A+ A A-

Ադել

ԱդելԱդել Լորի Բլու Էդկինսը ծնվել է 1988 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում: Աղջնակի երաժշտական նախասիրությունները դեռ մանկուց են արտահայտվել, երբ նա հաճույքով կատարում էր այլ երաժիշտների երգերը: Սակայն երգչուհու կարիերայի մասին Ադելը չէր էլ մտածում: Նա ավելի շատ զբաղված էր այլ կատարողների տարածմամբ: Նա հենց դրանով էլ ցանկանում էր զբաղվել բարձրագույն կրթություն ստանալուց հետո: Սակայն ճակատագիրն այլ ընթացք է ստանում և նրա կյանքը պտտում է այլ ուղղությամբ: Երգչուհու առաջին լուրջ գործը «Hometown Glory» երգն է դառնում: Ադելն այն գրել է 16 տարեկանում: Բացի այդ` նա մի քանի այլ երգեր էր գրել, որոնք նախատեսված էին ինչ-որ դպրոցական միջոցառման համար: Սակայն այդ երգերին վիճակված էր դպրոցի սահմաններից դուրս գալ: Շնորհիվ Ադելի ընկերոջ, ով երգերը տեղադրել էր MySpace սոց.ցանցում, Ադելի ճանաչվածությունն այնքան է մեծանում, որ նրանով հետաքրքրվում է XL Recordings ձայնագրման ստուդիան, ում հետ էլ ապագա աստղը պայմանագիր է կնքում:
18 տարեկանում Ադելը թողարկում է իր առաջին սինգլը` «Hometown Glory»-ն, որի շնորհիվ Ադելի փառքը հասնում է անսահման բարձունքների: Նրա մասին խոսում էր անգամ BBC հեռուստաալիքը` կանխագուշակելով մեծ ապագա: Եվ դա այդպես էր, որ կար. Brit Awards մրցանակաբաշխությանն Ադելը հաղթում է «Քննադատների ընտրություն» անվանակարգում: 
Ձայնասկավառակի նախապատրաստական աշխատանքների ժամանակ թողարկվում է երկրորդ`  «Chasing Pavements» սինգլը, որը նույնպես մեծ աղմուկ է հանում: Եվ ահա, 2008 թվականին թողարկվում է երկար սպասված «19» ձայնասկավառակը: Սոուլ ժանրում հանդես եկող Ադելը միանգամից մեծ աղմուկ է հանում ոչ միայն բրիտանական, այլև գերմանական, ավստրիական, ամերիկյան երաժշտական շուկաներում:
Ձայնասկավառակի թողարկումից օրեր անց այն առաջատար դիրք է զբաղեցնում բրիտանական փոփ-չարթերում: Ի դեպ` ալբոմում տեղ գտած երգերի մեծամասնության հեղինակը հենց Ադելն է: Ալբոմը վաճառվում է ավելի քան յոթ միլիոն օրինակով:
Ադելի հաջորդ քայլն ԱՄՆ-ն գրավելն էր: Իհարկե հաջողությունը նրան միանգամից չի ժպտում, սակայն ամիսներ անց այն ԱՄՆ-ում էլ պլատինե է դառնում, այսինքն վաճառվում է ավելի քան 300 հազար օրինակով:
Ձայնասկավառակի թողարկումից հետո հաջորդում է համաշխարհային շրջագայությունը:Ադել Այդ նույն ժամանակ Ադելն աշխատում էր իր նոր` «21» ձայնասկավառակի վրա, որի հիմնական ուղղվածությունն այս անգամ քանթրի երաժշտությունն էր: Շրջագայության ժամանակ Ադելը շատ էր տարվել հին ամերիկյան երաժշտությամբ և որոշել էր իր արվեստը թարմացնել ինչ-որ նորությամբ:
2011 թվականի հունվարի 24-ին Մեծ Բրիտանիայում թողարկվում է Ադելի երկրորդ ստուդիական ձայնասկավառակը: Քննադատները հնչողության մեջ որոշակի փոփոխություններ նկատեցին, սակայն չքննադատեցին, ընդհակառակը: Առաջին` «Rolling in the Deep» սինգլը յոթ շաբաթ շարունակ զբաղեցնում էր Billboard Hot 100 շքերթի առաջին հորիզոնականը, ինչը բրիտանական կատարողների համար հազվադեպ երևույթ է: 
Ձայնասկավառակն առաջատար դիրքեր էր զբաղեցնում Անգլիայի, Իռլանդիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Նոր Զելանդիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Բելգիայի հիթ-շքերթներում, իսկ 2011-ի մարտին առաջին հորիզոնական զբաղեցրեց Billboard 200 հիթ-շքերթում:
Երկրորդ` «Someone Like You» սինգլն առաջատար էր Բրիտանիայում: Official Charts Company ընկերության տվյալների համաձայն` երկու սինգլներով և երկու ձայնասկավառակով Ադելնը պատմության մեջ երկրորդն է, The Beatles-ից հետո, ով հասել է նման արդյունքի:
2011-ի նոյեմբերի սկզբին չեղյալ հայտարարվեցին Ադելի բոլոր համերգները` կապված ձայնալարերի վիրահատության հետ: Ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ: 2012-ի սկզբին թողարկվեց Ադելի «Set Fire to the Rain» սինգլը, որը գլխավորեց ԱՄՆ-ի ազգային հիթ-շքերթը:
2012-ն իսկապես բարեհաջող սկսվեց Ադելի համար. անհնար է չհիշել Գրեմմիի այս տարվա մրցանակաբաշխությունը, որտեղ Ադելը հաղթեց միանգամից վեց անվանակարգերում:
2011-ի դեկտեմբերին Ադելը հայտարարեց, որ պատրաստվում է որոշ ժամանակով դադարեցնել երաժշտական կարիերան: Շատերը դա վերագրեցին նրա անձնական կյանքին` պատճառաբանելով, որ նա ցանկանում է շատ ժամանակ հատկացնել իր սիրելիին: Սակայն այս տարվա ապրիլի սկզբին Ադելը հայտարարեց, որ 2012-ին, այնուամենայնիվ, նոր սինգլ կթողարկի:
Դե ինչ, շնորհավորենք Ադելի ծննդյան օրն ու սպասենք նորանոր հիթերի: 
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries