A+ A A-

Պաբլո Պիկասո

Պաբլո ՊիկասոՊաբլո Պիկասոն ծնվել է 1881 թվականի հոկտեմբերի 25-ին Իսպանիայի նավահանգստային աղմկոտ Մալագա քաղաքում: Հայրը` Խոսե Ռուիս Բլասկոն զբաղվում էր գեղանկարչությամբ: 1895 թվականին ընտանիքը տեղափոխվում է Բարսելոնա, որտեղ Խոսեն աշխատանքի է ընդունվում գեղարվեստի դպրոցում: Պիկասոն ընդունվում է նույն դպրոց, իսկ 1897 թվականից շարունակում ուսումը Մադրիդի գեղարվեստի ակադեմիայում: Շուտով նա հասկանում է, որ ակադեմիան իրեն ոչինչ չի տալիս, և վերադառնում է Բարսելոնա, որտեղ բացում է սեփական ստուդիան: Այդ ժամանակ նա ընդամենը 16 տարեկան էր: Նրա վաղ աշխատանքները լի են թախիծով: Սկզբանական շրջանում Պիկասոն կտավների վրա ստորագրում էր «Պ.Ռուիս», սակայն հետագայում հոր հետ չշփոթվելու համար նա ընտրեց մոր ազգանունն ու դարձավ Պաբլո Պիկասո: Պաբլոն չափազանց ինքնավստահ երիտասարդ էր և չէր կասկածում, որ կկարողանա հաջողության հասնել:

Փարիզյան կյանքը

Այդ ժամանակի բոլոր փառասեր նկարիչների նման Պիկասոն երազում էր հայտնվել Փարիզում: Նրա երազանքն իրականացավ 1900 թվականին: 1904 թվականին նա հիմնավորապես տեղափոխվում է Փարիզ: 1900-1904 թվականները կոչվում են նրա կյանքի «երկնագույն ժամանակաշրջան», քանի որ այդ տարիների նրա աշխատանքներում գերակշռում են սառը երկնագույն երանգները: «Երկնագույն ժամանակաշրջանին» հաջորդում է կարճատև «վարդագույն ժամանակաշրջանը», որի ընթացքում նկարիչը նախընտրում էր ավելի տաք երանգներ: 1904 թվականին Պիկասոն մի կիսավեր տան մեջ ստուդիա է բացում: Հետագա հինգ տարիների ընթացքում նա ապրում էր իր ստուդիայում: Հենց այստեղ երիտասարդ նկարիչը ծանոթանում է բնորդուհի Ֆերնանդա Օլիվյեի հետ, ով դառնում է նրա սիրուհին: Պիկասոն մեկ անգամ չէ նկարել Ֆերնանդային: Հետագայում Ֆերնանդան հիշում է, որ Պիկասոն այդ ժամանակ «փոքրիկ, թուխ, նիհար, դաժան, անհանգիստ, երկնագույն աչքերով, անփույթ շարժումներով, չխնամված կանացի ձեռքերով մեկն էր»:Պաբլո Պիկասո

Ստեղծագործական շրջապատը

Փարիզում Պիկասոն հեշտորեն մուտք է գործում ավանգարդիստների շրջապատ և մինչև կյանքի վերջը պահպանում է ընկերական հարաբերությունները շատերի հետ: Պիկասոն առանձնապես մոտ էր Մակս Ժակոբի հետ: Երբ 1902-1903 թվականներին Պիկասոն սարսափելի աղքատության մեջ էր, Ժակոբն առաջարկում է նկարչին տեղափոխվել իր տուն: Անկողինը մեկ հատ էր, և ընկերները կիսում էին այն օրվա ժամերին. Ժակոբը քնում էր գիշերը, իսկ Պիկասոն ցերեկը: Դա ձեռք էր տալիս Պիկասոյին, քանի որ նա նախընտրում էր աշխատել գիշերը: Պիկասոն և Ֆերնանդան բավականին բոհեմային կյանք էին վարում: Պիկասոն չէր դադարում աշխատել և շուտով հաջողության է հասնում: 1907 թվականին նա ճանաչում է ձեռք բերում կոլեկցիոներների և գեղանկարներ վաճառողների  շրջանում, ովքեր հետաքրքրված էին երիտասարդ նկարչի վառ տաղանդով: Պիկասոն երբեք չէր ցուցադրում իր աշխատանքները հրապարակային ցուցահանդեսների ժամանակ, ինչը նրա հետաքրքիր անհատականության ևս մեկ արտահայտում էր:
1917 թվականին Պիկասոն Հռոմ է այցելում, որտեղ սկսում է աշխատել «Զորահանդես» բալետի դեկորացիաների և կոստյումների վրա: Այստեղ Պիկասոն սիրահարվում է պարուհի Օլգա Խոխլովային, ում հետ 1918 թվականին ամուսնանում է: Այդ ժամանակ Պիկասոն վերջնականապես հրաժեշտ է տալիս բոհեմական կյանքին: Երիտասարդ կնոջ հետ Պիկասոն շքեղ բնակարան է տեղափոխվում: Այդ ժամանակ Պիկասոն արդեն հայտնի ու սիրված նկարիչ էր: 
1921 թվականին Պաբլոն հայր է դառնում, սակայն ամուսնությունն այդքան էլ երջանիկ չէր: Ըստ էության այն ավարտվում է 1927-ի հունվարին, երբ Պիկասոն տարվում է 17-ամյա Մարի-Թերեզ Վալտերով: Նկարիչն այդ ժամանակ 45 տարեկան էր: 1935 թվականին Մարի-Թերեզը աղջիկ է ունենում:
Օլգան և Պաբլոն պաշտոնական ամուսիններ էին համարվում մինչև 1955-ին Օլգայի մահը: Կյանքի վերջին տարիներին Օլգան խելագարության շեմին էր հասել, ինչը Պիկասոյին շատ էր տանջում: Որոշ ժամանակ նա չէր նկարում և զբաղվում էր գրականությամբ: Մարի-Թերեզի հետ հարաբերությունները նույնպես չեն ստացվում: 1937-ին նկարչի կյանքում հայտնվում է լուսանկարիչ Դորա Մաարը: Մարի-Թերեզը մինչև կյանքի վերջ հետևում էր Պիկասոյին և ինքնասպանություն է գործում նկարչի մահից քիչ անց:
Չնայած Պիկասոն երկար տարիներ ապրում էր Ֆրանսիայում, հայրենիքի հետ կապերը չէին խզվում: Նրա աշխատանքներում հաճախ էին հայտնվում իսպանական թեմաներ: Պաբլո Պիկասո

Նոր մուսաներ, նոր վայրեր

1943-ին Պիկասոն բաժանվում է Դորայից և սիրահարվում 21-ամյա Ֆրանսուազա Ժիլոյին, ում հետ ապրում է 10 տարի: Նրանք երկու երեխա են ունենում: Այդ ժամանակահատվածում նա զբաղվում էր կերամիկայով և պավիֆիզմով: 1953-ին Ֆրանսուազան լքում է Պիկասոյին: Ֆրանսուազայի տեղը շուտով զբաղեցնում է Ժակլին Ռոքը: 1961 թվականին նրանք ամուսնանում են: Պիկասոն շարունակում էր ակտիվ աշխատել: Կարծես թե մոտալուտ մահվան զգացումը ստիպում էր նկարչին շտապել: Պիկասոն մահացավ 1973 թվականի ապրիլի 8-ին 91 տարեկան հասակում:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries