A+ A A-

Նար-Դոս. «Ամենամեծ հաճույքով կարդացել եմ Շիլլեր»

Նար-ԴոսՆար-Դոսը (Միքայել Զաքարի Հովհաննիսյան) ծնվել է Թիֆլիսում, 1867-ի մարտի 1-ին: Բրդավաճառ հայրը և մայրը բուն թիֆլիսցիներ էին: Ուսանել է նախ Հավլաբարի ս. Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում , ապա քաղաքային Նիկոլաևյան երկդասյա ռուսական դպրոցում: Միջոցներ չունենալու պատճառով չի կարողանում  մնալ Խոնի (Քութայիսի նահանգ)  ուսուցչական սեմինարիայում , ուր ընդունվել էր քննություն հանձնելուց հետո: Նույն պատճառով չի հաջողվում մտնել նաև Թիֆլիսի երկաթուղային դպրոցը: «Մի տարի թափառեցի պարապ-սարապ,-գրում է Նար-Դոսը ինքնակենսագրությունում,- ծնողներս` տգետ, շրջապատս` տգետ. Հոգացող,  ուղի ցույց տվող չունեի»:   Ընդունվում է Միքայելյան արհեստագիտական դպրոցը, ուր ուսումը անվճար էր: Հենց այնտեղ էլ հանդիպում ու ծանոթանում է Ալեքսանդր Ծատուրյանին: Երկուսն էլ գրականության ու գեղարվեստի սիրահար, գրավում են հայոց լեզվի և կրոնի ուսուցիչ Արսեն ավագ քահանա Բագրատունու ուշադրությունը, որի  խրախուսանքն էլ նրանց շուտով մղում է գրական ասպարեզ: Մի տարի հետո թողնելով դպրոցը` իրենց հանձնում են «բախտի քմահաճույքին»: 1890 թվականի հունիսի 1-ից Միքայել Հովհաննիսյանը «Նոր Դարը» լրագրի քարտուղարն էր մինչև վերջնական դադարումը` 1906 թվականին: Նամակներում այդ աշխատանքը նա համարում է մարդկանց ստեղծած գործերից ամենաանիծյալը, ամենազզվելին, կատարյալ դժոխք, ստանում էր չնչին աշխատավարձ, ծախսում էր ամբողջ ժամանակը` առավոտից մինչև ուշ գիշեր. «Եվ այսպես ամեն օր, ամբողջ տարիներ: Իմ սեփական գրական աշխատանքներիս համար մնում էին միայն գիշերվա ժամերը, և այդ ժամերին ես գրել եմ գրական  երկերս մեծ մասամբ: Այստեղից պարզ պիտի լինի, թե ինչու ես այդքան քիչ բան եմ գրել համեմատաբար»:  Նար-Դոսը թարգմանիչ, սրբագրիչ, խմբագիր է եղել տարբեր խմբագրություններում, իսկ 1913-ի մայիսի 1-ից մինչև 1918-ի վերջը` Թիֆլսիսի «Հորիզոն» օրաթերթում: 
Հոգնեցուցիչ  աշխատանք, տառապալից կյանք, գրեթե սկզբից մինչև վերջ նույն քաղաքում, նույն պայմաններում:  Գրել սկսել է մանուկ տարիքում:  Առաջին երկը պիես էր Թիֆլիսի բարբառով, գրված Սունդուկայնի «Պեպո»-յի ազդեցությամբ, «Մայինի գանգատ»-ը: Շարունակում է պիեսներ գրել, գրում է նաև բանաստեղծություններ, որոնք տպագրվում են պատանեկության շրջանում:  1887 թվականին դադարում է բանաստեղծություններ գրել, քանի որ հասկանում է, որ դա չի իր կոչումը:  1886 թվականին տպագրվում է «Ճշմարիտ բարեկամը» պատմվածքը և «Նունե» վիպակը ` Նար – Դոս գրական անունով:  1888 թվականին  կրկին «Նոր Դարում» տպագրվում է «Աննա Սարոյան» էտյուդը:  Մյուս առավել նշանավոր վիպակը` «Սպանված աղավնին», և վեպը` «Պայքար», տպագրվեցին 1898 և 1911 թվականներին:
Կյանքի վերջին տարիներին Նար – Դոսը գրեց «Նոր մարդը» (1928),  վեպի առաջին հատվածները և «Վերջին մոհիկանները» (1930):
1931 թվականի հունիսի 24-ին Թիֆլիսում նշվեց Նար-Դոսի գրական գործունեության 45-ամյա հոբելյանը, ինպես հայտնում է մի նամակում`հակառակ իր կամքի: Միանգամյան անկեղծորեն, իսկ նա հայտնի էր իր ծայրահեղ համեստությամբ, հոբելյանական հանդեսի իր ելույթում ասաց. «... ես միշտ շատ համեստ կարծիք եմ ունեցել, և այս 45 տարվա ընթացքում համեմատաբար այնքան քիչ բան եմ տվել մեր գրականությանը, որ պարզապես խիղճս թույլ չի տալիս ինձ արժանի համարելու այն մեծ պատվին, որ այս երեկո տվիք ինձ»: Բայց այնուամենայնիվ, «եթե նյութական անիծված կարիքը չլիներ, ես ոչ մի պայմանով չէի համաձայնվի , որ հոբելյան կոչված այս միմոսությունը սարքեին»,- կարդում ենք նրա նմակներում:
Նար – Դոսը սիրում էր կարդալ, երբեմն նույնիսկ սասափելու աստիճանի, մի նամակում գրում է, որ «Ամենամեծ հաճույքով կարդացել եմ Շիլլերը: Չնայելով , որ Րաֆֆին կարդացել եմ ագահորեն, բայց և այնպես նա ինձ վրա ոչ մի ազդեցություն չի թողել և առհասարակ հայ հեղինակների մեջ ես ուսանելի ոչինչ չեմ գտել: Ինձ վրա շատ ուժեղ ազդեցություն են թողել ռուս հեղինակները, առանձնապես Գոնչարովը և մանավանդ Տուրգենևը»:
1933 թվականին մարտին, հայ մեծ գրողը հիվանդանոցից Երևան, «Պետհրատ» նամակ է ուղարկում ավանս խնդրելով , որ վերջապես հատորներով տպագրեն իր երկերը հատորներով:  Սակայն նա մահացավ ու այդպես էլ չտեսավ հրատարակված իր երկերը: Նա կյանքից հեռացավ 13.07.1933 թվականին:
Նար-Դոսը թաղված է Թիֆլիսում, Խոջավանքի հայկական գերեզմանատանը:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries