A+ A A-

Առավոտյան ժամերգություն

Առավոտյան ժամերգությունԱռավոտյան ժամի ընդհանրական աղոթքի կարգը, որ կատարվում է ի դեմս Որդի Աստծու, Ով երևաց յուղաբեր կանանց:
Առավոտյան ժամերգության ստույգ ժամանակը արշալույսն է: Ինչպես վերնագրից է երևում, այն կատարվում է ի դեմս Քրիստոսի` Աստծու Որդու, և հիշատակն է առավոտյան տեղի ունեցած Քրիստոսի հարության: Այս ժամերգությունը ևս սկսվում է Տերունական աղոթքով, որին անմիջապես հաջորդում է մի քանի տուն սաղմոս, որոնց առաջին տունը, իբրև սկզբնավորություն, ժամօրհնող քահանան է ասում: Սրան հաջորդում է «Օրհնութիւն երից մանկանց (Դան.Գ. 26-45, 52-86) փոխը` «Հարց»–ի շարականը: «Հարց»-ի շարականները մեր եկեղեցում հնագույններից են: Գրեթե յուրաքանչյուր տոն իր ‹‹Հարց››-ի շարականն ունի, որոնց թիվը 190-ի է հասնում:  «Հարց»-ի և «Օրհնութիւն» շարականներում պատմվում և բացատրվում է նաև օրվա խորհուրդը:«Հարց»-ը իր հետ կարգված քարոզով ուղղված է Միածին Որդուն, որովհետև երբ երեք մանուկներին նետեցին հնոցի մեջ, այնժամ Բանն Աստված իջավ հնոցի մեջ և մանուկներին փրկեց այրվելուց, և ողջ մնացած մանուկները սկսեցին գոհաբանել Աստծուն: Երեք մանուկները մարդկային բնության օրինակն են, իսկ կրակի հնոցը` դժոխքի հրի: «Երեք մանուկների» երգն ամեն առավոտ երգվում է Եկեղեցում, որովհետև ինչպես նրանք, գերված Բաբելոնի բռնակալի կողմից, գցվել էին հնոցի մեջ,նույնպես և մենք ընկել ենք այս կյանքի հնոցը՝ բռնված զանազան ախտերով և գերված աներևույթ բռնակալից, վառելանյութ դարձած հավիտենական կրակին: Այսօր սատանան բորբոքում է ամենակեզ ցանկությունների պատրանքները, որպեսզի մեզ ևս հնազանդեցնի, ինչպես արգելված պտղի ճաշակմամբ առաջին մարդկանց հնազանդեցրեց:Սակայն եկեղեցին չի խաբվում մարմնական անցանելի ցանկություններով և չի ընկնում նրա առջև ու երկրպագում, չի կատարում նրա կործանիչ կամքը, որի համար էլ նա Եկեղեցու շուրջը կրակի բոցեր է բորբոքում: Փոխարենը Եկեղեցին, սուրբ մանուկների խոնարհությամբ ամեն օր խոստովանում է, պաղատում` ասելով. «Մեղանչեցինք, անօրենություններ գործեցինք: Չպահեցինք Քո պատվիրանը և այնպես չարեցինք, ինչպես պատվիրեցիր մեզ: Այն ամենը, ինչ արեցիր մեր նկատմամբ, արդար դատաստանով արեցիր» (հմմտ. Դան. Գ 29-31): Եվ հայրը գթալով փրկում է Եկեղեցուն սատանայի որոգայթներից Իր Որդու արյամբ ու խաչով:
«Հարց»-ի շարականին հետևում է «Եկեալքս» քարոզը, որը երեք մանուկների ազատության խորհուրդն է պարունակում Քրիստոսով, որին և հաջորդում է մաղթանքն ըստ օրվա պատշաճի : Ապա երգվում է «Մեծացուսցէ»-ն: «Մեծացուսցէ»–ն պատշաճ է երգել «Հարց»-ից հետո, քանի որ բանի հնոց իջնելը օրինակն էր, իսկ մարդեղությունը` ճշմարտությունը: Հնում` մինչև ԺԳ դարի վերջը, «Մեծացուսցէ»-ն առանձին կարգ չի եղել, այլ «Իւղաբերից կարգի» մասն է կազմել: Ամենօրյա գործածության կարգը Գրիգոր Անավարզեցի կաթողիկոսն է մտցրել ԺԴ դարի սկզբին: «Մեծացուսցէ»-ն, որի նպատակը Աստվածամոր փառաբանումն է, ամբողջացնում է տնօրինության խորհուրդը, որովհետև Քրիստոսի հարության մասին խոսելիս անհրաժեշտ է հիշատակել նաև Նրա ծնունդն ու թաղումը: Որովհետև եթե Տերը ծնված չլիներ, ապա չէր խաչվի և թաղվի, իսկ եթե թաղված չլիներ, ապա հարություն էլ չէր առնի, և մենք էլ չէինք փրկվի: Ապա Սուրբ Կույսի բարեխոսությունն ենք խնդրում Աստծու առջև, ինչպես հաջորդ քարոզից և աղոթքից է երևում. «Սուրբ Աստվածածնին և բոլոր սրբերին մեզ բարեխոս դարձնենք երկնքում»: Կիրակի օրերին «Մեծացուսցէ»-ին հաջորդում է «Իւղաբերից կարգ»-ը: Այն սկսվում է «Վասն սուրբ տեղւոյս շինութեան» կարճ քարոզով: Որից հետո Ավետարանը թափորով դուրս է բերվում ավանդատնից, խորանի վրայից ընթերցվում օրվա համապատասխան ավետարանական հատվածը, ապա քահանան Ավետարանով հանդիսավորությամբ օրհնում է հավատացյալներին: Այնուհետև ավագերեցը համբուրում է Ավետարանը, և տրվում է հարության ողջույնը` «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Որին պատասխանում ենք. «Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Ավարտին նույն թափորով քահանան ավանդատուն է վերադառնում: Մեծ պահքի օրերին Ավետարանը ընթերցվում է ատյանում: Ավետարանը ավնդատնից դուրս է բերվում խնկարկմամբ և մոմակիրների ուղեկցությամբ, որովհետև խորանը գերեզմանն է խորհրդանշում, իսկ դռան փակումը` գերեզմանում Տիրոջ թաղվելը: Երկու ճրագները, որոնք լուսավորում են Ավետարանը, երկու լուսավոր հրեշտակներն են, որոնք նստել էին, մեկը` սնարին, և մյուսը` ոտքերի մոտ (տե՛ս Հովհ. Ի 12): Իսկ խունկի անուշահոտ բուրումը Քրիստոսի անուշահոտության նշանակն է, որը հարությունից հետո Ավետարանի քարոզությամբ սփռվեց ամբողջ աշխարհում: Նաև արդարների պարկեշտ վարքն է:Մինչև Ավետարանի ընթերցելը մեղմ ձայնով ասվում է. «Եղիցի անուն Տեառն օրհնեալ…»: Քանզի մինչ այդ դեռևս կարծելով, թե տերը թաղված է, դրսից ողբաձայն աղաղակում ենք. «Արի, Տեր», որով Երկնավոր Հորից փրկություն ենք հայցում: Ապա լսվում է Դավիթ մարգարեի ավետաբեր պատասխանը, որն ասվում է Ավետարանը թափորով ավանդատնից դուրս բերելու պահին. «Հավետ պիտի թագավորի Տերը»(Սաղմ. ՃԽԵ 10): Ավետարանը համբուրելը նշան է, որ մարմնացած Քրիստոս համբույրով մեզ մոտ եկավ: Ավետարանին հաջորդող «Զուարճացեալքս» քարոզը հորդորում է աղոթքներով ու աստվածահաճո վարքով դիմավորել արդարների հարությունը և արժանանալ հարուցյալ քրիստոսի պարգևներին, իսկ քահանայական «Ամենակեցոյց, ճշմարիտ» աղոթքը ցույց է տալիս սրբերի օրհնությունը հարության ժամանակ: Այժմ սովորական օրերին «Մեծացուսցէ»-ին, իսկ կիրակի օրերին` «Իւղաբերից կարգ»-ին հաջորդում է «Ողորմեա»-ն, որը նախկինում երգվում էր «Հարց»–ից հետո: «Ողորմեա»-ն ապաշխարություն է, և մենք քանի դեռ աշխարհում ենք, և հոգիներս մարմիններիս մեջ է, գուցե մեղաչենք: Որի համր սա ենք երգում, ապաշխարությամբ մեր մեղքերը քավում և ապա սրբությամբ և արդարությամբ պաշտում Տիրոջը: «Ողորմեա» շարականին հաջորդում է «Երկրպագեմք Քեզ, Տէ՛ր Աստուած մեր» քարոզը և օրվա տոնի մաղթանքը: Մաղթանքին հաջորդում է «Օրհնեցէ՛ք զՏեր յերկնից» շարականը, որպեսզի մեղքերի թողություն ստանալուց հետո սկսենք ուրախությամբ բարձրաձայն օրհնել Աստծուն: Աղոթելիս նախ`պետք է օրհնել, ապա` խնդրել, իսկ այնուհետև գոհանալ և փառաբանել: Ինչպես «Հարց»-ով օրհնեցինք, «Ողորմեա»-ով խնդրեցինք, իսկ այժմ «Տեր յերկնից»-ով գոհանում ենք, քանի որ «Ողորմեան» ունի ապաշխարության խորհուրդը, իսկ «Տեր յերկնից»-ը` օրհնության: Որով իմանում ենք, որ նախ պետք է ապաշխարել, ապա սրբությամբ օրհնել Աստծուն: «Տեր յերկնից»-ը հրեշտակների օրհնությունն է Տիրոջ համբարձման ժամանակ, որը բարձրաձայն երգելով` եկեղեցին հարակցվում է հրեշտակների դասի հետ: «Օրհնեցէ՛ք զՏեր յերկնից»-ը ասելիս աստիճանական կարգով բոլորին հրավիրում ենք միաձայն ու միաբան խոստովանության և օրհնության երկնքի ու երկրի Արարչին: Որի համար նախ հրեշտակներին ենք դիմում, ապա մարդկանց: Որովհետև արարչությամբ հրեշտակներն են անդրանիկները, հետևաբար հարկ է նաև օրհներգելիս առաջինը լինեն: Այսպես է նաև Եկեղեցում, նախ ավագներն են սկսում, հետո հաջորդաբար մյուսները շարունակում: «Տէր յերկնից»-ին հաջորդող «Փառք ի բարձունս» երգը Տիրոջ ծննդյան ժամանակ հրեշտակների երգած օրհներգությունն է, և մենք, միանլով նրանց, այն ուղղում ենք Սուրբ Երրորդությանը, փառք ու օրհնություն վեր առաքելով` խաղաղություն խնդրում: Եկեղեցին մինչ Նիկիայի Տիեզերական ժողովը այսպես էր ասում. «Փառք Աստծուն բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն մարդկանց մեջ»(Ղուկ. Բ 14): Այնուհետև տիեզերական երեք ժողովներում այն լրացվեց և ամբողջացավ` ստանալով այսօրվա տեսքը:Առավոտյան ժամերգություն
Հանդիսավոր օրերին «Փառք ի բարձունս»-ը երգվում է ատյանում` ծանր եղանակով, որի ընթացքում կատարվում է խնկարկություն, որը նշանակում է, թե հրեշտակներն ու հովիվները միասին երգեցին, իսկ հարությունից հետո հրեշտակները և մարդիկ համաշունչ ու համերաշխ պիտի հավիտյանս փառաբանեն Ամենասուրբ Երրորդությանը: Սրան հաջորդում է մի կարճ մաղթանք` «Փառք, պատիւ եւ երկրպագութիւն», ապա ըստ օրվա պատշաճի երգվում է երկու տուն սաղմոս, որին հաջորդում են վեց քարոզներ, համապատասխանաբար Հարության, Տերունի և Սրբոց տոների համար: Այս քարոզներին հաջորդող աղոթքը «Գոհանամք զՔէն, Տէր Աստուած մեր»-ն է:Ժամագրքում առավոտյան աղոթքից անմիջապես հետո «Սուրբ Աստուած»-ը՝ «Երեքսրբեան»-ն է դրված: «Երեքսրբերան»–ը Քրիստոսին է նվիրված: Ըստ Նեքտարիոս հայրապետի` առաջին անգամ «Սուրբ Աստուած»–ը ասաց Հովսեփ Արիմաթացին: Երբ Տերը մահացավ խաչի վրա, Հովսեփ Արիմաթացին, Պիղատոսից թույլատվություն ստանալով, գնաց Տիրոջ մարմինը խաչից իջեցնելու: Սակայն, տեսավ, որ անկարելի է դա անել, որովհետև երբ փորձեց բևեռները դուրս քաշել,  Տիրոջ մարմնից կրակ ցոլաց, որից Հովսեփը ահաբեկված ետ կանգնեց ու ձեռքերը վեր բարձրացնելով` ահով ու դողով սկսեց աղոթել` ասելով. «Սուրբ Աստուած, Սուրբ եւ հզօր, Սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա մեզ»: Այս խոսքերը երեք անգամ ասելուց հետո ընկնում են բոլոր բևեռները, և Սուրբ Մարմինը իջնում է Հովսեփի բազուկների վրա: Նա էլ, ըստ օրենքի պատանքում է մարմինը ու դնում գերեզմանի մեջ: Պետք է ասել, որ «Երեքսրբեան»-ը երկու մասերից է կազմված: Առաջինը՝ «Սուրբ Աստուած, Սուրբ եւ հզօր, Սուրբ եւ անմահ», իսկ երկրորդ մասը տնօրինական հավելված է և երգվում է ըստ օրվա պատշաճի: Երեք անգամ ասելով ՝ «Սուրբ Աստուած, Սուրբ եւ հզօր, Սուրբ եւ անմահ», Հոր և Սուրբ Հոգու կամքի միությունն ենք հայտնում որդու խաչվելու կապակցությամբ: Իսկ ասելով՝ «…Սուրբ եւ անմահ, որ խաչվեցար վասն մեր, ողորմեա՛ մեզ»,  հասկանում ենք, որ Հոր և Սուրբ Հոգու կամքով աշխարհին կյանք տրվեց:Երեք անգամ «խաչեցար» ասելով՝ փոխանակ հին օրենքի գառների զոհաբերության, որ մատուցվում էր ամեն առավոտ և երեկո, այժմ Եկեղեցին մատուցում է իր շուրթերի պտուղը՝ խոստովանելով Փրկչի չարչարանքները: Ամեն օր հիշում ենք Նրա երախտիքները, որ մեզ համար խաչվեց, քանի որ խաչը Քրիստոսի փառքն ու պսակն է և քրիստոնյաների պարծանքը և ոչ թե նախատինքը: Ինչպես Պողոս առաքյալն է ասում.  «Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»(Գաղատ. Զ 14):
Սրբասացությանն անմիջապես հաջորդող «Փառաւորեալ»-ը Թովմաս առաքյալն ասաց սուրբ Աստվածածնի վերափոխման ժամանակ, որով խնդրում ենք Աստվածամորը, որ այս փառաբանությունը մատուցի Բարձրյալին: Այս ամենին հաջորդող ՃԺԲ սաղմոսը Պարգևատուի շնորհներով Տիրոջը որդեգրվածներին հորդորում է օրհնել Հորը՝ ասելով. «Օրհնեցէ՛ք, մակու՛նք, զՏեր» (Սաղմ. ՃԺԲ 1): Այստեղ «մանկունք» բառը անմեղ իմաստով է գործածված՝ նկատի ունենալով նրանց, ովքեր մկրտությամբ և ապաշխարությամբ նորոգվելով մեղքերի հնությունից՝ մանկացան և որպես նորածին մանուկներ՝ եղան փափագողներ անխարդախ կաթին(տե՛ս Ա Պետ. Բ 2): Որի համար Քրիստոս հաստատապես ասում է. «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի»(Մատթ. ԺԸ 3):Տերն այս իմաստով աշակերտներին ծովեզերքում մանուկներ կոչեց(տե՛ս Հովհ. ԻԱ 5): Քանի դեռ անծանոթ էինք Աստծուն՝ մեղքերով ու կռապաշտությամբ Տիրոջից տարագրված, արժանի չէինք Նրան օրհնելու: Բայց երբ ճանաչեցինք Աստծուն, մանավանդ որ Նրանից իսկ ճանաչվեցինք, Քրիստոսին հավատալով և ավազանի մկրտությամբ սրբվեցինք ու եղանք նորածին երեխաների պես՝ «նորափետուր» զարդարված, և այժմ արժանի ենք Նրան օրհնելու, ինչի համար մանուկներին հորդորվում է օրհնաբանել Աստծուն:«Մանկունք»-ի շարականները երգվում են ըստ օրվա ձայնի: Դրանք, ըստ սուրբ Գրիգոր Տաթևացու, մեծ մասամբ վերագրվում են Պետրոս Գետադարձ կաթողիկոսին, իսկ պահոց ութ «Մանկունք»-ները՝ Մեսրոպ Մաշտոցին: «Մանկունք»-ից հետո ասվում են «Վասն խաղաղութեան»» քարոզը և «Սուրբ ես, Տէ՛ր» աղոթքը: Սրբերի տոներին քարոզից և աղոթքից հետո ասվում է ՃԺԴ սաղմոսը՝ «Սիրեցի, զի լուիցէ Տէր»»: Այս սաղմոսը, որ նաև ննջեցյալների թաղման ժամանակ ենք երգում, մեզ սովորեցնում է, որ նրանք, ովքեր կենդանության օրոք սիրեցին Աստծուն, մահվամբ աշխարհից դուրս ելնելուց հետո արժանանում են «Ողջերի Երկրին»: Նմանապես և մարտիրոսները՝ Քրիստոսին անմնացորդ սիրով սիրողները, մահվանից հետո Տիրոջից պսակ են ստանում: Մենք էլ Մարտիրոսաց տոնին այս ենք ասում,  որպեսզի  նրանց պսակակիցը դառնանք: Իսկ «Բանից իմոց» սաղմոսը ապաշխարության օրերին ենք երգում, որի նպատակը թշնամինրին հաղթելն է, այսինքն՝ մեղքերին, սատանային, մահվանն ու դժոխքին: Եվ թշնամուն հաղթողը պսակի է արժանանում, ինչպես այստեղ է ասվում. « Տէ՛ր , Դու պսակեցիր մեզ Քո ուժիդ հովանավորությամբ»(Սաղմ. Ե 13): Սուրբ մարտիրոսներից ոմանք անվանի զորականներ են եղել, ինչպես սուրբ Վահան Գողթնեցին, սուրբ Վարդան Մամիկոնյանը, սուրբ Գևորգը, սուրբ Սարգիսը, սուրբ Թեոդորոսը և  ուրիշներ: Նրանց տոներին ևս այս սաղմոսն է ասվում, որովհետև ոչ միայն մարմնավոր թշնամուն հաղթեցին, այլև աներևույթ բանսարկուին: Ուստի այս սաղմոսով աղաչում ենք, որ մարտիրոսների աղոթքներով լինենք թշնամուց պաշտպանված ու հաղորդ իրենց փառքին:Սրանց հաջորդում է «Արարչական» երգերի շարքը՝ ի հիշատակ Աստծու վեցօրյա արարչագործության: Այս երգերի մեջ երեք հիմնական գաղափարներ կան, նախ՝ օրվա արարչական հիշատակը, երկրորդ՝ օրվա եկեղեցական խորհուրդը, և երրորդ՝ յոթ օրերի և յոթ դարերի բաղդատումը: Սա անհրաժեշտ է ամեն օր հիշատակել, և սրանով հավատացյալներին հիշեցնել, որ այս աշխարհն աներևույթ էր, անկազմ, և խավար էր տիրում անդունդի վրա: Եվ Աստված Իր բարերարությամբ ու Իր ամենակարող զորությամբ աներևույթը երևացողի, անպատրաստը պատրաստի, խավարը լույսի և անգոյությունը գոյության փոխեց: Ըստ այս օրինակի՝ մենք ևս, մեղքով խավարյալներս և ճշմարիտ գոյությունից զրկվածներս, կարող ենք նորոգվել ու նորաստեղծ լինել՝ վերադառնալով մեր առաջին էությանն ու սկզբնական մաքրությանը: Այս նպատակով է կիրակի օրերին՝ արձակման պահին, բժշկության Ավետարանն ընթերցվում, որը նշանակում է, թե մեր մարմնի հետ միասին նաև մեր հոգին բժշկվեց:Ամբողջացնելով մաղթանքներով և աղոթքներով՝ ավարտում ենք Առավոտյան ժամերգությունը, որ սահմանված է ի դեմս Որդի Աստծու: Ապա «Բարերար եւ բազումողորմ Աստուած» աղոթքից հետո «Հայր մեր» է ասվում, և քահանան, օրհնելով ժողովորդին, արձակում է խաղաղությամբ:
Հեղինակ՝  Գոհար Դալլաքյան
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries