A+ A A-

ԽԱՉՎԵՐԱՑ

ԽԱՉՎԵՐԱՑԱյս տարի սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է  իր հինգերորդ` վերջին տաղավար (գլխավոր) տոնը, որ մեր հայրերը նվիրել են խաչին` կոչելով ԽԱՉՎԵՐԱՑ: Այն Հայ եկեղեցու հինգ Տաղավար և Խաչի չորս տոներից մեկն է: Խաչի տոներից ամենահինն է և իր պատմ. սկզբնավորությամբ հասնում է մինչև քրիստոնեության ակունքները, որովհետև խաչը վերացնելու (բարձրացնելու) և փառավորելու առաջին գործողությունը վերագրվում է Տեառնեղբայր (Տիրոջ եղբայր) Հակոբոս առաքյալին: Նա եղել է Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը և, խաչը ի տես ժողովրդի բարձրացնելով, «Խաչի քո, Քրիստոս, երկրպագեմք» օրհնությունն ու աղոթքն է ասել: Ենթադրվում է, որ Հակոբոսը ոչ թե Քրիստոսի բուն խաչն է բարձրացրել, այլ նրա նմանությամբ պատրաստված քառաթևով է այդ արարողությունը կատարել: Հայ և Ընդհանրական եկեղեցում տոնը հաստատվել է IV դ.:
Խաչի փառավորության երկրորդ պարագան Խաչի գյուտն է, երբ բյուզանդական Կոստանդիանոս կայսեր  մայրը` Հեղինե թագուհին, այն գտնելուց հետո մեծ շուքով զետեղել է Երուսաղեմի Ս. Հարություն տաճարում: Խ-ի տոնի նախընթաց օրը նավակատիքի հիշատակ կատարելը և այդ հիշատակը Ս. Հարություն տաճարի նավակատիքի տարեդարձ լինելը, Խաչի գյուտն ու Խ. ներքին կարգով իրար են միացվում:
Երրորդ պարագան, երբ խաչը հատուկ փառավորություն է ստացել, խաչի վերադարձն է: 614-ին, պարսկա-բյուզանդական  պատերազմի ժամանակ, Պարսից Խոսրով II թագավորը գրավել է Երուսաղեմը` գրեթե հիմնովին ավերելով քաղաքը: Թալանելով Երուսաղեմը` պարսիկները նյութական և հոգևոր շատ արժեքների հետ Քրիստոսի Խաչափայտը ևս գերեվարել են և իբրև ավար տարել Պարսկաստան: Միայն 628-ին բյուզ. Հերակլ կայսրը (610–641), հաղթելով Պարսկաստանին և գրավելով Տիզբոնը, վերադարձրել է գերված Խաչափայտը և նույն թվականի սեպտեմբերի 14-ին փառավոր հանդեսով զետեղել իր ավանդական տեղում`  Երուսաղեմի Ս. Հարություն տաճարում: Կայսրը և եկեղեցական հայրերը սեպտ. 14-ը հռչակել են Քրիստոսի Խաչափայտի վերադարձի կամ Խ-ի տոն: Հայ եկեղեցին Խ-ի տոնը կատարում է սեպտեմբերի  14-ի մոտակա կիրակի օրը (սեպտ. 11–17-ը հանդիպող կիրակին): Սահակ Գ Ձորոփորեցի կաթողիկոսը (677–703) կարգավորել է Խաչվերացի արարողությունը` գրելով նաև այդ առթիվ երգվող շարականներ (Աղբյուրը` «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երեւան, 2002, էջ 431-432): 
Անցյալում Խաչվերացի տոնին կատարվում էին անթիվ ուխտագնացություններ, ամենուր, «ուր ուխտատեղի կա, շեն վանք կա, ԹԷուխ-մանուկ կա, Խաչ-աղբյուր կամ Խաչաձոր կա…» (Վահան վարդապետ Տեր-Մինասյան): Տոնը մեծ շուքով նշվում էր տարբեր վայրերում: Մարաշում, օրինակ, խաչը զարդարվում էր հոտավետ ծաղիկներով, որոնց մեջ եւ Մարաշի անուշահոտ կանաչ ու լայնատերև ռեհանը:
Հնում խաչը պատժի և անարգ մահվան գործիք էր և մարդիկ սարսափում էր խաչից` իբրև մահվան գործիքից: Քրիստոսի խաչելությամբ խաչը դադարեց չարչարանքի և մահվան սարսափազդու գործիք լինելուց, իմաստավորվեց և դարձավ փրկագործության, կյանքի և մահվան դեմ հաղթանակի խորհրդանիշ: Քրիստոս սուրբ և անարատ մարմնով միացավ խաչափայտին ու սրբեց այն` խաչը տալով մեզ որպես սրբության միջոց ընդդեմ դևերի, մեղքերի, հիվանդությունների և այլ պղծությունների, քանզի ովքեր հավատով մերձենում են սուրբ խաչին, նրա միջոցով սրբվում են այս ամենից:
Խաչվերացի տոնին հայ եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, իսկ երեկոյան ժամերգության ժամանակ կատարվում է հանդիսավոր թափոր եւ անդաստան (արարողություն, որի ժամանակ օրհնվում են աշխարհի չորս ծագերը):
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries