A+ A A-

Իմ կնոջ իդեալը. Շադե

Հելեն Ֆոլաշադե ԱդունԿին-առեծված

Հելեն Ֆոլաշադե Ադուն երկնային գեղեցկությամբ կին է, տաղանդավոր երաժիշտ ու փորձառու պրոդյուսեր: Նա երբեք չի փորձել կրկնօրինակման առարկա լինել: Նա կերտել է իր կյանքը` փորձելով վարվել այնպես, ինչպես հուշում են զգացմունքները` անկեղծ և արդար: Շադեն, որ միշտ հավատարիմ է ինքն իրեն, մեր ժամանակի ամենավառ երաժշտական երևույթներից է:
Երբ 80-ականների կեսին գրավիչ ու էկզոտիկ Շադեն առաջին անգամ հայտնվեց բեմին, նա զսպվածության մարմնացում էր: Ժամանակ անցավ, նա վերածվեց իսկական կանացիության մարմնացման: Նրա երաժշտությունը` զգայական և խորաթափանց, միշտ իր տեղը գտնում է ունկնդիրների սրտերում:
Բախտի քմահաճույքով Շադեն և աստվածուհի է, և ամսպամբուհի: Նա գործով ապացուցեց, որ եթե բնությունը մեկին գեղեցիկ արտաքին է տվել, ապա նրա մտավոր ունակությունները չեն զիջում են: Շադեն փշրեց երաժշտական բիզնեսի բազմաթիվ կարծրատիպեր: 
Շադեն միշտ փորձել է պաշտպանել իր անձնական կյանքը: Նա հազվադեպ է հարցազրույցներ տալիս և համարում է, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են լսել իրեն, կբավարարվեն նրա կյանքի մասին իր երգերով: Շադեի բնավորության այս գիծը սարսափելի նյարդայնացնում է լրատվամիջոցներին, որոնք շատ հաճախ գործի են դնում շշուկների մեծանիզմը: 

Կարիերայի սկիզբը

Շադեն ծնվել է 1959 թվականին Նիգերիայում: Երբ նա 6 տարեկան էր, ծնողների ամուսնալուծությունից հետո մոր հետ տեղափոխվում է Անգլիա: Երիտասարդ Շադեն շատ էր կարդում, հետաքրքրվում էր նորաձևությամբ, պարով և սոուլ երաժշտությամբ:  Շադեն լսում էր Curtis Mayfield, Donny Hathaway և Marvin Gaye: Սակայն նա երբեք չէր մտածում երգելու մասին:
1977-ին Շադեն տեղափոխվում է Լոնդոն դիզայնի երեքամյա դասընթացների մասնակցելու: Բարձրագույն կրթություն ստանալով նա ընկերուհու հետ տղամարդկանց հագուստի սրահ է բացում, սակայն բիզնեսն առաջ չի գնում: Շադեն սկսում է ֆոտոմոդել աշխատել:
1980-ին Շադեն ծանոթանում է Ariva լատինո-սոուլ խմբի մենեջեր Լի Բարետի հետ, ով հետագայում դառնում է նրա մենեջերը: Նա հարցնում է Շադեին` արդյոք նա կարող է երգել, և Շադեն հայտնաբերում է, որ կարող է: Նա միանում է խմբին և սկսում է երգել իր սեփական երգերը: Նա մեծ հաճույք էր ստանում ձայնագրման պրոցեսից:

Խմբի ստեղծումը

1982-ին, երբ Շադեն Pride խմբի անդամ էր, նա ծանոթանում է Ստյուարտ Մետյումենի և Հելեն Ֆոլաշադե ԱդունՓոլ Դենմենի հետ: Փոլ Կուկի հետ նրանք առանձին խումբ են հիմնադրում` անվանելով Sade: Սկսվում է նոր երգերի ձայնագրումը: 
1983-ին Շադեն պայմանագիր է կնքում Epic Records-ի հետ: Մեկը մյուսի հետևից ձայնագրվում են ձայնասկավառակներ. Diamond Life (1984), Promise (1985), Stronger Than Pride (1988), Love Deluxe (1992), The Best Of Sade (1994), Lovers Rock (2000), Lovers Live (2002):
1986-ին Շադեն տեղափոխվում է Մադրիդ, Իսպանիա: 1989-ի հոկտեմբերի 11-ին Մադրիդի Vinuelas դղյակում Շադեն ամուսնանում է իսպանացի կինոռեժիսոր Կարլոս Սկոլայի հետ: Սակայն ամուսնությունն անհաջող է լինում, և նրանք սկսում են առանձին ապրել:  
1990-ականների կեսերին Շադեն տեղափոխվում է Ջամայկա, որտեղ ապրում էր պրոդյուսեր Բոբ Մորգանի հետ: 1996-ի հուլիսի 21-ին Շադեն մայրանում է: 

Ներկան

Այսօր Շադեն ապրում է Լոնդոնի իր տանը: Նա գաղտնի է պահում իր անձնական կյանքը և հին ընկերների ընկերակցությունը նախընտրում է աշխարհիկ կյանքից: Նա սիրում է արագ վարել և անընդհատ փորձում է թողնել ծխելը: Մինչև այսօր նա շատ ուշ է քնում. դա այն վատ սովորություններից է, որից նա չի կարողանում ազատվել: 
Նա հազվադեպ է նոր ձայնասկավառակներ թողարկում, և այնպես է թվում, թե իր ամեն նոր ալբոմը վերադարձ է երկար դադարից հետո: Բանն այն է, որ Շադեի ձայնասկավառակներն ապրանք չեն, որոնք պլանավորվում են ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում թողարկվելու համար: Ալբոմից ալբոմ նրա երգերը կատարելագործվում են, զարգանում և հասնում ջազային սոուլի: Նրա երգերը նրա հագնվելու ոճի նման են` մինիմալիզմի միջոցով հասնել մաքսիմալ արդյունքի: «Եթե ասելու բան չունեք, ոչինչ մի ասեք»,- ասում է Շադեն:
Ժամանակակից լրատվամիջոցները` հեռուստաընկերությունները, համացանցը, կատարողներին հիանալի հնարավորություն են ընձեռում տարածել իրենց երաժշտությունը ողջ աշխարհով մեկ: Սակայն Շադեն այն կատարողներից է, որ նախընտրում է կենդանի կատարումներ: «Երբ մենք կատարում ենք, ես հասկանում եմ, որ մարդիկ սիրում են մեր երաժշտությունը: Ես զգում եմ դա»: Իր ողջ կարիերայի ընթացքում Շադեն միշտ գրավել է բազմապիսի ու բազմազգ ունկնդրի: «Եվ դա լավագույնն է, ինչին ես հասել եմ»:
Իր միլիոնավոր երկրպագուների և բազմաթիվ կատարողների համար Շադեն ոգեշնչման անփոխարինելի աղբյուր է:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries