A+ A A-

Ջաննի Վերսաչե

Ջաննի ՎերսաչեՋաննի Վերսաչեն ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 2-ին Իտալիայում: Նրա մայրը պրոֆեսիոնալ դերձակ էր և անընդհատ փոքրիկ Ջաննիին իր հետ աշխատանքի էր տանում: Հավանաբար հանդերձարաններից և անհամար զգեստներից ստացած առաջին տպավորությունները պատճառ հանդիսացան ապագա մոդելյերի մասնագիտության որոշման համար: Ինքը Ջաննին, հիշելով իր մանկությունը, ասում էր. «Կարծում եմ, որ իմ մասնագիտության հարցում պարտական եմ մորս»:
Թեև մոր հետ Ջաննին այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր: Տանը ևս երկու երեխա կար: Չնայած փոքրիկ Ջաննիի ջանքերին` մայրը որդու վրա ուշադրություն չէր դարձնում` իր ողջ սերը տալով ավագ որդուն: Իսկ Ջաննին ագահորեն հափշտակում էր մոր ամեն հայացքը, շարժումը` երազելով դառնալ նրա օգնականը: «Չգիտեմ, գուցե իմ կյանքի ու արվեստի իմաստն էլ այն է, որ արժանանամ նրա ուշադրությանը»:
Հետևելով մոր հմուտ աշխատանքին` Ջաննին կտորների հետ աշխատելու առաջին դասերն էր առնում: Նա տեսնում էր, թե ինչպես էր մայրն այնպես անում, որ զգեստն ընդգծի կանանց կազմվածքի առավելությունները և թաքցնի թերությունները: 
Աստիճանաբար Ջաննին դառնում է մոր օգնականը և սկսում է նոր հագուստներ հորինել` Ջաննի Վերսաչեհամադրելով իր երևակայությունը նորաձևության միտումների հետ, որոնցից տեղյակ լինելու համար նա պարբերաբար ցուցադրությունների էր հաճախում: Մի անգամ իրենց կարի արհեստանոց մի զանգ է գալիս, որն ընդմիշտ փոխում է Վերսաչեի կյանքը: Միլանցի հարուստ բիզնեսմենը, լսելով երիտասարդ Վերսաչեի տաղանդի մասին, որոշել էր մի-փոքր փող ներդնել նրա ապագայի մեջ: Ջաննին հասկանում է, որ հազվադեպ շանս ունի իրականացնել իր երազանքը, և առանց մտածելու տեղափոխվում է Միլան: Այսպես սկսվում է իտալացի երիտասարդ դիզայների կարիերան:
Իր միլանյան կարիերան տաղանդավոր երիտասարդը սկսում է` աշխատելով Genny, Callaghan և Complice նորաձևության տներում: 25 տարեկանում նա լի էր փառասիրական նպատակներով: 1978 թվականին Ջաննին բացում է իր սեփական Gianni Versace նորաձևության տունը` նախագահների պաշտոններին հրավիրելով իր եղբորն ու քրոջը` Սանչոյին և Դոնաթելային: Մեկ տարի անց նա ներկայացնում է իր առաջին հավաքածուն և հիացնում նորաձևության սիրահարներին:
Իրենց լոգոյի համար Վերսաչեն ընտրել էր Մեդուզայի գլուխը` պատճառաբանելով, որ Մեդուզան խորհրդանշում է գեղեցկություն և հունական անտիկ դասական գծեր ինչպես արվեստում, այնպես էլ փիլիսոփայությունում: Մեդուզան գեղեցկության և պարզության սինթեզ է:
Վերսաչեի հագուստն իսկապես հիպնոսացնում էր իր գեղեցկությամբ և որակով: Նրա ոճը պայթեցնում էր 80-ականների նորաձևության հարթակները: Ամենահամեստ հաշվարկներով` նրա տարեկան եկամուտը կազմում էր 900 միլիոն դոլար: Ողջ աշխարհում ակտիվորեն գործում էր 165 բուտիկ և 23 մասնավոր խանութ: Մոդելյերի երևակայությունը չէր սահմանափակվում միայն հագուստով. նա արտադրում էր աքսեսուարներ, օծանելիք, ժամացույցներ և անգամ տան պարագաներ:
ՎերսաչեՆա երբեք չէր վախենում փորձարկումներ անել տարբեր նյութերի հետ` համադրելով զգայուն կաշին նուրբ մետաքսի կամ ջինսե կտորների հետ: Երբեմն նա բավականին բաց և համարձակ հագուստներ էր արտարդում: Սև փոքրիկ ու երեկոյան շքեղ զգեստները նրան համաշխարհային հռչակ են բերում:
Ջաննի Վերսաչիին է պատկանում թոփ-մոդել երևույթը: Նա կրկնակի ու եռակի գումարներ էր վճարում լավագույն մոդելներին, որոնք դառնում էին միլիոնների կուռքերն ու հայտնվում էին ամսագրերի շապիկներին: Կլաուդիա Շիֆեր, Կրիստի Թարլինգթոն, Լինդա Էվանգելիստա, Սինդի Կրոուֆորդ, Նաոմի Քեմփբել. նրանք բոլորը Ջիաննի Վերսաչիի ձեռքի գործն են:
Որքան տարօրինակ դա կարող է հնչել, սակայն Վերսաչեն, որ փառաբանում էր կնոջ գեղեցկությունը, երբեք կին չի ունեցել: Նա երբեք չէր թաքցնում իր համասեռամոլությունը և ապրում էր տղամարդու հետ: Գուցե նրա ստեղծած հագուստը նվիրված էին իր մորը: Շատ կանայք հավաստիացնում են, որ Վերսաչիի զգեստներում իրենց թագուհի են զգում: Ո՞վ գիտե, թե քանի-քանի գլուխգործոց նա դեռ կստեղծեր, եթե…
1997 թվականի հուլիսի 15-ին Ջաննի Վերսաչիին իր տան մոտ սպանում են…Ոստիկանները հեշտությամբ պարզում են մարդասպանի ինքնությունը, սակայն ուշ էր. նա ինքնասպանություն էր գործել: Հետաքրքիր է, որ մարդասպանի հագին Վերսաչե ապրանքանիշի ներքնաշոր էր…
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries