Իրան-Ադրբեջան հարաբերությունները շարունակում են լարված մնալ
- Մանրամասն

Իրան-Ադրբեջան հարաբերությունները սրվեցին այն ժամանակ, երբ ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի մի խումբ ակտիվիստներ Բաքվում` Իրանի դեսպանատան առաջ ցույց կազմակերպեցին: Ակցիան կազմակերպվել էր «Իրան» պարբերականի իրանաբնակ ադրբեջանցիների վիրավորական ծաղրանկարներ պարունակող հրատարակման 5-ամյակի կապակցությամբ: Այդ ամենից հետո Ադրբեջանում Իրանի դեսպան Մեմեդբաղիր Բահրամին Թեհրան վերադարձավ` քաղաքական խորհրդակցությունների նպատակով: Իրանական կողմն իր որոշումը պատճառաբանում էր Ադրբեջանի տարածքում կրոնական սրբությունների պղծումով, սակայն չէր մանրամասնում, թե ինչ նկատի ունի պղծումներ ասելով: Ադրբեջանը էլ Թեհրանից հետ կանչեց իր դեսպանին՝ կրկին խորհրդակցությունների նպատակով: Օրերս հայտնի դարձավ, որ Իրանի դեսպան Մոհամադբաղիր Բահրամին վերադարձել է Ադրբեջան եւ անցել իր պարտականությունների կատարմանը։ Եվս մեկ հանգամանք, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունների վատթարացման պատճառ դարձավ. Ադրբեջանում ձերբակալվեցին մի խումբ մարդիկ, որոնք, ինչպես հաղորդվում էր, կապեր ունեին Իրանի հետ ու մտադիր էին Ադրբեջանի տարածքում ահաբեկչական հարձակումներ կազմակերպել՝ խարխլելու համար իշխանությունը: Սրանից բացի, Ադրբեջանի ու Իսրայելի կապերի սերտացումը ևս վատթարացրեց Իրան-Ադրբեջան հարաբերությունները, մասնավորապես, երբ հաղորդվեց, որ Ադրբեջանը Իսրայելից մեծ քանակությամբ զենք է գնում, ինչը առաջացրեց Թեհրանի մտահոգությունը, քանի որ Իրանը Իսրայելին թշնամի երկիր է համարում: Ադրբեջանի իշխանությունները արգելելեցին իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի մուտքը Ադրբեջանի տարածք: Հետո էլ հայտնի դարձավ, որ Իրանում անհետացել են ադրբեջանցի երկու երիտասարդ գրող` 24-ամյա Ֆարիդ Հուսեյնը և 22-ամյա Շախրիյար Գաջիզադեն: Ադրբեջանը Իրանին մի քանի նոտա ներկայացրեց՝ կրկին ու կրկին պահանջելով հստակություն մտցնել Իրանի Թավրիզ քաղաքում անհետացած ադրբեջանցի բանաստեղծների հարցում: Հունիսի 22-ին իրանական կողմը պատասխանեց Ադրբեջանին՝ հայտարարելով, որ բանաստեղծները կալանավորվել են հանցագործություն կատարելու փորձի պատճառով: Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցի բանաստեղծները ձերբակալվել են Իսրայելի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով: Վերջերս մի խումբ ադրբեջանցի գրողներ դիմում են ուղարկել իրենց իրանցի գործընկերներին: Փաստաթղթում ասված է, որ ադրբեջանցի բանաստեղծներին ձերբակալել են առանց հիմնավորումների: Ադրբեջանցի որոշ պաշտոնյաներ սկսեցին հարաբերությունների վատացման հետևում հայկական ստվեր փնտրել: «Իրանը իրեն համարում է իսլամական պետություն, սակայն բարեկամական հարաբերություններ է պահպանում մահմեդականների արյունը թափող Հայաստանի հետ», - Միլի մեջլիսում հայտարարել է պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլին: Իշխող կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ էլ` Գանիրա Փաշաեւան հայտարարել է. «Շատ ավելի լավ կլիներ, եթե իրանցիները նույնքան սուր կերպով արձագանքեին 20 տարի առաջ, երբ հայերը գրավում էին Շուշին»: Ստեղծված իրավիճակը չէր կարող չանդրադառնալ հայ-իրանական հարաբերությունների վրա: Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունների վատացումը տրամաբանորեն ընդլայնում է Թեհրանի հարաբերությունները Երեւանի հետ: Ադրբեջանն ու Իրանը մահմեդական պետություններ են, և Բաքուն նախկինում շահարկում էր Հայաստանի՝ քրիստոնեական պետություն լինելու հանգմանքն ու ձգտում հակամարտությունը ներկայացնել իբրև կրոնական եւ Իրանից Հայաստանի դեմ ճնշումներ էր պահանջում: Այժմ կարող ենք ակնկալել, որ Ադրբեջան-Իրան հաբարերությունների վատթարացման ու Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների էլ ավելի սերտացման ֆոնին հայ-իրանական հարաբերություններում նոր մակարդակ կլինի: