A+ A A-

«Ինձ մոտեցողը ապահովությամբ պիտի բնակվի…»

Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոն…Լազուր երկինք, երկնահաս լեռներ, հոյակերտ տաճարներ ու կոթողներ, աստվածային խաղաղություն ու հանգստություն, մեր հոգիներում` Տիրոջ անսահման սերը, լույսն ու ջերմությունը, մտերմությունն ու հարազատությունը,  որ գոյություն ունի Փրկչի եւ փրկությունն ընդունող հավատացյալի միջեւ…. Այնտեղ, ուր հնարավորություն ունենք խորհելու  «այն բաների մասին, որոնք ճշմարիտ են, պարկեշտ, արդար, մաքուր, սիրելի, բարեհամբավ, առաքինի եւ գովելի» (Փիլ. 4: 8-9)… 
«Սիրելի ուխտավորներ, բարի եկաք Արցախ աշխարհ: Ինչպես ասում են սուրբ հայրերը` Եկեղեցին կենդանի է այնքան  ժամանակ, քանի դեռ ունի ուխտավորներ: Ուխտավորը ճանապարհ է անցնում, դժվարությունների, նեղությունների դիմանում, բայց արժանի է դառնում Տիրոջ ողորմությանն ու շնորհներին: Թող Աստված ձեր ուխտը ի կատար անի»,- օրհնելով Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի երիտասարդներին` մաղթեց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Ուխտը երդում է, խոստում, դաշինք` կնքված Աստծո եւ մարդու միջեւ: Ուխտի նպատակը մաքրագործվելու միջոցով փրկության, աստվածային շնորհներին եւ խոստմանն արժանի լինելն է: Մեղավոր մարդ արարածի համար ուխտագնացությունները առիթ ու հնարավորություն են` քննելու ապրած կյանքը, վերաարժեւորելու այն, Տիրոջ հետ միանալու, ապրելու Նրա լույսի ու  խաղաղության մեջ: «Ուխտագնացությունը երկրից դեպի Աստված հոգեւոր ճամփորդություն է` միջնորդված այն սրբավայրերով, որոնք մեծ ուժով ու բուժիչ հատկություններով իրենց են ձգում գիտակից հավատացյալին: Դրանց միջոցով հավատացյալը խորհրդական ու աղոթական հայեցողությամբ անցյալը դարձնում է ներկա եւ հաղորդվում է այդ անցյալին հոգու, սրտի եւ մտքի անդրադարձումներով: Ուխտավոր հավատացյալը մտքի եւ հոգու ներդաշնակությամբ, ինքն իր հետ հաշտ, Աստծուն տեսնելու ակնկալությամբ ու սպասումով պետք է ճանապարհ ելնի դեպի սրբավայր, ու պետքն է բացի իր սիրտն Աստծո առջեւ եւ սկսի մտերմիկ զրույց` «ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծոյ»: Ուստի ուխտագնացությունը հայ մարդու անհատական կամ հավաքական կյանքի հոգեւոր դաստիարակման լավագույն միջոցառումներից է, որը դեպի հոգեւոր վերածնունդ տանող ճանապարհն է» (Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան): 
Երեք օրերի ընթացքում ՔԿ անդամներն այցելեցին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սրբավայրեր` հաղորդ դառնալով նախնիների դարավոր ժառանգությանն ու սուրբ արժեքներին: 
Առաջին ուխտատեղին Հայրավանքն էր (Հայր Հովհաննու վանք,  «Մարդաղավնյաց» վանք), որ գտնվում է ՀՀ  Գեղարքունիքի մարզի Այրիվան գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի առափնյա ապառաժուտ հրվանդանի վրա:  Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է Ղազար Ա Ջահկեցի կաթողիկոսի գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին` Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել (խաչը հետագայում տեղափոխել են Սևանավանք):
Հայրավանքում ուխտավորները մասնակցեցին առավոտյան ժամերգությանը` իրենց սրտաբուխ աղոթքն ու գոհությունը հղելով առ Աստված եւ ճանապարհ ընկան դեպի Վարդենիսի Սբ Աստվածածին եկեղեցին:
Հաջորդ հանգրվանն արդեն Արցախում էր` Դադիվանքը («Խ ո ւ թ ա վ ա ն ք,  Դ ա դ ե ի  վ անք»), որ, ըստ ավանդության, հիմնադրվել է Ք. ծ. հ. I դ., Թադեոս առաքյալի 70 աշակերտներից մեկի` Արցախում քրիստոնեության քարոզչության համար նահատակված Դադիի գերեզմանի տեղում: Դադիվանքը հայկական միջնադարյան լավագույն և խոշոր  ճարտարապետական համալիրներից է` հատկապես արժեքավոր եկեղեցական  ու աշխարհիկ շենքերի բազմազանությամբ, կառույցների և հարդարանքի ինքնատիպությամբ: Հայկական կերպարվեստի պատմության համար կարևոր են վանքի Կաթողիկե եկեղեցու որմնանկարները: Համալիրի կազմում կան նաև մատուռներ և բարձրարվեստ խաչքարեր:
Հասնելով Գանձասար` ուխտավորները մասնակցեցին Երեկոյան ժամերգությանը: Բազմադարյա վանական համալրիրն ապշեցնող էր իր քարե մատյանների գեղեցկությամբ,  իր պարզ շքեղությամբ ու վեհությամբ: 
«Ուխտագնացությունները կապ են ստեղծում մեր անցյալի, մեր նախնիների հոգեւոր արժեքների, եւ, ամենակարեւորը, ուխտավորի եւ Աստծո հետ: Դրանք օգնում են նաեւ ծանոթանալ  տեղի համայնքի հետ. հոգեւորը համախմբում է մարդկանց, մի պահ կտրում աշխարհիկ հոգսերից, մոտեցնում Աստծուն: Եվ եթե  նախկինում կարծում էի, որ հայ լինելու համար պետք է սրտումդ երկու անկյուն ունենաս` Էջմիածին եւ Ծիծեռնակաբերդ, հիմա մեկն էլ է ավելացել` Գանձասար»,-ասում է  ՔԿ անդամ  Դիանա Կարապետյանը:Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոն
Գանձասարի վանքը հիմնադրվել է մինչեւ  X դարը: Ասում են, թե վանքն իր անունը ստացել է համանուն լեռից, որը տեղացիների պատմելով, Գանձասար է կոչվել՝ արծաթի հանք ունենալու համար: Ըստ պատմական փաստերի` Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր` Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսույց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները: Գանձասար նշանակում է գանձեր, թանկարժեք քարերի սար. Քանի որ այստեղ նախկինում արծաթի հանքեր են եղել:  Կարծելով, որ այնտեղ իրոք գանձեր կան, ազերները հաճախ են թալանել եկեղեցին:
Հաջորդ հանգրվանը, ուր ուխտավորների   փառաբանող երգն ու աղոթքը բարձրացավ  առ Երկնավոր Հայրը, Շուշիի  հոյակերտ սրբավայրն էր` Ղազանչեցոց  Սբ Ամենափրկիչ եկեղեցին: Այն կառուցվել է 1868–87թթ.-ին եւ հայկական ամենախոշոր եկեղեցիներից է:
ՔԿ անդամները նաեւ հանդիպում ունեցան Նարեկացի արվեստի միության Շուշիի մասնաճյուղի սաների հետ, ովքեր իրենց հայրենասիրական կատարումներով ողջունեցին ուխտավորներին:  Միության տնօրեն Նարեկ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ ուխտավորների բերած լույսն ու ջերմությունը, աստվածային օրհնությունը կօգնի երեխաներին` զորանալու իրենց հավատքի մեջ, ստեղծագործելու եւ նոր բարձունքներ նվաճելու:
Ուխտավորներին ու Միության սաներին գեղեցիկ հայրենասիրական կատարում նվիրեց Հրայր Դանիելյանը, ով Հայաստան էր եկել Մոնրեալից: « Շատ ուրախ եմ հայ երիտասարդներու հետ ծանօթանալուս եւ իրենց հետ լաւ ժամանակ անցնելու համար: Այդպիսի հանդիպում մը կարեւոր էր, որովհետեւ մենք` իբրև սփիւռքահայեր, ծանօթացանք հայաստանցի հայ երիտասարդներու հետ, տեսանք իրենց մտածելու ձեւը, եւ զգացինք, թէ արեւելահայը, թէ արեւմտահայը նոյն կերպով չեն մտածեր, բայց նոյն հոգին ու սերը ունին իրենց երկրին՝ Հայաստանի հանդէպ»,-ասում է Հրայրը:
Վերադաձին ուխտավորները եղան նաեւ Տաթեւի հոյակերտ վանքում: Զարմանալի գերող ուժ ու առինքնող գեղեցկություն ունեն հայկական սրբավայրերը` չքնաղ ու վեհատես իրենց պարզության, լուսավոր ու աստվածային` իրենց սրբության ու մաքրության  մեջ:
Ըստ ավանդության` վանքը Տաթեւ է կոչվել Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով, որը իր ժամանակին Սյունիքում քրիստոնեություն է քարոզել, և «ի վերջո հանգչում է այս չնաշխարհիկ դալարագեղ վայրի վրա, ուր կառուցվում է մի փոքրիկ մատուռ»: Այդ մատուռը դառնում է ապագա Տաթև վանքի կորիզը։ Ժամանակի ընթացքում Եվստաթեոս անունը ձևափոխվել, ուղղակի Տաթև է դարձել։ Մյուս կողմից` ժողովուրդն էլ ունի ավանդական հենքով և բանաստեղծական ոգով ստեղծված իր ստուգաբանությունը.  երբ ճարտարապետը ավարտում է Տաթևի հրաշակերտ տաճարը, իր վայելուչ կաթուղիկեով և գեղեցիկ զանգակատնով, բարձրանում է «երկնաճեմ եկեղեցուե գմբեթը, որպեսզի այնտեղ զետեղի խաչը։ Այդ պահին նա մի հայացք է գցում անդնդախոր Հալիձորիև և ոլորապտույտ Որոտանին, սարսափում է և շշնջալով ասում. «Ա~խ, երանի թե թև առնեի և թռչեի մյուս կողմը»: Ըստ ավանդության, հանկարծ լսվում է մի խուլ ձայն, որն ասում է. «Տա~ թև, տա~ թև»: Եվ ճարտարապետն անմիջապես թև է առնում ու թռչում հեռուներ, անհետանում: Այստեղից էլ, ըստ ավանդության, «Տաթեւ» անունը:
Ուխտավորների մյուս հանգրվանը Նորավանքն էր (XIII-XIVդդ): Միջնադարյան հայկական արվեստում ինքնատիպությամբ, գեղարվեստական բարձր հատկանիշներով առանձնանում են Նորավանքի Աստվածաշնչային ու ավետարանական թեմաներով պատկերաքանդակները, հատկապես գավթի արևմտյան մուտքի և լուսամուտի ճակատակալ քարի վրա կերտվածները: 
Այս վանքը եւ ունի իր ավանդությունը, համաձայն որի ` հանրաճանաչ Մոմիկ վարպետը սիրահարվում է Սյունիքի մելիքներից մեկի դստեր վրա: Գեղեցկուհին նույնպես սիրեց նրան: Մտահոգ մելիքը կանչել է տալիս վարպետին և հայտարարում, որ կտա իր դստեր կնության` պայմանով միայն, որ երեք տարվա ընթացքում, առանց որևէ օգնության կկանգնեցնի իր համար մի շքեղ վանք: Մոմիկը ընդունեց, իր առջև դրված, պայմանը և անցավ գործի: Չանցավ երեք տարի, գործը արդեն ավարտի վրա էր: Կանգնեցվում էր մի անկրկնելի գեղեցիկ վանք: Տեղեկանալով դրա մասին` մելիքը ուղարկում է իր ծառային` Մոմիկին կանգնեցնելու: Ծառան կատարում է տիրոջ հանձնարարությունը և գցում է վարպետին կիսակառույց գմբեթից…
ՔԿ-ի երիտասարդներն իրենց ուխտն ավարտեցին պատմական Խոր Վիրապի վանքում: 
Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն: Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում:
Այսպիսով, այցելելով Հայաստան ու Արցախ աշխարհների վեհատեսիլ  սրբավայրերը` ՔԿ երիտասարդները խոնարհվեցին Սուրբ հայրերի շիրիմների առջեւ եւ խնկաբույր աղոթքով մասնակից ու բաժնեկից դարձան նրանց սրբությանն ու աղոթական ներկայությանը` հայցելով նրանց բարեխոսությունն ու աղոթքները մեր ողջ ժողովրդի համար:
«Յուրաքանչյուրս մեր առաքելությունն ունենք այս կյանքում: Ջանանք զորանալ Տիրոջ շնորհներով եւ Նրա լույսը փոխանցենք մեր շրջապատին»,-իր խոսքում նշեց ՔԿ հոգեւոր պատասխանատու Հոգեշնորհ Հայր Թովմա աբեղա Խաչատրյանը:
«Առաքի´ր, Տե´ր, քո լոյսն ու ճշմարտութիւնը, որ ինձ առաջնորդեն եւ հասցնեն քո սուրբ լեռն ու օթեւանը» (Սաղմոս 42:3). աղոթենք այս խոսքերով եւ փնտրենք ամենակարող Տիրոջ  օրհնությունը, քանզի միայն Նա մեզ իր խաղաղությունն է տալիս. «խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք» (Հովհ. 14.26): Եվ երբ մեզ պաշարում են անթիվ-անհամար վտանգներն ու փորձությունները, մեր ոտքերն արյունոտվում փշոտ ճանապարհին, որպես սպեղանի լսվում է Տիրոջ մեծ հրավերը. «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթեոս ԺԱ 28), եւ Տիրոջը մոտենալը բարիք է մեզ  համար:  Մնում է անսալ Փրկչի ձայնին եւ մեր սրտի դուռը բանալ Նրա առջեւ, եւ, ինչպես որ արեւն է ծագում, փարատում աշխարհի խավարը, այնպես էլ թող ցրվի մեր էությունը պատող մեղքի խավարը եւ Քրիստոսի աստվածային լույսը ծագի մեր  սրտերում:
 
Մարիամ Ավետիսյան
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries