A+ A A-

«Մարդասիրական ճեմարանը հնդկահայության բաբախող սիրտն է…». Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյան

Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյան«Մարդասիրական ճեմարանում սերունդներ են կրթվել հայրենաշունչ ոգով, մեր Սուրբ Եկեղեցու եւ մեր ժողովրդի հանդեպ սիրով ու հավատարմությամբ եւ իրենց կյանքն ու  գործը նվիրում դարձրել Մայր Եկեղեցու  պայծառացմանը, ազգային բարօրությանն ու առաջընթացին»

Գարեգին Բ 

Հարցազրույց հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի հետ

-Կխնդրեի մի քանի խոսքով պատմել, թե  ի՞նչ ճանապարհ է անցել Մարդասիրական ճեմարանը եւ ի՞նչ ավանդ, դեր եւ առաքելություն ունի հնդկահայ  համայնքի կյանքում:

- Ճեմարանը ստեղծվել է հնդկահայ համայնքի հայորդիներին կրթելու, հայեցի դաստիարակություն տալու, ինչպես նաեւ հայոց լեզվի, գրականության և ընդհանրապես ազգային մշակույթի պահպանման համար: Այն Կալկաթայի երկրորդ ամենահին դպրոցն է: Հիմնադրվել է 1821 թվականին` բարերարությամբ Աստվածատուր Մուրադխանյանի եւ Մնացական Վարդանյանի, ովքեր տեսիլքը ունեցան  կյանքի կոչելու ազգանվեր մի ծրագիր, որի շնորհիվ գրեթե երկու հարյուր տարի ճեմարանում կրթվել եւ հայեցի ոգով դաստիարակվել են շատ սերունդներ, և, հուսամ, հաջորդ դարերում եւս  այն կշարունակի իր առաքելությունը: Ճեմարանը բացառիկ դեր, նշանակություն եւ կարեւորություն է ունեցել սկզբում հնդկահայ, հետո` իրանահայ համայնքի համար, իսկ այսօր  արդեն մեզ մոտ կրթություն են ստանում Հայաստանից, Իրաքից եւ տարածաշրջանի այլ երկրներից եկած աշակերտներ:
Մարդասիրականը սկսեց իր վերելքն ապրել հատկապես 1999թ.-ից հետո, երբ կառավարումը հանձնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Մինչ այդ կրթօջախն ունեցել է վայրիվերումներով  լի ժամանակներ,   սակայն  1999 թ.-ից միայն վերելք է արձանագրվել,  և միայն առաջընթացի մասին կարող եմ խոսել` եւ´ ուսման մակարդակի բարձրացման, եւ´ լավագույն ուսուցիչների, եւ´ աշակերտների կեցության ու կենսամակարդակի բարձրացման, եւ´ վերանորոգչական և բազում այլ բարեփոխումների առումներով: 
Փաստ է, որ ճեմարանը բացառիկ նշանակություն ունի. այն հնդկահայության, հնդկահայ հոգեւոր հովվության զարկերակն է, բաբախող սիրտը, եւ ճեմարանի շնորհիվ է, որ այսօր կարողանում ենք Հնդկաստանում պահել-պահպանել  մեր ազգային-հոգեւոր արժեքներն ու եկեղեցիները, քանզի դրանք առանց հայ մարդու, առանց հայ աղոթքի ու հայ լեզվի շատ երկար պիտի չկարողանան գոյատեւել: Ճեմարանում հաճախակի կազմակերպվող ձեռնարկները, որոնք նպատակ ունեն հոգևոր և ազգային արժեքներ  սերմանել  մեր աշակերտների մեջ, նպաստում են նաև փոքրաթիվ համայնքի  վերազարթոնքին ու կենսունակությանը, քանզի վերջիններս ակտիվորեն մասնակցում եմ Մարդասիրականում կազմակերպված ձեռնարկներին:
Այսօր հերթը մի պահ մերն է տեր կանգնելու, խնամք, հոգ տանելու մեր ժառանգությանը եւ փոխանցելու հաջորդ սերունդներին, եւ մեր նպատակներից մեկը հատկապես այն  է, որ ճեմարանավարտները ձեռնամուխ լինեն այս գործին: 

-Ինչպե՞ս եւ ի՞նչ սկզբունքով են ընտրվում երեխաները:

- Մենք Թեհրանում ունենք ներկայացուցիչ, իսկ Հայաստանում մեզ օժանդակում է Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը: Ընդունելությունը կատարվում է հարցազրույցի կարգով: Ծնողները կամ խնամակալներն իրենց դիմումները բերում են Էջմիածին կամ Թեհրանում մեր ներկայացուցչին, ովքեր եւ  հանդիպում են, ընդունում պահանջվող փաստաթղթերը եւ անցկացնում հարցազրույց: Մենք հոգում ենք վիզայի և ճամփորդական  ծախսերը, եւ մեր ներկայացուցիչը նրանց բերում է Կալկաթա, որտեղ աշակերտներն ապահովված են անհրաժեշտ պայմաններով` կեցություն, սնունդ, կրթություն, առողջապահական հարցեր եւ այլն: Երեք տարին մեկ ճեմարանը հնարավորություն է ընձեռում  վերադառնալ եւ ամառային արձակուրդներն անցկացնել ծնողների հետ: 
Այսօր մեր աշակերտների մեծ մասը Հայաստանից է, երկրորդ մեծ խումբը` Իրանից, աշակերտներ ունենք Իրաքից եւ հնդկահայ համայնքից: Ճիշտ է, ճեմարանում  հեռու են ծնողներից, կարոտը կա, բայց  սա նրանց տրված բացառիկ հնարավորություն է` որակյալ ուսում ստանալու. շատ ծնողներ կերազեն, որ իրենց զավակներն անվճար բարձրագույն կրթություն ստանան: Անցյալ տարի,  երկարատև դադարից հետո ճեմարանի չորս շրջանավարտներ բարձր առաջադիմությամբ Եկեղեցու հովանավորությամբ ավարտեցին Հնդկաստանի առաջնակարգ քոլեջները: Ուրախությամբ պիտի նշեմ նաև, որ, մոտ 40-50 տարիների ընդմիջումից հետո, այս տարվա իրանահայ շրջանավարտներից մեկը, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մեկ ամսից պիտի գա Հայաստան` Գևորգյան հոգևոր ճեմարանում կրթություն ստանալու, քանի որ մեծ փափագ  ունի հոգևորական դառնալու:

-Պատմեք, խնդրեմ, երեխաների առօրյայի մասին, եւ ի՞նչ միջոցառումներ կամ ծրագրեր են իրականացվում` այն հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար:

--Աշակերտների առօրյան բավական լեցուն է`դասեր, հանգստի ժամ, խաղեր, սերտողություն եւ այլն: Ունենք երգչախումբ, դաշնամուրի, պարի, ինչպես նաև սպորտային խմբակներ`լող, ռեգբի, ֆուտբոլ: Ճեմարանի թիմը հաճախ է մասնակցում սպորտային տարբեր մրցույթների եւ առաջնությունների:
Պարբերաբար կազմակերպում ենք ձեռնարկներ, հանդիպումներ, ունենում հետաքրքիր հյուրեր:  Մենք հյուրընկալել ենք  Մոնթե Մելքոնյանի եղբորը` Մարգար Մելքոնյանին. Ճեմարանում տեղի ունեցավ  նրա` Մոնթեի մասին գրքի շնորհանդեսը, վերջերս ամերիկահայ հեղինակ Ջոն Բալյանն էր մեզ մոտ` «Գորշ գայլեր եւ ճերմակ աղավնիներ» գրքի շնորհանդեսի առիթով: Վերջին շրջանում հիշատակելի հյուրերից են ՀՀ արտաքին գործերի նախարարը, Դաքայի եպիսկոպոսը, Հնդկաստանում ՀՀ դեսպանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանը  և այլք: 
Մեծ ոգեւորությամբ նշեցինք Ղարաբաղի անկախության 20-ամյակը. (ամբողջ մեկ օր մեզ մոտ տոնակատարություն էր), Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Պ. Դուրյանի հոբելյանները: Փորձում ենք անել հնարավորը` մեր ազգային արժեքները, սրբությունները, հայրենասիրական ոգին կենդանի պահելու ու երեխաներին, աշակերտներին այդ ոգով դաստիարակելու համար, եւ, կարծում եմ, բավականին ստացվում է: Հնդկաստանում իմ պաշտոնավորման առաջին քայլը եղավ հայագիտական առարկաների ժամաքանակի ավելացումը` համապատասխանեցնելով այն  Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության հաստատած ժամաքանակին: Ճեմարանն անգլիական դպրոց է` հայկական թեքումով, ուսու-ցումն անգլերեն է, հայերենը երկրորդ լեզու է:  Հայագիտական առարկաներից ուսուցանվում են հայոց լեզու, հայ գրականություն, հայ եկեղեցու և հայ ժողովրդի պատմություն, երգ-երաժշտություն:

- Ճեմարանի մասին մի հրապարակման մեջ կարդում ենք. «Այստեղ տիրում է ջերմ ընտանեկան մթնոլորտ. սաները պարուրված են հայրական գուրգուրանքով եւ ջերմությամբ». կցանկանայի իմանալ, ինչպե՞ս են իրականացվում, կյանքի կոչվում այս խոսքերը:

-Առավելագույնն  ենք անում երեխաների կրթության, բարօրության, ինչպես նաեւ անվտանգության ապահովման համար: Ավագ դպրոց եւ քոլեջներ հաճախող ուսանողների համար, որոնք իրենց կրթությունը շարունակում են Եկեղեցու  հովանավորությամբ և բնակվում են ճեմարանում,  վարձել ենք մասնավոր մեքենաներ` 20 միլիոնանոց քաղաքում նրանց երթևեկն անվտանգ և ապահով դարձնելու, ինչպես նաև ժամանակը խնայելու համար: Իսկ բուհ ընդունվողների համար կազմակերպում ենք մասնավոր անհատական դասընթացներ, որպեսզի նրանք ընդունելության հետ կապված դժվարություններ չունենան: 
Երեխաները պարբերաբար լավագույն հիվանդանոցներում անցնում են բուժզննում, ունենք բժիշկ, որն այցելում է շաբաթական երկու անգամ և ըստ անհարաժեշտության, բուժքույր, ով 24 ժամ երեխաների կողքին է: Մեր սաները 7-23 տարեկան  են, եւ բոլորին ամենօրյա խնամք, գուրգուրանք է պետք: 
Նախանցյալ տարի վերանորոգվել են հանրակացարանները, անցյալ տարի վե-րանորոգվել են դասասենյակները և ապահովվել նոր գույքով: Երեխաներն ապա-հովված են ամեն ինչով` մարզական գույք, դպրոցական համազգեստ, մարզահագուստ, գրենական պիտույքներ, խաղեր,   և այլն: Կիրակի օրերը բոլորս միասին գնում ենք եկեղեցի, մասնակցում ենք Պատարագի: Ուղղակի մեծ ընտա-նիք է, փոքրիկ Հայաստան: 
Իմ աշխատանքը շատ պատասխանատու է և դժվար: Պատկերացրեք մի ընտանիք, որտեղ կան 70 երեխաներ:  Օրվա վերջում երբեմն սպառված եմ լինում, բայց սիրով եմ կատարում գործս, եւ երբ երեխաները բարձր ցուցանիշներով  ավարտում  են լավագույն բուհերը ու նրանց ապագան հուսալի  և խոստումնալից է թվում, ինձ համար` իբրեւ խնամակալի, հոգևոր հոր, դրանից ավելի մեծ հաճույք, վարձատրություն չեմ կարող պատկերացնել:

-Հայաստանում Հնդկաստանի դեսպանը նշել է,  որ Մարդասիրականը կամուրջ է երկու մշակույթների միջեւ. ի՞նչ կասեք հայ-հնդկական հարաբերությունների մասին:

-Հայ-հնդկական հարաբերությունները հարյուրամյակների պատմություն ունեն եւ միշտ բարեկամական են եղել: Հնդկական բանակում անգլիացիների դեմ հնդիկների հետ կողք կողքի կռվել են հայեր, հայկական ջոկատ է եղել, եւ հնդիկները մինչեւ օրս գնահատում եւ հարգանքով են հիշում այդ հայերին: Իհարկե, Հնդկաստանում լուրջ խնդիր է  փոքրաթիվ գաղութ պահել, բայց, շնորհիվ Մայր Աթոռի ամենօրյա աջակցության եւ զորակցության, այդ ամենը հնարավոր է դառնում: Մեր կյանքը բնականոն հունով պահում եւ առաջ ենք տանում` փառք տալով Աստծուն: Տեղացի ուսուցիչներ ունենք, դպրոցի կրթական տնօրենը եւս տեղացի է. միայն հայագիտական առարկաների ուսուցիչներն են հայ: Հնդիկները շատ բարի են, հանդուրժող. այստեղ հասարակություն բազմաշերտ է` հինդուներ, բուդդաներ, մահմեդականներ, քրիստոնյաներ…  Բոլորն ապրում են կողք կողքի` հանդուրժողականությամբ և փոխադարձ հարգանքով: Ես ամեն առավոտ արթնանում եմ հարևան մզկիթում հնչող աղոթքի ձայնից…

- Որպես հնդկահայոց հոգեւոր հովիվ` ի՞նչ կմաղթեք Ձեր համայնքին, եւ սաներին` որպես կառավարիչ:

-Ափսոսանքով պիտի նշեմ, որ երբեմնի հնդկահայ հզոր համայնքն արդեն հիշողություն է. այն այժմ փոքրաթիվ է, շատ են խառնամուսնությունները: Եվ ամենամեծ մաղթանքս այն է, որ համայնքս  շատանա եւ զորանա, իսկ  աշակերտներս` լավ սովորեն, կարողանան կյանքում բարձունքներ գրավել, քրիստոնյա լավ մարդ եւ լավ հայ դառնալ: Չէի ցանկանա, որ նրանք ձեռնունայն վերադառնան իրենց ընտանիքներ: Իմ մաղթանքն է և նպատակը, որ նրանք վերադառնան բարձրագույնի վկայականով: Ես աշակերտների, ուսանողների հետ հանդիպումներում միշտ այս մասին եմ խոսում, հորդորում նրանց, որ կյանքում ուսում ստանալն առաջնային նշանակություն ունի, և որ կրթությունը յուրաքանչյուր անհատի անկողոպտելի գանձն է: 
 
Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոն
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries