A+ A A-

Միմյանց հանդեպ քաղցր ու գթած եղեք

Միմյանց հանդեպ քաղցր  ու  գթած եղեք«Իսկական հերոսությունը ապրելն է, եւ մեղքերից ու սխալներից իսկապես ազատվելու միակ ճանապարհը բարի գործերով դրանք հատուցանելը…աշխարհի չարը բարիի վերածելը»

Վազգեն Վեհափառ

Քրիստոնեական մի հին ավանդության համաձայն` Քրիստոս, անցնելով Երուսաղեմի փողոցներից մեկով, հանդիպում է մի անդամալույծ կույրի: Տերն անմիջապես ձեռքի մեկ հպումով բժշկում է նրան, սակայն դրան ի պատասխան բժշկվածը թքում է Քրիստոսի դեմքին: Առաքյալները հարցնում են Վարդապետին, թե ինչո՞ւ է Նա օգնում մարդկանց, երբ գիտի, որ մարդիկ երախտամոռ են և բարությանը չարությամբ պատասխանող: Քրիստոս պատասխանում է. «Ես մարդկանց կարող եմ տալ միայն այն, ինչ ունեմ իմ գրպանում...»: «Իսկ  ի՞նչ ունենք մենք մեր գրպաններում` մարդկանց տալու համար... Ի՞նչ կարող ենք մենք` որպես քրիստոնյաներ, տալ աշխարհին... Չարությո՞ւն, ատելությո՞ւն, կեղծի՞ք, բամբասա՞նք, սո՞ւտ, արհամարհա՞նք... Բայց ոչ երբեք Աստծո Խոսքը, որովհետև տակավին լցված չենք Սուրբ Հոգով, որովհետև Տերը մեզ դեռևս արժանի չի համարել լինելու Աստծո Սիրո, Աստծո Հույսի և Աստծո Հավատքի քարոզիչները» («Սարկավագագիրք»):
Մեր ամեն քայլն ու խոսքը պետք է ունենա Աստծո սիրո կնիքը: Եւ ամեն բարի գործի դիմաց մարդ Աստծուց վարձ է ստանում, բայց  այդ վարձը նյութական չէ ` դրամ կամ  որեւէ այլ բան: «Պարգեւ սպասիր ոչ թե այստեղ, այլ երկնքում»,- ասում է Սուրբ Անտոն Անապատականը: Իսկ երկնային վարձքն Աստծո օրհնությունն է, ամենամեծ գնահատանքը, որ մարդուն պարգեւում է խաղաղություն, ուրախություն եւ անանց երջանկություն, քանզի մարդը չի կարող երջանիկ լինել  առանց Աստծո օրհնության, առանց իր սրտում ունենալու Տիրոջ սուրբ խոսքն ու խորհուրդները:
«Քո Խոսքը ճրագ է իմ ոտքերին եւ լույս իմ ճանապարհին». (Սաղմ.109.105). Տիրոջ խոսքն  է այն խարիսխը, որին  ապավինում է մեր` կյանքի փոթորիկներից, ջրհեղեղներից  տարուբերվող նավը, Տերն է  մեզ  անվարան ու անկորուստ առաջնորդում է դեպի խաղաղ նավահանգիստ, ազատում մեղքի խավարից ու արժանացնում խոստացված Արքայությանը: Երկար ու դժվարին է այս ճանապարհը, քանզի հարկ է նախ անցնել այս աշխարհի փորձությունների միջով, մասնակից լինել Քրիստոսի չարչարանքներին, նեղության համբերել, «որպեսզի մասնակից լինենք Նրա փառքին» (Հռոմ. 8:17), արժանի դառնանք Աստծո որդիները կոչվելու:  Եվ, ինչպես ասում է առաքյալը, «նեղությունները մեզ տալիս են համբերություն, համբերությունը` տոկունություն, տոկունությունը` հույս, իսկ հույսը երբեք ամոթով չի թողնում, որովհետեւ մեզ տրված Սուրբ Հոգու միջոցով  Աստծու սերը տեղ է գտել մեր սրտերում…» (Հռոմ. 5: 3-7): Ուրեմն, արժանի լինենք Տիրոջ մեծ սիրուն ու ողորմությանը, քայլենք լույսի մեջ` լինելով բարի, գթասիրտ ու ողորմած, խոնարհ, հեզ, համբերատար ու ներող, «չձանձրանանք բարիք գործելուց», քաղցր ու գթած լինենք միմյանց հանդեպ` ներելով, օգնելով ու սատարելով, եւ բոլորից ավելի ` զորացնենք մեր սերը, «որովհետեւ սերը ամբողջացնող շաղախն է ամեն ինչի» (Կող. 3:14):
Մեզանից եւ ոչ ոք չի կարող ապրել առանց միմյանց, օգնելու, առանց բարիք գործելու. ի̃նչ հաճելի է տեսնել այն քաղցածին, որին կերակրել ենք, ծարավին, որին խմեցրել ենք, մերկին, որին հագցրել ենք, հիվանդին, որին տեսության ենք գնացել: Իսկ այս ամենի դիմաց Տերը խոստանում է մեզ. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը. որովհետեւ քաղցած էի,եւ ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուիք՝ խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք, մերկ էի, եւ ինձ հա•ցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք» (Մատթ 25: 34-35):
«Ինձ համար անհասկանալի է, թե մարդիկ ինչպես կարող են անտարբեր լինել իրենց անձի հանդեպ` զրկվելով տալու հարստացնող հաճույքից: Բայց ավելի ցնցող էր կարդալ պատմությունը այն իրականության, թե ինչպես Վուդի Ալենի հորեղբայրը մահվան անկողնում իր եղբորորդուն ժամացույց էր վաճառել: Ուրեմն աշխարհը միշտ ունեցել է եւ պիտի ունենա մարդիկ, որոնք դարձել են մամոնայի ծառաներ»,-գրում է ԱՄՆ հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ուստի, ջերմեռանդ սիրով ծառայենք Տիրոջը, կատարենք միայն Նրա կամքն ու հաղորդակից լինենք Նրան, ով խոնարհվեց մեր փրկության համար,  եկավ`  ողորմելով մեր բնությանը, եկավ վերադարձնելու մոլորվածներիս, գտնելու կորսվածներիս, ոտքի հանելու ընկածներիս, լուսավորելու խավարյալներիս, քանզի «Ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ» (Ղուկ. ԺԵ 7):
Կենդանի, անշեջ պահենք մեր սրտի եւ հոգու կանթեղը` մշտավառ` Փրկչի լույսով:  Տիրոջ օգնությամբ, աղոթքով, պահքով, ապաշխարությամբ ջանանք ազատվել  ամեն տեսակ մեղքերից ու ապականությունից, հաղթենք չարին, դառնանք ժամանակավորից հավիտենականը, մարմնավորից հոգեւորը, անմաքուրից սուրբը: Գիտակցելով մեր անկատարությունն ու մեղանչականությունը` իմաստավորենք մեր կյանքը` հաղորդակցվելով Տիրոջն ու Նրա սրբություններին, զորություն ստանանք ` դիմակայելու չարին ու նրա փորձություններին` կենդանի ու  անարատ պահելու համար մեր աստվածանման հոգին: Ջանաք անբիծ ու անարատ լինել Տիրոջ առաջ` ապրելով խաղաղությամբ, ճշմարտությամբ ու միմյանց հանդեպ ջերմ ու աստվածային սիրով, «եւ, ամենագլխաւորը, եղէ´ք համախորհուրդ, կարեկից, եղբայրասէր, ազնուագութ, խոնարհ. չարի փոխարէն չար մի´  հատուցէք, կամ նախատինքի փոխարէն`նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցէ´ք, որովհետեւ այդ բանին իսկ կոչուեցիք, որպէսզի ժառանգէք օրհնութիւնը» (Ա Պետրոս 3:8-9):
 
Հեղինակ՝ Մարիամ  Ավետիսյան 
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries