A+ A A-

Քաոս, որ կոչվում է ազատություն... (Հարցազրույց գեղանկարիչ Սամվել Սևադայի հետ)

Սամվել ՍևադաԱյցեքարտ

«Ծնվել եմ Լենինականում: Փոքրուց ստեծագործել եմ` գրել բանաստեղծություններ, նկարել եմ, լուսանկարել սկսել եմ ավելի ուշ: Հայրս ծառայող էր, մայրս տնային տնտեսուհի: Գուցե քեռիներիցս եմ ժառանգել նկարչության իմ ձիրքը. նրանք շինարարներ էին, և, ինչպես ասում են, «ձեռքով մարդ էին սարքում»:
1989 ին մեկնել եմ ԱՄՆ, որտեղ ապրեցի 16 տարի: 1996 – ին հրավիրեցին Երևան` ստանձնելու Երևան քաղաքի գլխավոր նկարչի պաշտոնը. իմ պաշտոնավարման ժամանակաշրջանում կարողացանք քիչ թե շատ  նորովի ներկայացնել քաղաքի արտաքին տեսքը. գրիլներից և խորովածանոցներից մաքրեցինք Երևանը: Կարգավորեցինք արտաքին գովազդը, որի մասին օրենքի նախագիծ մշակեցինք ու մտցրինք Ազգային ժողով,  հատուկ էսքիզների համաձայն մայրաքաղաքում պատրաստվում ու տեղադրվում էին նստարաններ, աղբամաններ ու ցանկապատներ:  Կարգավորեցինք քաղաքի աչքի ընկնող շենքերի գիշերային լւսավորությունը: Իմ ղեկավարությամբ ձևավորվոց ու վերակառւցվեց կենդանաբանական այգին: Երկու տարի անց նորից հետ գնացի ԱՄՆ, ապա 2005 թ. ին վերադարձա և բացեցի իմ արվեստանոց դպրոցը: Մինչև այսօր ստեղծագործում եմ այստեղ, ունեմ տարբեր տարիքի բազմաթիվ աշակերտներ, որոնց ուսուցանում եմ կերպարվեստի լեզուն»:

-Հետհայաց անդրադարձով ներկայացրեք Ձեր ճանապարհը դեպի արվեստ:

-«Գյումրիում «արվեստի տալը» ընդունված էր». ինձ էլ ուղարկեցին նկարչական դպրոց, իսկ մեր դպրոցը` Մերկուրովի անվան Գեղարվեստի դպրոցը,  շատ լավն էր ու միշտ լավ սաներ է տվել: Այդ տարիներին Հայաստանի նկարիչների միության անդամների կեսից ավելին լենինականցիներ էին, էլ չեմ խոսում արվեստի մյուս ճյուղերի ու գրականության մասին: Հետո, երբ ընդունվեցի Մանկավարժական ինստիտուտ (քանի որ Թերլեմեզյանի անվան ուսումնարան չէի ավարտել միանգամից չէի կարող Գեղարվեստի ինստիտուտ ընդունվել), հենց առաջին կուրսում իմ ծաղրանկարները, ձևավորումները սկսեցին տպագրել հանրապետական թերթերում և մի օր հրավիրեցին հեռուստաստուդիա` նկարահանման, որտեղ արժանացա մրցանակի: Դե, հասկանալի է, թե ինչ մեծ ոգևորությամբ սա կընդունվեր Գյումրիում. հայրս այդ օրը մեծ սեղան էր բացել` հրավիրելով հարևաններին ու բարեկամներին: Ինչպես պատմում են, այդ հաղորդումից հետո Լենինականի մեր մեծ շենքում բոլորն իրենց երեխաներին տարել են նկարչական դպրոց. մեր շենքից շատ նկարիչներ կան այսօր: Մանկավարժական համալսարնում երկու տարի սովորելուց հետո անհատական ցուցահանդես կազմակերպեցի, և այդ ցուցահանդեսը հիմք ընդունելով` ինձ ընդունեցին Գեղարվեստի ինստիտուտ: 
Սամվել Սևադա 

-Ինչպե՞ս մտաք  պրոֆեսիոնալ նկարչության ասպարեզ:

-1970 թվականին հրավիրեցին «Կրակոց սահմանի վրա» ֆիլմում գլխավոր դերում նկարահանվելու համար: Այստեղ պատահաբար հանդիպեցի ու ծանոթացա ֆիլմերի նկարիչ – բեմադրող Ռաֆայել Բաբայանին, ով այդ ժամանակ աշխատում էր «Անցյալի արձագանքներ» ֆիլմի վրա: Այդ ծանոթությունը ճակատագրական եղավ ինձ համար: Նա առաջարկեց լինել իր ասիստենտը: Մենք չորս ամսով մեկնեցինք Մերձբալթիկա նկարահանումների: Ես մտերմացա կինոյի աշխարհի ճանաչված գործիչների հետ: Ֆիլմի գլխավոր դերակատարներն էին ՍՍՀՄ ժողովրդական արտիստներ Խորեն Աբրահամյանը, Յուրի Յարվետը, Էդուարդ Մարցևիչը, բեմադրող ռեժիսորը Գրիգոր Մելի-Ավագյանն էր, օպերատորը` Ալբերտ Յավուրյանը: Նրանց բոլորի հետ իմ մտերմությունը շատ բան տվեց ինձ, դարձավ շրջադարձային ինձ համար. Ես մտա պրոֆեսիոնալ նկարչության աշխարհ. սկսեցի ձևավորումներ անել ֆիլմերի ու թատրոնների համար: 

-Ո՞վ է եղել Ձեր առաջին ուսուցիչը:

Առաջին ուսուցիչս Լենինականի նկարչական դպրոցում Հակոբ Անանիկյանն էր, ով շատ լուրջ նկարիչ էր, սքանչելի էներգետիկայով, որը փոխանցում էր իր աշակերտներին և իր գործերն էլ իր նման կոլորիտով հագեցած էին: Արտակարգ հետաքրքիր ու բարի մարդ էր: Պատմում էին, թե ինչպես Ջաջուռի սարերում նկարելիս գյուղացի երեխաների չարաճճի խումբը խանգարել էր Հակոբին, վերջապես համբերությունը հատած` նկարիչը  վրձինը դնում ու քշում է աներես մանչուկներին: Սակայն նրանցից մեկը, բոկոտն ու լռակյաց մի տղա, որ մինչ այդ էլ հեռու նստած հետևում էր նկարչին` չի շարժվում նստած տեղից: Անանիկյանը զգում է, որ մանչուկին հետաքրքրել է իր գործը: Սկսում է նկարել , հետն էլ զրուցել ջաջուռցի երեխայի հետ: Քիչ անց տրամադրում է ներկ ու վրձին նկարելու համար: Ամեն ինչ վերջանում է նրանով, որ Հակոբ Անանիկյանը այդ օրը վերադառնում է Լենինական, առանց իր էտյուդնիկի, կտավների, ներկուվրձինների. նվիրել էր շնոհալի պատանուն: Տարիներ անց ջաջուռցի այդ պատանին պիտի վերադառնար Լենինգրադից` գեղարվեստի ակադեմիան ավարտած, որպեսզի շատ արագ ճանաչվեր որպես մեր բոլոր ժամանակների լավագույն գեղանկարիչներից մեկը` Մինաս Ավետիսյանը:

-Ո՞ր նկարիչների արվեստն է ուղղորդել Ձեզ:

-Ազդվել եմ Բոտիչելիից, Դալիից, Պիկասոյից և նրանց, նույնիսկ,  նախանձել եմ : Հիմա էլ, որ նայում եմ, զգում եմ` որ անհասնելի են : 
Սամվել Սևադա 

-«Իզմեր» -ից ո՞րն է Ձեզ հարազատ:

-Ես իմպրեսիոնիստ եմ իմ տեսակով. առաջին տպավորության տակ եմ աշխատում`նկարում ու գրում,  անկախ նրանից, թե ինչ եմ նկարում կամ գրում….ես չեմ խմբագրում` ինչ գրեցի`գրեցի, ինչ նկարեցի` նկարեցի… 

-Ո՞վ է Ձեր հերոսը:

Սամվել Սևադա
-Յուրաքանչյուր նկարչի համար առաջին հերթին ինքն է իր հերոսը. իր ներաշխարհը, հույզերն ու մտածումները: Ինչ էլ նկարում ես, դու ես. պարտադիր չի լինի ինքնանկար. յուրաքանչյուր նկար իր էության մեջ ինքնանկար է: Առհասարակ, ցանկացած ստեղծագործությանս մեջ ես եմ հերոսս, մի բանաստեղծություն ունեմ` «Բաց նամակ առ Հայաստան» (ԱՄՆ- ում եմ գրել. կարծես, սփյուռքում ապրող հայերի համար գրված լինի), որտեղ ինքս ինձ Դոն  Կիխոտին եմ նմանեցրել. 
Իմ փոքրիկ երկիր, 
անսաղավարտ, անսեր ու վշտակերպ ասպետ,
անհայրենիք ուրու,
անմիտ կռվի բռնված երկաթ-բետոնե հողմաղացների դեմ,
թե ու՞մ պիտի հաղթեմ արդյոք,
և որ կույսի պատվի համար …

-21-րդ դարը նոր մտածողություն է բերել իր հետ բոլոր ասպարեզներում. նկարչության մեջ այն տարբեր փորձարարություններով է դրսևորվում. ինչպե՞ս եք վերաբերվում մեր դարի մատուցած ազատությանը:

Սամվել Սևադա
-21 – րդ դարը իսկական հնոց է դարձել. Աստվածաշնչյան Սոդոմ-Գոմորի պատկերն է հիմա, և պատահական չէ, որ հաճախ է խոսվում Ահեղ դատաստանի մասին . այդ զգացողությունն օդում կախված է: Մարդկային մտածողությունը ծայրահեղությունների է հասնում այս ժամակաշրջանում: Հուսանք, որ այս քաոսը ժամանակավոր է և կպարզվի: Այդուհանդերձ, այսօր էլ արվեստում նոր ու հանճարեղ մոտեցումներ կան:  Քաոսն էլ գուցե բնական է. առաջներում արվեստն ուղղորդվում էր ինչ-որ կողմից…: Այսօրվա քաոսը կոչում են ազատություն, ու այդ ազատության անվան տակ ժողովրդի լեզվով ասած` «արժող-չարժողը» զբաղվում է արվեստով: Ասում են `ազատ է-ազատ է, ես աբստրակտ եմ նկարում, բայց իրականում նկարել չգիտե. աբստրակտ նկարելու համար էլ պետք է նկարչական կատարյալ կռթություն ստանալ, հոգով ու սրտով նկարիչ  լինել, շատերին թվում է, թե Պիկասոն հենց էնպես վերցրեց ու սկսեց նկարել, այնինչ, Պիկասոյի վաղ շրջանի գործերը նայելիս, տեսնում ենք, որ Լեոնարդոյի նման նկարել է.հետո բնական ճանապարով ներսում ծնվել են նոր որոնումներ,,,,
Նկարիչներին առաջին հերթին ճիշտ մտածողություն է պետք , հետո աչք ու ձեռք, քչերին է տրված տեսնելը… Երջանիկ է նա` ով ունի այդ ամենը…
 
Հարցազրույցը` Զարուհի Դիլանյանի
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries