կայանար Հախվերդյանի համերգը, որին ես այդքան ուզում էի գնալ: Նույնիսկ ավելին` ես ուզում էի հրավիրել այդ համերգին… այո´, այն աղջկան, որը շուտով մեկնելու էր տաք երկրներ:
Ափսոս, որ ուսանողի բյուջեն երբեք չի հերիքում արժեքավոր միջացոռումներն այցելելու համար (նույնիսկ միայնակ): Կես ժամվա մեջ երկրորդ հիասթափությունից ես երեևի լրջորեն կսկսեի մտածել այս անիրավ աշխարհն ինձանից ազատելու տարբերակների մասին, եթե չզանգեր N ամսագրի գլխավոր խմբագիրը, որտեղ ես աշխատում էի մոտ երկու ամիս: Ջազփառատոնի մասին իմ գրված հոդվածի համար հայհոյելուց հետո, տիկին Մարտիրոսյանը ասաց, որ Հախվերդյանի այսօրվա համերգի մասին պետք է մի փոքր նյութ գրել: Այնպես որ, ես պետք է վազեի խբագրություն` հրավիրատոմսը վերցնելու: Իսկ հետո նույն արագությամբ պետք էր վազել Մարզահամերգային Համալիր, որտեղ էր կայանալու էր  Հախվերդյանի մենահամերգը:
Ես միանգամից երջանկացա, ուզեցի ընտանիքիս  պատմել իմ ուրախության մասին, բայց հիշեցի, որ նրանք երեկվանից գյուղում են, և դուրս վազեցի: Վերջին պահին հետս վերցրեցի «Խոսքերը»:
Սանտա  Բարբարա
Ես երջանիկ վազեցի ներս, հանեցի թրջված բաճկոնս ու կոշիկներս և նստեցի վառարանի մոտ, որը իր մարմնով փակում էր փոքր սենյակի մեծ մասը: Բացի մերոնցից այնտեղ նստած էր մեր հարևան Սուսան տոտան, որը «Ծխիկ Մխոյանի» օգնությամբ թեյնիկով ջուր էր տաքացնում (մեր վառարանի անունը ամբողջությամբ այսպես էր` «Ծխիկ Մխոյան Ժեշտի»): Ես ուզում էի հնարավորինս արագ տաքացնել ոտքերս և կրկին նետվել դուրս, որտեղ մենք երեխաներով` ծնողներին թողած անլույս ցուրտ ձմեռների խնդիրները, ուղղակի ուրախանում էինք: Քույրիկներս այդ ժամանակ մեծ սենյակում էին: Բանն այն է, որ քեռիենցս տանը այդ ժամանակ «լևի» լույս կար և նրանք կարող էին նայել անմահ ու անվերջ Սանտա  Բարբարան: Որպեսզի մենք շատ հետ չմնայինք, քեռակինս զանգահարել էր մեզ և խոսափողը դրել էր իրենց հեռուստացույցի մոտ (այն ժամանակ րոպեյավճար դեռ չկար…): Քույրիկներս հաջորդաբար ուշադրությամբ լսում էին սերիալի հերոսների բազմաբովանդակ երկխոսությունները և փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում կադրում, երբ խորհրդավոր ու լարված երաժշտություն է լսվում: Իսկ հետո նրանք պետք է պատմեին ամեն ինչ մերոնց և մեր շենքի բոլոր հարևաններին:
Եթե չեմ սխալվում, դրանից մի եկու սերիա առաջ Իդենին հերթական անգամ բռնաբարել էին, իսկ նրա հայրը` միլիոնատեր Սիսի Քեփվելը հայտնաբերել էր իր վեցերորդ կամ յոթերորդ անօրինական զավակին: Այնպե՞ս որ, հարկավոր էր շատ ուշադիր լսել…
Ես արդեն հագել էի կոշիկներս, երբ դավաճան քամին փչեց մեր լուսամուտի ուղղությամբ, և պարոն Մխոյանի ծուխը փոխանակ դուրս գնար լցվեց մեր փոքրիկ ու անպաշտպան սենյակը: Ես հազալով դուրս վազեցի բնակարանից, մինչդեռ մայրիկս, հայրիկս և Սուսան տոտան բացեցին սենյակի դուռը, այն հույսով, որ այն աստիճանաբար կօդափոխվի…
Խոսքեր (վերջ)
Այն աղջիկը, որին ես կարծես թե սիրում էի, նստած էր ինքնաթիռում: Չեմ կարող ասել, թե ինչ էր զգում նա այն պահին, երբ լքում էր հարազատ քաղաքը և ընկերներին, արդյո՞ք արդեն կարոտում էր այդ ամենը, բայց վստահաբար կարող եմ ասել, որ նա իր ձեռքում պահել էր ձեռքիս տակ ընկած առաջին թերթի մեջ փաթաթված մի գիրք: Եվ վստահ եմ նաև, որ նրան շատ էր հետաքրքրում, թե ինչ կա այդ կապոցի մեջ, որը ես վեջին պահին կարողացա նրան հանձնել, երբ համերգի ավարտից հետո զանգահարեցի և խնդրեցի մի քանի րոպեյով հանդիպել` բարի ճանապարհ մաղթելու համար:
Վերջապես, երբ ինքնթիռն արդեն ամպերի մեջ էր, նա սկսեց քանդել կապոցը: Քիչ հետո նա տեսավ կիսաքանդ գրքի վերնագիրը: Իհարկե նա ուրախացավ. ես գիտեի, որ նա Հախվերդյանի մեծ սիրահար է: Եվ հաստատ գիտեի, որ հատկապես այնտեղ այդ նվերը նրան պետք կգա:
Իսկ հիմա, ուշադրություն`  գլխավորը. «Աղջիկը բացեց առաջին էջը և տեսավ` Ռուբենից Աղջկան` խոսքերը…»: Համերգից հետո ինձ հաջողվել էր սողոսկել կուլիսներ և խնդրել մաեստրոյին մակագրել գիրքը: Այդ նվերի համար ես հպարտ էի…
Հետո, երբ Աղջիկը վերադարձավ և մենք հանդիպեցինք (ուղղակի, որպես ընկերներ), ես նրան ասացի, որ իմ մի փոքր մաս այդ գրքի հետ մեկնեց իր հետ: Եվ միշտ կմնա իր հետ, ինչ էլ որ լինի:
Ձյունը
Փոքր սենյակը լուսավորում էր հին լամպը և մի քանի մոմեր: Ես, քույրիկներս ու մայրիկս նստել էինք վառարանի շուրջը: Սեղանի վրա դրված մագնիտոֆոնը լցնում էր սենյակը երաժշտությամբ: Մի քանի տարի առաջ ԱՄՆից հայրիկիս կողմից բերված այդ մագնիտոֆոնը (ի դեպ, այն ժամանակվա համար շատ հարգելի երկկասետանի SONY էր) մենք աշխատացնում էինք մարտկոցներով, այնպես որ նույնիսկ առանց լույսի կարող էինք երաժշտություն լսել: Այս անգամ  Հախվերդյանի` բազմիցս ծամված ու շրթներկով վիրահատված TDK ֆիրմայի կասետն էր: Երգչի ձայնը այդ դժվար օրերին հանգստացնում էր (…արծաթե թիթեռնիկներ, պոկված կապույտ հեքիաթներից…): Թեև այդ պահին ես դեռ խռոված էի աշխարհից` առավոտյան ընդհատված մուլտֆիլմի համար և կյանքն ինձ ուղղակի անիմաստ էր թվում:
Լսվեց դռան թակոցը (դռան զանգ ես ընդհանրապես կյանքում չէի լսել): Քույրիկս գնաց բացելու և քիչ հետո ներս մտավ հայրիկս , որը ձեռքում բռնել էր մի հսկայական կարտոնե տուփ, որը մինչև ծայրերը լցված էր փայտի թեփերով:
-    Երեխե˜ք, տեսե՞լ եք, ձյուն է գալիս,  - ժպտալով ասաց նա:
Ես վազեցի լուսամուտի մոտ: Երկնքից իրենց երգը երգելով հանդարտ իջնում էին արծաթե թիթեռնիկները:{jacomment on}

 

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries