A+ A A-

Իսկական լեդի. Օդրի Հեփբերն

Օդրի ՀեփբերնՀայտնի դերասանուհի Օդրի Հեփբերնի անունը ծանոթ է միլիոնավոր մարդկանց: 50-ականների կուռքը մինչև այսօր նորաոճության խորհրդանիշ է: Բազմաթիվ լուսանկարներից, որ մենք անգամ այսօր տեսնում ենք ամսագրերի շապիկներին, մեզ է նայում կատարյալ գեղեցիկ մի կին: Նրա դեմքը ներքուստ շողում է բարությամբ, ոչ շինծու կանացիությամբ և ուժով, որ ամեն մեկը չի կարող առաջին հայացքից տեսնել: Այդպիսին էր Օդրի Հեփբերնը կենդանության օրոք, այդպիսին նա մնաց իրեն ճանաչողների և երկրպագուների հիշողության մեջ:
Օդրին դերասանուհու անվան կրճատ տարբերակն է: Նրա ամբողջական անունը Օդրի Քեթլին վան Հեեմստրա Հեփբերն էր, որ նա ժառանգել էր բարոնուհի մորից: Օդրին ծնվել է 1929 թվականի մայիսի 4-ին Բելգիայում: Հոլանդացի արիստոկրատուհու և բանկի հասարակ աշխատողի ամուսնությունը հաջող չէիր անվանի: Ծնողներն անընդհատ կռվում էին, ընդհանուր լեզու չէին գտնում: Ամեն դեպքում Օդրիին խիստ են դաստիարակել, ինչպես դա անում էին ցանկացած արիստոկրատ ընտանիքում: Ընտանիքում հատուկ ուշադրություն էին դարձնում աշխատասիրությանը, ազնվությանը, կարգապահությանը, հավատքին և հարազատին օգնելու պատրաստակամությունը: Գուցե հենց այսպիսի դաստիարակության շնորհիվ Օդրին կարողանում էր այդքան հեշտորեն մերվել իր կերպարների հետ:Օդրի Հեփբերն
Ամեն դեպքում Օդրին մանկուց ջերմության և իսկական սիրո պակաս էր զգում: Մայրը խիսը զուսպ էր զգացմունքների արտահայտման մեջ, իսկ հայրն այնքան էր ծանրաբեռնված աշխատանքային և ընտանեկան խնդիրներով, որ ժամանակ չէր գտնում երեխաների համար: Վերջիվերջո ծնողներն ամուսնալուծվում են, ինչը Օդրիի համար ծանր հոգեկան ապրումների պատճառ է դառնում:
Օդրին մոր և եղբայրների հետ տեղափոխվում է ընտանեկան կալվածք, որը պատկանում էր մորը: Պատերազմը սկսեց այն ժամանակ, երբ ընտանիքն արդեն տեղավորվել էր այնտեղ: Իր կամքին հակառակ` Օդրին ստիպված ժամանակից շուտ հասունացավ: Նա հակա-ֆաշիստական թղթիկներ էր տարածում, միևնույն ժամանակ զբաղվում պրոֆեսիոնալ բալետով և պարի դասեր տալիս երեխաներին: Երեկոյան Օդրին համեստ վարձատրության դիմաց պարում էր մշտական հանդիսատեղի համար:
Պատերազմական տարիներն իրենց մատուցած սթրեսներով, տառապանքներով և կորուստներով հենց այնպես չանցան երիտասարդ աղջկա համար: Օդրիի մոտ սակավարյունություն է ձևավորվում, իսկ հետո նա դեղնախտ է հիվանդանում: Աղջիկը հրաշքով փրկվում է: 16 տարեկանում Օդրին մոր հետ տեղափոխվում է Ամստերդամ, որտեղ հիվանդանոց է ընկնում և բուժվում միայն մոր և ընտանիքի ընկերների ջանքերի շնորհիվ:Օդրի Հեփբերն
Ապաքինվելուց հետո նա ընդունվում է բալետի հայտնի պարուսույց Սոնյա Հասկելի խումբ, իսկ 18 տարեկանում ընդունվում է Մարի Ռամբերի լոնդոնյան դպրոց: Գոյատևելու համար Օդրին ստիպված էր նկարահանվել գովազդներում, պարել գիշերային ակումբներում և մյուզիքլներում: Այդ ժամանակ նրա երազանքները կապված էին միայն բալետի և թատրոնի հետ: Սակայն ճակատագիրն այլ ընթացք է ստանում: Մի անգամ Օդրիին նկատում է այդ ժամանակ հայտնի ռեժիսոր Մարիո Ջամպին, ով աղջկան դեր է առաջարկում «Ծիծաղը դրախտում» ֆիլմում: Այս դերը սկսնակ դերասանուհուն ոչ փառք, ոչ ճանաչվածություն, ոչ էլ փող է բերում: Եվս երկու տարի նա նկարահանվում է էպիզոդիկ դերերում, մինչև վերջապես դեր է ստանում «Արձակուրդները Հռոմում» ֆիլմում, որի պրեմիերայից հետո նա աստղ է դառնում: Ապա էկրանավորվում է «Սաբրինա» մյուզիքլը, որի զգեստները կարել է Ջիվանշին: Այդ ժամանակվանից Օդրիի և հայտնի մոդելյերի միջև ամուր ընկերություն է ձևավորվում:
Հաջորդող ֆիլմերը Օդրիին համաշխարհային ճանաչում և մի քանի Օսկար են բերում: Այս հիասքանչ կնոջ ոճը կրկնօրինակում էին բազմաթիվ երկրներում, նա իսկական կուռք էր, ում ընդօրինակում էին ամեն ինչում: Օդրի Հեփբերն
Չնայած ապշեցուցիչ փառքին, հռչակին ու փողերին` Օդրին երբեք չէր տառապում աստղային հիվանդությամբ: Նա հրեշտակային բնավորություն ուներ, սովոր էր երկար և համառորեն աշխատել, ցանկանում էր սիրել և սիրվել: Այս հատկանիշները սակայն դերասանուհուն ցանկալի երջանկություն չեն բերում: Նա երկու անգամ ամուսնացավ, սակայն այդպես էլ երջանիկ չեղավ:
Նրա ամուսնությունների միակ իմաստը երկար սպասված որդու ծնունդն էր, ում հայրը ռեժիսոր և պրոդյուսեր Մել Ֆերերն էր: Երկրորդ որդուն նույնպես վիճակված չէր ամբողջական ընտանիք ունենալ, թեև Օդրիի երկրորդ ամուսնությունը բնութագրում էին որպես երջանիկ ամուսնություն:
Իսկական սերն այցելում է Օդրիին միայն 50 տարեկանում, երբ նա հանդիպում է հոլանդացի դերասան Ռոբերտ Ուոլդեսին: Նրանք պաշտոնապես չամուսնացան, սակայն, ինչպես նշում էր Օդրին, դա ոչնչով չխանգարեց իրենց երջանկությանը:Օդրի Հեփբերն
Օդրի Հեփբերնի ֆիլմոգրաֆիան մոտ 20 ֆիլմ է պարունակում, որոնցից շատերը համաշխարհային մրցանակներ են ստանում: Իր կյանքի վերջին տարիներին Օդրին բարեգործությամբ էր զբաղվում, ինչի համար ԱՄՆ նախագահի կողմից պարգևատրվեց Փառքի մեդալով: Հեփբերնը մահացավ 1993 թվականին 64 տարեկան հասակում քաղցկեղից:
Մինչև այսօր իսկական լեդի ասելիս մեզնից շատերը հենց Օդրի Հեփբերնին են պատկերացնում, ով իրական գեղեցկության, բարեհոգության և տաղանդի մարմնացում է:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries