A+ A A-

Քըրք Քըրքորյան. բարի ժպիտով հայ միլիարդատերը

Քըրք Քըրքորյան
«Ես չեմ սպասում մինչև գներն առավելագույնի հասնեն,
քանզի գներն անսպասելի ընկնելու սովորություն էլ ունեն.
ես քայլ եմ անում այն ժամանակ, երբ շահույթն արդարացված է»:
Քըրք Քըրքորյան
Հունիսի 6-ին լրացավ հայազգի միլիարդատեր ու բարերար Քըրք Քըրքորյանի 94-ամյակը: Բարի ժպիտով հայ գործարարը (իսկական անունը` Գրիգոր Ահարոնի Գրիգորյան) ծնվել է 1917 թվականին ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում` 1890 թվականին Խարբերդից ջարդերի պատճառով Միացյալ Նահանգներ գաղթած Գրիգորյանների ընտանիքում: Հայրը՝ Ահարոնը, իր բազմանդամ ընտանիքը պահում էր միրգ վաճառելու միջոցով: Համաձայն կենսագիրների` ծնողները` Ահարոնն ու Լիլյան, իրենց չորս զավակներին հայեցի դաստիարակություն էին տալիս, ասես դեռևս բնակվում էին Արևմտյան Հայաստանում և հայ հասարակության մեջ: «Մեր ընտանիքում խոսում էին միմիայն հայերեն: Անգլերեն ես սովորել եմ բակում ընկերներիս հետ խաղալիս»,- իր հարցազրույցներում բազմիցս ասել է Քըրքորյանը:
Գրիգորը մանկության տարիներից գումար է աշխատել, թերթ է վաճառել, զբաղվել մեքենաների լվացմամբ ու վերանորոգմամբ: Այնուհետև նա եղել է բռնցքամարտիկ, անգամ` սիրողական բռնցքամարտի չեմպիոն, ինչպես նաև ռազմաօդային ուժերի օդաչու, մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին, զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով, ապա` կինոարտադրությամբ, կառուցել է Լաս ՎեգասիՔըրք Քըրքորյան «Ֆլամենգո», «Էմ Ջի Գրանդ» և այլ հյուրանոցներ` այդպես քայլ առ քայլ սեփական ուժերով կուտակել է իր ունեցվածքը: Արագ թանկացող Լաս Վեգասի հողերը Քըրքորյանը սկսեց գնել 60-ականներին: Սթրիփ շրջանի 8 հեկտարները նա ձեռք բերեց ընդամենը 960.000 դոլարով, քանի որ այդ շրջանը հեռու էր կենտրոնական հյուրանոցներից և խաղատներից, սակայն մի քանի տարի անց քաղաքն ընդլայնվեց, ու միայն հողերը վարձակալության հանձնելով` Քըրքորյանին հաջողվեց ընդամենը վեց տարում ունեցալ 4 մլն դոլարի շահույթ: Իր Trasinda Corporation ընկերությունը Քըրքորյանն անվանել է իր դուստրերի՝ Թրեյսիի ու Լինդայի պատվին: Forbes հեղինակավոր ամսագիրն ընդգրկել է նրան աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Այնուհանդերձ, Քըրքորյանը շատ համեստ ու բարեսիրտ անձ է. ի պատասխան լրագրողների հարցերին` նա սովորաբար ասում է. «Իմ կյանքի մասին ավելի լավ իմ գործերն են պատմում»: Քըրք Քըրքորյանը հազվադեպ է իր ընկերությունների տնօրենների խորհրդի քննարկումներում հայտնվում, իսկ հասարակության առջև գրեթե երբեք ելույթներ չի ունենում: Բարձրաշխարհիկ երեկույթներին մասնակցելու փոխարեն` նա նախընտրում է իր ընտանիքի անդամների, մտերիմների ու հին ընկերների հետ շփվել:
Հարկ է խոսել նաև իր հայրենիքին ցուցաբերած զգալի օգնության մասին. Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին Հայաստան Համահայկական Հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն դոլար, իսկ առաջին խոշոր հատկացումը կատարել է 1993թ.՝ եռապատկելով «Ձմեռ 1993-1994» վառելանյութի ու ջեռուցման ծրագրի համար Սփյուռքի հավաքած 7 մլն դոլարը։ 1996թ. նա կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնում հավաքված գումարը՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով գրեթե 4 մլն. դոլար: 2001 թվականից Քըրք Քըրքորյաննրա «Լինս» հիմնադրամը 200 մլն դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում` ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային զանազան հաստատությունների նորոգման, Աղետի գոտու վերականգնման ուղղությամբ։
Վերջերս Քըրքորյանին մեղադրանքներ է ներկայացրել վրացական ընդդիմությունը` ասելով` իբր «Սաակաշվիլիին մեզ ուղարկել է ոչ թե Աստված, այլ` Քըրք Քըրքորյանը»: Ինչպես պնդում է ընդդիմադիր Շատբերաշվիլին, Սահակաշվիլին կատարում է Քըրքորյանի հրահանգները` միաժամանակ հետևելով ԱՄՆ-ում հայկական լոբբիի ցուցումներին:
Լինելով մեծահարուստ և ամեն ինչի հասնելով միմիայն սեփական ունակությունների ու կամքի շնորհիվ` Քըրք Քըրքորյանը երբեք չի ժխտել իր` հայ լինելու հանգամանքը` ամենօրհասական պահերին կանգնելով իր ժողովրդի կողքին:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries