A+ A A-

Ֆրանսիայի առաջին տիկինը. Վալերի Տրիերվեյլեր

Ֆրանսուա Օլանդն և Վալերի ՏրիերվեյլերըՆիկոլա Սարկոզիի և Կառլա Բրունիի իշխանության վերջն եկավ: Ֆրանսիայի նոր նախագահը` 57-ամյա Ֆրանսուա Օլանդն ու նրա ընկերուհին` 47-ամյա Վալերի Տրիերվեյլերը տեղափոխվեցին Ելիսեյան պալատ: 
Ֆրանսուհիները չէին սիրում 44-ամյա Կառլա Բրունիին: Ախր շատ էր սովորական կանանց և նախկին սուպերմոդել-երգչուհու միջև տարբերությունը: Իսկ ահա 47-ամյա նոր առաջին տիկինն ունի բոլոր շանսերը ազգի սիրելին դառնալու համար:
Վալերի Տրիերվեյլերը լրագրող է, աշխատում է  Paris Match պարբերականում որպես քաղաքական մեկնաբան: Երկու անգամ ամուսնալուծված է եղել, ունի երեք որդի: Տրիերվեյլերը ծնվել է շատ համեստ ընտանիքում, և հաջողության իր ուղին դժվար թե հնարավոր լինի հեշտ անվանել: Այնուամենայնիվ նա կարողացել է Սորբոնի դիպլոմ և լավ աշխատանք ստանալ:
Ի դեպ Տրիերվեյլերը Ֆրանսիայի պատմության մեջ առաջին տիկինն է, ով ամուսնացած չէ: Դեռևս նա նախագահի սիրուհու կարգավիճակում է: «Անկեղծ ասած դա ինձ քիչ է մտահոգում: Կան ավելի լուրջ խնդիրներ: Իսկ մեր ամուսնության հարցը միայն մեզ է վերաբերում»,- ասել է նա: Զույգը չի օրինականացրել իր հարաբերություններն անգամ ընտրություններից առաջ, թեև դա լավ կազդեր Օլանդի վարկանիշի վրա:
Վալերին շատ ինքնուրույն կին է: Չնայած իր կարգավիճակին` նա հայտարարել է, որ չի պատրաստվում թողնել լրագրությունն ու կշարունակի իր աշխատանքը: Ի դեպ հենց շնորհիվ իր աշխատանքի է նա ծանոթացել ապագա նախագահի հետ: Նրանք ծանոթացել են 1988 թվականին. Վալերին 23-ամյա լրագրող էր, իսկ Օլանդը` 34-ամյա պատգամավոր: Այդ ժամանակ ռոմանտիկայի մասին խոսք անգամ գնալ չէր կարող: Երկուսն էլ ազատ չէին: Թեև պաշտոնապես Օլանդը երբեք ամուսնացած չի եղել: Մինչև 2007 թվականը նա քաղաքացիական ամուսնությամբ կապված էր Սոցիալիստական կուսակցության նախկին առաջնորդ Սեգոլեն Ռուայալի հետ, ով նրան չորս երեխա է պարգևել:  Ռուայալն մասնակցում էր 2007 թվականի նախագահական ընտրություններին, իսկ դրանից որոշ ժամանակ անց իմացել էր, որ Օլանդն արդեն երկու տարի է, ինչ դավաճանում էր իրեն լրագրող Վալերի Տրիերվեյլերի հետ: Ընտրություններում ձախողումից հետո Սեգոլենը լքում է Օլանդին: Վալերին նույնպես լքում է իր ամուսնուն: Հետագայում Elle ամսագրին տված հարցազրույցում Վալերին խոստովանել է, որ Ֆրանսուա Օլանդն իր կյանքի տղամարդն է: 
Խիստ բնավորության պատճառով Վալերիին «ռոտվեյլեր» են ասում: Դա եղավ այն բանից
Կառլա Բրունի և Վալերի Տրիերվեյլեր
 հետո, երբ Վալերին ապտակեց իր կոլեգաներից մեկին, ով իբր սեքսիստական մտքեր էր արտահայում: 
Նախընտրական արշավի ժամանակ Վալերին երկարատև ընդմիջում վերցրեց: Ապագա առաջին տիկինը բազմաթիվ գործեր ուներ. նա ստիպեց Ֆրանսուային 15 կիլոգրամ նիհարել, խմբագրում էր նրա ճառերը, հանդես էր գալիս որպես սիրելիի ոճաբան:
Ոճի հարցում Վալերին Կառլա Բրունիի հակապատկերն է: Եթե Կառլային հետաքրքրում էր, թե ինչպիսի տեսք ինքն ունի այս կամ այն հագուստով, ապա Վալերիին նման բաները չեն մտահոգում: Նա հետաքրքրվում է քաղաքականությամբ: Շքեղության հանդեպ սիրո պատճառով Բրունիին բազմիցս համեմատել են Մարիա Անտուանետայի հետ: Վալերին չափազանց խելացի է, որպեսզի հակակրանք առաջացնի մարդկանց մոտ: «Նախընտրում եմ Georges Rech, Apostrophe, Escada և Max Mara ապրանքանիշերը: Ես երբեք դիզայներական հագուստ չեմ կրել»,- ասում է նա: Իսկ Կառլա Բրունին նախընտրում էր կրել Chanel և Сhristian Dior: 
Առաջին տիկնոջ իր կարիերան Վալերի Տրիերվեյլերը սկսել է սկանդալով: Նրա պատճառով ֆրանսիական RTL ռադիոկայանի լրագրող Պիեր Սալվյակը զրկվել է աշխատանքից: Սալվյակը Վալերիի հասցեին վիրավորական կատակ էր հնչեցրել: Այն էլ Twitter-ի իր էջում. «Դիմում եմ իմ կին աշխատակցուհիներին. սեքսով զբաղվեք օգուտով, ո՞վ գիտի` գուցե դուք էլ հետո դառնաք Ֆրանսիայի առաջին տիկին»: Այդ գրությունը մեծ արձագանք ստացավ հասարակության շրջանում: Սալվյակը ջնջեց այն և ներողություն խնդրեց, սակայն դա նրան չփրկեց:
Իսկ ինչ վերաբերում է Նիկոլա Սարկոզիին, ապա նա մտադիր է լքել քաղաքականությունն ու զբաղվել փաստաբանական կարիերայով: «Ես չափազանց շատ եմ սիրում կյանքը, որպեսզի տխրեմ»,- ասել է նա: Իսկ Կառլան պատրաստվում է վերադառնալ երաժշտական աշխարհ: Տարվա վերջին կթողարկվի նրա նոր ձայնասկավառակը:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries