Մանկություն
Գեղեցկադեմ այս տղամարդու երակներում հոսում է ամերիկացու, իտալացու, գերմանացու և անգամ ռուսի արյուն: Լեոնարդո Դի Կապրիոյի մայրական կողմից տատիկը Ռուսաստանից արտագաղթել էր Գերմանիա: Լեոյի հայրը կոմիքսների նկարիչ էր և լքել էր ընտանիքը որդու ծնվելուց գրեթե անմիջապես հետո:
Դի Կապրիոյի կյանքի ուղին կարծես ի վերուստ գծված էր: Առաջին անգամ նա էկրաններին է հայտնվել երկու տարեկանում` մասնակցելով մանկական հայտնի շոուի: Իսկ երբ տղան 14 տարեկան էր, արդեն հստակ որոշել էր, որ ցանկանում է իր կյանքը կապել կինոյի աշխարհի հետ: Հենց այդ տարիքում նա գտավ իր առաջին գործակալին և սկսեց ճանապարհ հարթել դեպի կինոմատոգրաֆի գրավիչ աշխարհ: Կալիֆորնիական John Marshall High School դպրոցում ուսումը Դի Կապրիոն համատեղում էր դերասանի խիստ գրաֆիկի հետ. այդ ընթացքում նա նկարահանվեց ավելի քան երեսուն գովազդային հոլովակում և այդ ժամանակ հայտնի «Սանտա-Բարբարա» սերիալի մի քանի սերիայում:

1991 թվականին Դի Կապրիոն մասնակցեց «Ուժգնացող ցավ» սերիալի նկարահանումներին, սակայն ստիպված էր լքել նախագիծը հանուն «Այս տղայի ճշգրիտ պատմությունը» ֆիլմում դերակատարման, որը դառնում է դերասանի առաջին լուրջ աշխատանքն ու կինոդեբյուտը:
Աստղային ճանապարհը
Արդեն հաջորդ աշխատանքը` «Ինչ է տանջում Գիլբերտ Գրեյպին», որ թողարկվեց 1993 թվականին, Լեոնարդո Դի Կապրիոյին առաջադրեց Օսկարի: Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ 19-ամյա սկսնակ դերասան Դի Կապրիոն անասելի տաղանդավոր է, և Հոլիվուդի աստղազարդ երկնքում ևս մեկ աստղ վառվեց:
1994 թվականին Դի Կապրիոն դեր ստացավ «Արագ և մահացած» վեստերն ժանրի ֆիլմում, իսկ 1997 թվականին Ռոմեոյի դեր է ստանում «Ռոմեո և Ջուլիետ»-ի ժամանակակից էկրանավորման մեջ: Երկու ֆիլմերն էլ ավելացնում են դերասանի ճանաչումը, իսկ Ռոմեոյի դերակատարման համար Բեռլինյան կինոփառատոնի ժամանակ Դի Կապրիոն մրցանակ է ստանում տղամարդու լավագույն դերակատարման համար:
Ամեն դեպքում աստղային իսկական ժամը քիչ հետո է նրան այցելում: 1997 թվականին էկրաններ է բարձրանում Ջեյմս Կամերոնի «Տիտանիկ» ֆիլմը, որը միանգամից համաշխարհային հիթ է դառնում: Տարվա գլխավոր իրադարձությունը Լեոնարդո Դի Կապրիոյին դարձնում է ժամանակի ամենահայտնի և ցանկալի դերասանը:
Նույն 1997 թվականին People ամսագիրը Դի Կապրիոյին ընդգրկում է աշխարհի ամենագեղեցիկ 50 մարդկանց ցուցակում:

Այսպիսի հաղթական սկզբից հետո Դի Կապրիոյի կարիերան մեծ քայլերով առաջ է գնում: Գրեթե ամեն տարի թողարկվում էին ֆիլմեր նրա մասնակցությամբ, որոնք նրան էլ ավելի մեծ փառք ու էլի ավելի խոշոր հոնորարներ էին բերում: Հատկապես կարելի է առանձնացնել «Ավիատոր» ֆիլմը, որն ամբողջությամբ բացահայտեց դերասանի տաղանդը: Վերջին ժամանակներս Դի Կապրիոյի ստեղծագործական գանձարանը տարեցտարի լցվում է միանգամից մի քանի հաջող նախագծերով: Նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերը միանգամից հիթ են դառնում, իսկ դերասանի տաղանդը չի դադարում զարմացնել ինչպես երկրպագուներին, այնպես էլ կինոքննադատներին:
Անձնական կյանքը
Լեոնարդո Դի Կապրիոյի անձնական կյանքը, ինչպես իր կարիերան, միշտ լրագրողների և երկրպագուների ուշադրության կենտրոնում է եղել: Եվ զարմանալի չէ. չի՞ որ հայտնի դերասանի բոլոր ընտրյալները միշտ աշխարհի ամենագեղեցիկ կանայք են եղել: 1990 թվականին նա հանդիպում էր դանիացի մոդել Հելենա Կրիստենսենի հետ, 2000-ից 2005-ը Դի Կապրիոյի սիրեցյալը բրազիլացի մոդել Ժիզել Բյունդխենն էր, 2006-ին Դի Կապրիոն սիրավեպ է սկսում իսրաելցի մոդել Բար Ռաֆաելի հետ, իսկ 2009-ին` ռուս մոդել Աննա Վյալիցինայի: Ինչպես տեսնում ենք` Դի Կապրիոյի կյանքում շատ են եղել մոդելները:

Լեոնարդո Դի Կապրիոն իր մասին
Ի տարբերություն շատ աստղերի` իմ ճակատագիրը որոշված չէր մանկուց: Ես մեծանում էի Հոլիվուդի ծայրամասերում և մտածում էի, որ գիժ եմ մեծանում:
Չեմ սիրում դպրոցը. այնտեղ ստիպում են կենտրոնանալ նրա վրա, ինչ չես ուզում իմանալ:
Դպրոցում ինձ վրա քչերն էին ուշադրություն դարձնում:
Առաջին համբույրն իմ կյանքի ամենազզվելի բանն էր: Այդ աղջնակն այնքան թուք էր լցրել բերանս, որ երբ դա, փառք Աստծո, ավարտվեց, մի քանի թաղամաս քայլում ու փսխում էի:

Ես համասեռամոլ չեմ:
Կարծում եմ` ինձ չի կարելի համառ մարդ անվանել, թեև փաստերն այլ բան են փաստում: Երբ 15 տարեկան էի, միջին հաշվով 160 լսումների եմ գնացել, սակայն ոչ մի դեր չեմ ստացել:
Կարծում եմ` շատ դժվար է միայնակ լինել:
Փառքն ասես ունիվերսալ անցաթուղթ է. ուր ուզում ես, այնտեղ էլ գնում ես:
Ընդհանուր առմամբ ինձ դուր է գալիս, թե ինչպիսին է աշխարհը:
Ես այդքան էլ շատ վախեր չունեմ` շնաձկներ, այլմոլորակայիններ և գլոբալ տաքացում:
Չեմ հասկանում, թե ինչու են բոլորը ցանկանում ինձնից համասեռամոլ սարքել:
Միշտ ճշմարտության ձգտիր: