A+ A A-

Վալենտինո.իտալական նորաձևության արքա

ՎալենտինոՆրա անունն իտալական ոճի հոմանիշն է դարձել: Վալենտինոն իտալական նորաձևության արքաներից է: Նա առաջին իտալացին էր, որ գրավեց նորաձևության ամրոց Փարիզը և արդեն 40 տարի համարվում է աշխարհի շքեղագույն մոդելյերներից մեկը: Նա  12 հեղինակավոր մրցանակների տեր է: Valentino հագուստը ընդգրկված է աշխարհի 12 թանգարանային հավաքածուներում: 
Վալենտինո Գարավանին ծնվել է 1932 թվականի մայիսի 11-ին Իտալիայի հյուսիսում: Ապագա մոդելյերի ընտանիքը տեղացի ընտանիքներից առանձնապես ոչնչով չէր տարբերվում: 
Լռակյաց ու լուրջ տղան մանկուց սիրում էր նկարել: Նրան գրավում էին ծաղիկները, ծառերը, բլուրներն ու մարդիկ: Դեռահաս տարիքում Վալենտինոն հայտարարեց, որ ցանկանում է մոդելյեր դառնալ. չէ՞ որ դասագրքերի ու տետրերի բոլոր էջերին նա մոդելներ էր նկարում: Պետք է շնորհակալ լինել նրա ծնողներին, որոնք խոչընդոտ չհանդիսացան ապագա կուտյուրեի կերտման ճանապարհին, թեև երազում էին, որ որդին եթե ոչ իրավաբան, ապա գոնե բժիշկ դառնա:
Գարավանի ընտանիքն առաձնապես ապահովված չէր, սակայն հայրը ֆինանսավորում էր որդու ուսումը իտալական նորաձևության դպրոցում: Սակայն անհագ երիտասարդը շտապում էր Փարիզ` նորաձևության մայրաքաղաք: Դեռ դպրոցում նա ֆրանսերեն էր սովորում և ուսումնասիրում էր նորաձևության ուղղությունները: Խրախուսելով որդուն` հայրը ֆինանսավորում է Փարիզում նրա ուսումը: Գարավանին Փարիզ է գալիս 1950 թվականին և ընդունվում նորաձևության դպրոց:
Փարիզը ցնցում է Վալենտինոյին հետաքրքիր իրերի ու երևույթների առատությամբ:Վալենտինո Ուսումից բացի նա զբաղվում էր պարով և թատրոնով:
Ուսման ութ տարիները Վալենտինոյի համար հիմք են հանդիսանում, որի վրա կառուցվում է նրա մշտական հաջողությունը: Խոստումնալից երիտասարդին իր մոտ է վերցնում հմուտ և հայտնի մոդելյեր Ժան Դեսսեն: Նա ասում էր Վալենտինոյին. «Դու հասկանու՞մ ես, որ այն կինը, ում համար դու հագուստ կկարես, պետք է այնքան գրավիչ լինի, որ բոլորը ցանկանան մերկացնել նրան»:
Հենց այդ ժամանակ ձևավորվում է Վալենտինոյի ստեղծագործական կրեդոն. ընդգծել կանացի գեղեցկությունը, կնոջը գրավիչ դարձնել: «Չեմ կարծում, թե տղամարդիկ ցանկանում են իրենց կողքին տեսնել տղայի պես հագնված կնոջ»: Եվ իսկապես, Վալենտինոյի հագուստները պարուրված են սեքսուալությամբ և կանացիությամբ:
1950-ականների վերջին Վալենտինոն վերադառնում է Հռոմ, որտեղ բացում է իր առաջին արհեստանոցը: 1959 թվականին ներկայացվում է նրա առաջին հավաքածուն, որը մեծ հաջողություն է ունենում:
Սակայն իրական համաշխարհային ճանաչում նա ձեռք է բերում 1962 թվականին Ֆլորենցիայում: Այդ ժամանակ Վալենտինոն ներկայացնում է իր Pitti Palace հավաքածուն: Նա բազմաթիվ պատվերներ է ստանում: Շուտով պարզվում է, որ նորաձևության աշխարհում ևս մեկ աստղ է ծագել:
Գարավանին բացում է իր նորաձևության տունը: Բացվում է նրա առաջին բուտիկը: Վալենտինոն հիշում է, որ իր առաջին հաճախորդը Էլիզաբեթ Թեյլորն էր, ով գնեց դեկոլտեով սպիտակ զգեստ: Վալենտինոն դառնում է հոլիվուդյան մոդելյերը, ով հագուստներ էր կարում Օդրի Հեփբերնի, Գրեյս Քելլիի, Սոֆի Լորենի, Շերոն Ստոունի, Քորթնի Լավի և այլոց համար:
Հայտնի մոդելյերի պատվիրատուների ցուցակը չի սահմանափակվում միայն հոլիվուդյան աստղերով. նրա մոտ հագուստ են պատվիրում արքայադուստրեր և թագուհիներ: 
1967 թվականին 35-ամյա կուտյուրեն ցնցում է աշխարհն իր նոր հավաքածուով: Դա «Սպիտակ հավաքածուն» էր (White collection), որը նվիրված էր Ժակլին Քենեդուն: Հավաքածուն անվանում են մոդելյերի գլուխգործոցը: 
Սպիտակը Վալենտինոյի սիրած գույնն է, «Սպիտակ հավաքածուից» հետո նա սպիտակն իր հաջողակ գույնն է համարում և շարունակում է փորձարկումներ անել դրա հետ: Հատկապես հաջողվում են հարսի զգեստները, որտեղ համադրված են շքեղությունն ու կանացիությունը: 
1960-ականների վերջին Վալենտինոն ծանոթանում է Ջանկարլո Ջիամետտիի հետ, ով այն ժամանակ ճարտարապետություն էր ուսումնասիրում: Ջիամետտին թողնում է ուսումը, որպեսզի դառնա Վալենտինոյի գործընկերը: Հենց նրա շնորհիվ Վալենտինոյի նորաձևության տունը մեծ հաջողությու է ունենում և վերածվում է նորաձևության կայսրության: Բուտիկներ են բացվում Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում:
1975 թվականից Վալենտինոն պարբերաբար մասնակցում է Փարիզի նորաձևության շաբաթներին: Շուտով նրա բուտիկները սովորական խանութներից վերածվում են իսկական դղյակների: Նա համարում է, որ իր հաճախորդ կանայք իրենց պետք է իսկական թագուհի զգան: Կանանց սուրճ են հյուրասիրում, առաջարկում են նստել XVIII դարի բազմոցներին:
2008 թվականի սկզբին Վալենտինոն լքեց նորաձևության աշխարհը: Ոչ, նա չմահացավ. լեգենդար մոդելյերը պարզապես ընդմիշտ հրաժեշտ տվեց նորաձևությանը:
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries