A+ A A-

Վաշաձեն ու Նալբանդյանը քննարկել են վիրահայության խնդիրները

Էդվարդ Նալբանդյան և Գրիգոլ ՎաշաձեԵրեկ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան աշխատանքային այցով ժամանած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը: Ողջունելով գործընկերոջը` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ փոխըմբռնման մթնոլորտում անցնող բարձր մակարդակի պարբերական շփումները կողմերի միջև հնարավորություն են ընձեռնում հետևելու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ, նախանշելու երկկողմ համագործակցության նոր ուղիներ: Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Վրաստանի արտգործնախարարն իր հերթին ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս հնարավորինս արդյունավետ կերպով կյանքի կոչել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը և կարգավորել խնդիրները: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, էներգետիկ փոխգործակցության ապահովման և հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման հարցերը: Բանակցությունների օրակարգում էին վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծմանը ուղղված ջանքերը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: ԱԳՆ-ն այլ մանրամանսներ չի հայտնում ու հայտնի չէ՝ արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է այն հանգամանքը, որ նախագահ Սաակաշվիլիի վարչակազմը ճնշումներ է գործադրում Ջավախքում՝ բնակչության ընդդիմադիր կեցվածքի պատճառով: Հիշեցնեմ, որ «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի Ախալքալաքի գրասենյակի ղեկավար Գեորգի Ժվանիան վերջերս բարձրաձայնեց ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում իշխանական ճնշումների մասին: Մինչ Երևան ժամանելը Վրաստանի արտաքին գերանտեսչության ղեկավարը հարցազրույց է տվել ռուսական «Эхо Москвы» ռադիոկայանին ու անդրադարձել աբխազական երկաթուղու վերագործարկման ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին: «Ո՞ւմ է պետք այդ երկաթուղին: Այն պետք է Ռուսաստանին:Աբխազական երկաթուղի
 Երկաթուղին անկասկած անհրաժեշտ է Հայաստանին: Երկաթուղին անհրաժեշտ է Վրաստանին: Ահա այստեղ պետք է հարցական նշան դնել: Մի՞թե այն մեզ անհրաժեշտ է: Մենք ունենք ուղիղ չվերթներ: Նախորդ տարի Ռուսաստանից Վրաստան է ժամանել 400,000 զբոսաշրջիկ, իսկ այս տարի մենք ակնկալում ենք, որ այդ ցուցանիշը կկազմի մեկ միլիոն»,- ասելէ Վաշաձեն: Նրա կարծիքով՝ որպեսզի իրենք հայերի ու հնարավոր գործընկեր Ռուսաստանի համար տան իրենց համաձայնությունը, պետք է լուծել մի շարք հարցեր: «Ամենագլխավոր հարցն իրավականն է: Գոյություն ունի վրացական երկաթուղու աբխազական հատված, որը գործնականում կամ փաստացիորեն սեփականաշնորհվել է «Ռուսական երկաթուղու» կողմից: Խնդիրն այդ հատվածի սեփականատիրության իրավունքի մեջ է»,- հայտարարել է նա: Նախարարի համոզմամբ՝ եթե անգամ հիմա իրենք ամեն ինչ մի կողմ դնեն և մտածեն, թե ինչպես վերականգնեն այդ երկաթուղին, ապա շատ դժվար է լինելու փոխընդունելի որոշում գտնելը: Վաշաձեն կարծիք է հայտնել, որ երկաթուղին անհրաժեշտություն է, երկաթուղին ունի ռազմա-քաղաքական նշանակություն, «սակայն պետք չէ ասել, թե Հայաստանը խեղդվում է առանց այդ երկաթուղու»: «Եվ հետո Հայաստանն արտոնյալ պայմաններով օգտվում է Վրաստանի ողջ ենթակառույցներից: Իսկ Ռուսաստանի ինչի՞ն է պետք այն: Վրաստանի հետ կապվելո՞ւ համար: Խիստ կասկածում եմ: Իմ կարծիքով՝ առաջնային նպատակը Գյումրու ռազմաբազայի մատակարարումն է»,- ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է վրացի արտգործնախարարը: Անդրադառնալով անվտանգությանն ու հատկապես տարատեսակ սպառնալիքներին, ապա այս դեպքում, Վաշաձեի խոսքով, իրենք ցուցաբերում են առավելագույն զգուշություն: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա Վրաստանը երջանիկ կլիներ, եթե այն բաց լիներ: «Մենք կլինեինք բացարձակապես երջանիկ: Մեր հայ բարեկամներն էլ են ասում, որ մենք հայ-թուրքական սահմանի բացման գործընթացի ամենամեծ երկրպագուներն ենք: Սակայն, դժբախտաբար, դա տեղի չունեցավ: Ծայրահեղ դեպքում՝ դեռևս»,- ասել է նա: Հարցազրուցի ընթացքում անդրադարձ չի եղել ղարաբաղյան հակամարտության գործընթացին, սակայն Վաշաձեն նախկինում բազմիցս հնչեցրել է իր տեսակետը՝ մասնավորապես հայտարարելով, որ եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ սկսվի, ապա հաղթող կլինի Ռուսաստանը, որը մեկընդմիշտ կկարգավորի Հարավային Կովկասի խնդիրը` հօգուտ իրեն:

Տարածաշրջան - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries