A+ A A-

Հելեն Հանտ

Հելեն ՀանտՊատկերացրեք մի շիկահեր կնոջ: Իհարկե` բնական շիկահերի: Երկնագույն աչքերով: Բնականաբար սլացիկ ու գրավիչ կառուցվածքով: Նա ապրում է Հոլիվուդում: Ավելին` հեռուստատեսության և կինոյի աստղ է: «Ահ, նրա նմանները հարյուրավոր են» ,- կասեք դուք: Բայց մեր շիկահերը խելացի է: Եվ բարձր բարոյականության տեր մարդ:
Աստղային կյանքը կանխագուշակված էր Հելեն Հանտի համար դեռ մանկուց: Կապուտաչյա շիկահեր աղջնակը ծնվել է ռեժիսոր-հոր և լուսանկարիչ-մոր ընտանիքում: Զարմանալի չէ, որ ութ տարեկանում նա իր անձնական գործակալն ուներ:
 Զարմանալի է միայն այն, որ աղջնակը չվարակվեց աստղային հիվանդությամբ: Նա մեկը մյուսի հետևից նկարահանվում էր հեռուստասերիալներում և գերազանց սովորում կաթոլիկ-դպրոցում: Անգամ դեռահաս տարիքում Հելենին հնարավոր չէր տեսնել պարահրապարակում կամ էլ որևէ խնջույքի: Նա գերադասում էր ժամերով հին ֆիլմեր դիտել, որպեսզի հետո ուսումնասիրի և վերլուծի մեծն դերասանների վարպետությունը: 
Համադասարանցիները տեսնում էին նրան հեռուստացույցով, իսկ երբ 1975 թվականին 12-ամյա Հելենը նկարահանվեց «Ռոբինզոնների շվեյցարական ընտանիքը» ֆիլմում, նրա մասին իմացան բոլորը: Բայց անգամ այդ ժամանակ աղջնակից չէիք լսի նման արտահայտություններ. «Վայ, մի՞թե հիմա նման զգեստներ են կրում: Այ օրինակ մեզ մոտ` Հոլիվուդում...» կամ «Վայ, գիտե՞ս, չեմ կարող գալ ծննդյանդ տոնին, քանի որ այդ օրը ֆիլմի պրեմիերայի եմ հրավիրված»: Հելենը համեստ, սուսիկ-փուսիկ աղջիկ էր: 
Ծնողներն ամեն կերպ խրախուսում էին դերասանուհի դառնալու Հելենի ձգտումը, բայց աղջկա վարքը զարմացնում էր նրանց. մի՞թե իսկական աստղն իրեն այդպես պետք է պահի: Նա պետք է շողա, փայլի, հիացմունք և անգամ նախանձ առաջացնի: Ի՞նչ կլինի փոքրիկ Հելենի հետ առանց ծնողների աջակցության: Ախր նա ընդհանրապես մարտիկ չէ: Նա կկորի հոլիվուդյան ջունգլիներում, և այդ ժամանակ անգամ տաղանդը չի փրկի իրեն: Ծնողները որոշեցին հետաձգել ամուսնալուծությունը, մինչև դստերը ոտքի չկանգնեցնեն:
Հելենը տեղյակ չէր, որ ծնողերն արդեն երկար ժամանակ է նույն տանն են ապրել միայն հանուն դստեր: Բայց երբ 18-ամյա Հելենն ընդունվեց համալսարան, ծնողները միանգամից բաժանվեցին: Ծնողների ամուսնալուծությունը Հելենի համար ոչ միայն մեծ հարված էր, այլև պատճառ միացնելու հզորության ներքին շարժիչը: Համեստ աղջիկը թողեց համալսարանն ու մեկնեց Նյու-Յորք: Այնտեղ Հանտն անում էր ամեն տեսակի աշխատանք, անդադար մասնակցում քասթինգների, խաղում երկրորդական դերերում, մնում նկարահանման հրապարակներում, անգամ եթե իրեն չէին նկարում: Շատ շուտով նրան գիտեին բոլորը` սկսած ռեժիսորներից, վերջացրած հավաքարարներով: Պրոդյուսերներն ու դիմահարդարներն այլևս չէին առաջարկում նրան դիմել պլաստիկ վիրահատության` կարճացնելու քիթն ու մեծացնելու կուրծքը: Ինչ-ինչ, բայց արտաքինի շուրջ բարդույթներ Հելենը երբեք չի ունեցել: Իսկ ահա սուր միտք ու լեզու նա ուներ:
Նախկին սուսիկ-փուսիկ աղջկա սրամտությունը դարձավ նրա այցեքարտը: Նրա մեկնաբանություններն ու կատակները մեկ անգամ չէ, որ ընդգրկվել են սցենարներում: Այս շիկահերը ոչ միայն հմայիչ է, այլև նրա հետ աշխատելն է հաճելի: 1986 թվականին նրան հրավիրում են նկարահանվելու «Պեգգի Սյուն ամուսնացել է» ֆիլմում, և Հելեն Հանտը հասկանում է, որ սա հրավեր է դեպի Մեծ Կինո:
Եվ իսկապես, մեկը մյուսի հետևից նրան հրավիրում էին նկարահանվելու ֆիլմերում, միայն թե դերերը ոչ թե երկրորդական էին, այլ էպիզոդիկ: Դա չափից դուրս տարօրինակ էր հենց Հելենի համար: Չէ՞ որ մանկուց նա փայլում էր էկրաններին և արդեն իսկ բազմաթիվ մրցանակներ էր ստացել: Միայն թե մեծ էկրանը չէր ցանկանում ընդունել նրան: Հելեն Հանտ
Հելենը տարվեց փառքի հասնելու գաղափարով: Հիմա նա անում էր ամենը, որպեսզի հասնի մեծ փառքի և ճանաչվածության: Մեկ տարի անց նրա ձեռքերում էր արդեն արժանի Օսկարը: Կոլեգաները շնորհավորում էին Հելենին, իսկ ծնողների ուրախության չափ ու սահման չկար: 
Հելենի հետագա աշխատանքները հաստատեցին նրա մեգա-դերասանուհու տիտղոսը: Նա խաղաց Մել Գիփսոնի, Թոմ Հենքսի, Ռիչարդ գիրի և Քեվին Սփեյսի հետ: Իհարկե լրագրողները նրան կապում էին այս բոլոր դերասանների հետ, բայց իրականում Հելենը պարզապես ժամանակ չուներ որևէ սիրավեպի համար:  Երկար տարիներ նա հանդիպում էր դերասան Հենք Ազարիայի հետ, ում հետ էլ ամուսնանում է յոթ տարիների համատեղ կյանքից հետ: Սակայն տասնմեկ ամիս անց զույգը բաժանվում է, քանի որ նրանք ձանձրանում էին միմյանց հետ:
Հանտն արդեն 35 տարեկան էր: Երեխաներ չուներ: Անձնական կյանքի հեռանկար` նույնպես: Սիրահարված երկրպագուները չէին գիշերում նրա դռան դիմաց, ծաղիկներ չէին նետում նրա ոտքերի տակ, ադամանդներ չէին նվիրում: Առաջին անգամ նա որոշում է` վերջ, ոչ ոք էլ ինձ պետք չէ, կապրեմ մենակ: Ես ունեմ սիրելի ծնողներ և սիրված աշխատանք, դա ինձ բավական է: Բացի այդ` Օսկար էլ ունեմ: Բայց ճակատագիրը նրա համար ուրիշ անակնկալ էր պատրաստել: Նա ծանոթանում է Մեթյու Կարնախանի հետ: Մեկ ամիս անց Կարնախանն ամուսնալուծվում է և ամուսնանում Հելենի հետ: 2004 թվականի մայիսի 13-ին 41ա-մյա Հանտը մայրանում է` լույս աշխարհ բերելով իր նման կապուտաչյա և շիկահեր մի աղջկա: 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries